Մեր կողքին ապրող մարդիկ. Ռուիզը

Ռուիզ Կլարկը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

Ամերիկացի կրթության մասնագետ, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ Ռուիզ Կլարկը, հաջողությամբ հանձնելով Հարվարդի համալսարանի քննությունները, սպասում էր վերջին փուլին, որպեսզի մասնակցեր կրթության առաջնորդություն ծրագրին՝ աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկում: Վերջին փուլին մասնակցելուց հետո, սակայն, Հարվարդը մերժեց նրա թեկնածությունը:

Կլարկը, որ բավական հարուստ փորձ ուներ կրթության ոլորտում, աշխատել էր միջազգային կազմակերպություններում, սկսեց դիմել տարբեր հաստիքների: Շուտով մի կազմակերպությունից պատասխան ստացավ՝ Հայաստանում աշխատանք կա: 2019 թվականին Ռուիզ Կլարկը, հայտնվելով մեր երկրում ու աշխատելով այստեղ արդեն գրեթե 4 տարի, ասում է. 

– Այնքա՜ն ուրախ եմ, որ Հարվարդն ինձ մերժեց: Ես մասնագիտացել եմ ճգնաժամային իրավիճակներում կրթության ապահովում թեմայով, և երբ սկսվեց քովիդը, հետո՝ պատերազմը, հասկացա, որ այնտեղ եմ, որտեղ պարտավոր էի լինել: 

Ռուիզի հետ հանդիպել էի ամիսներ առաջ, երբ գնացինք Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Բագարան գյուղի դպրոց: Ճանապարհին նա իր մոր մասին տպավորիչ մի պատմություն պատմեց, շունչս պահած՝ լսեցի ու որոշեցի, որ անպայման պետք է նորից հանդիպենք: Ռուիզի մոր պատմությունը ասես հեքիաթից լինի. այն իսկապես ոգեշնչող է: 

Երբ Կլարկի հետ Բագարանում էինք, ես հետևում էի նրա ու երեխաների շփմանը: Զարմացել էի, որ անգամ լեզուն խոչընդոտ չէր նրանց համար: Ռուիզն այնքան էր չարչարվում, որ ամեն բան հայերեն ասեր՝ սխալներով, անգլերեն «ր» տառի հատուկ շեշտադրմամբ, բայց լեզուն չէր, որ նրանց օգնում էր հաղորդակցվել, այլ՝ պատրաստակամությունը: Ավելուկով ապուր սիրող այս ամերիկացի տղան, որ ճամփորդել է մեր երկրով, ամեն տեղ ունի իր սիրած վայրն ու ուտելիքը, խենթանում է «Լոռի» պանրի համար, կարողացել է սեր տալ Հայաստանին:

Ռուիզի հետ հանդիպեցինք իր աշխատավայրում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում: Նա դիմավորեց ինձ ջերմ ու հյուրընկալ՝ ասես 100 տարվա ծանոթներ լինեինք: 

– Ռուի՛զ, ճիշտն ասա, դու ականջօղեր ես կրում, բավական տարբերվող արտաքին ունես, այստեղ հասարակական վայրերում փսփսոցներ հաճա՞խ ես լսում քո հասցեին: 

– Երբ նոր էի եկել, հա, անթիվ էին ոչ թե փսփսոցները, այլ հենց ուղիղ մեկնաբանությունները: Մարդկանց չես կարող բացատրել, որ սա քո ոճի մի մասն է, կարիք էլ չկա: Բայց ռուսների Հայաստան գալը շատ փոխեց, նրանք նոր ոճ բերեցին իրենց հետ, դրա հետ մեկտեղ՝ նաև նոր մտածելակերպ: 

Ռուիզը սիրում է Հայաստանն ու Հայաստանի մարդկանց, որոնց հետ առաջին հանդիպման ժամանակ տպավորությունն է, թե ընկերներ են: Նրա գողտրիկ աշխատասենյակը, որտեղ էլ տեղի ունեցավ մեր զրույցը, նայում է դեպի Հանրապետության հրապարակ, բայց սիրած տեսարանը Երևանում շարունակում է մնալ Սարյանի այգին: Երբ նոր էր եկել Հայաստան՝ քովիդի սկսվելուց ամիսներ առաջ, ժամանակավոր հանգրվանեց գործընկերուհու՝ Լարիսա Հովհաննիսյանի պապի տանը, որը, նրա պատմելով, իսկական գտածո էր՝ լի հայկականությամբ, հազվագյուտ իրերով ու մի գրքով, որ Սարյանն էր մակագրել: 

– Ես բացահայտեցի Սարյանին, սիրահարվեցի նրա գույներին, վրձնի թռիչքին, ամբողջությամբ տարվեցի այդ նկարչի աշխատանքներով, ու նա դարձավ իմ սիրելիներից մեկը: Սիրում եմ այդ այգին, այնտեղի միջավայրը, որ անշփոթելի ձեռագիր ունի: 

Կրթության մասնագետը նկարագրում է Հայաստան գալու շրջանը որպես ամենանշանակալիցը իր կյանքում: Ռուիզը, աշխատելով մեր երկրի կրթական համակարգում գրեթե 4 տարի, ասում է, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է, ու իրենց հաջողվել է այս գաղափարով վարակել մարդկանց: 

– Հայերի նոր սերունդը պիտի առաջնորդ լինի: Մենք սովորեցնում ենք աշակերտներին հավատալ իրենց համայնքին, մենք նրանց սովորեցնում ենք կիրառել ստացած գիտելիքները ու դա օգտագործել հանուն համայնքի, գյուղի: 

– Հա, ինչպես Բագարանում,- միջամտում եմ՝ հիշելով, որ Բագարանի դպրոցում աշակերտները չրերի բիզնես էին հիմնել: 

Ռուիզը գլխով է անում ու ասում, որ դա ծրագրերից մեկն է: Շատ մարդիկ չէին հավատում, որ կարելի է քաջալերել երեխային մնալ գյուղում, աշխատել հանուն գյուղի, հավատալ համայնքին, բայց արի ու տես՝ ստացվեց: 

Երբ Ռուիզը խոսում է թվերով՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով, թե որքան մեծ փոփոխություններ են արել կրթության համակարգում, ես մտածում եմ, որ այդ թվերից յուրաքանչյուրի հետևում երեխաներ են. սա ինձ հրճվանք է պատճառում: 

– Ես եղել եմ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, ես հանդիպել եմ երեխաների, որոնց թևեր ենք տվել: Գիտեմ՝ շատերի համար սա պաթետիկ է հնչում, բայց, պատկերացրու, որ տեսնում ես երեխաների, որ մեծ երազանքներ ունեն՝ հասարակական կազմակերպություն հիմնելուց մինչև ձեռներեցություն, որոնք որոշել են մնալ համայնքում ու գործել հանուն դրա: Երբ պատկերանցում եմ, թե որքան հզոր կդառնա Հայաստանը, հուզվում եմ: 

Կլարկը ծնվել է Կալիֆոռնիայում ու չորրորդ սերնդի կալիֆոռնիացի է հոր կողմից: Մայրը 16 տարեկանում Մեքսիկայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ աշխատելու նարնջի դաշտում որպես միրգ հավաքող: Ռուիզն այնքան գորովագութ է պատմում մոր մասին, այնքան կարևորում նրա դերը իր կյանքում, որ չէի կարող չհիշատակել այս պատմությունը: Մորական պապը՝ չափազանց ավանդապաշտ մի մարդ, կարծում էր, թե կանայք արժանի չեն կրթություն ստանալու, և աղջկան 3-րդ դասարանից հանել էր դպրոցից: Հինգ եղբայրների ու հոր համար Աննա Կլարկը վերածվել էր Մոխրոտիկի, որի միակ խնդիրն էր տուն մաքրելն ու ճաշ եփելը: 

– Մայրս երազում էր բուժքույր դառնալու մասին մի միջավայրում, որը ոչ մի հույս չէր ներշնչում, բայց երբ պապիս աշխատանքը տեղափոխվում է ԱՄՆ, մայրս ևս գնում է ու սկսում աշխատել նարնջի դաշտում: Չգիտեմ՝ պատկերացնո՞ւմ ես, թե՞ չէ, բայց կալիֆոռնիական կիզիչ արևը կարող է չափազանց անողոք գտնվել դաշտում աշխատողի հանդեպ: Իսկ մայրս միրգ հավաքելով՝ շարունակում էր երազանք ունենալ: Մի օր նա որոշում է, որ իր երեխաները երբեք, ոչ մի պարագայում նարինջ չեն հավաքելու: 

Ի դեպ, Աննա Կլարկը և իր ընտանիքը Նահանգներում հայտնվել էին բավական հետաքրքիր պայմաններում: Այդ ժամանակ ԱՄՆ-ում կար «Բրասերո» կոչվող ծրագիրը, որը, եթե կարճ՝ Մեքսիկայից էժան աշխատուժի տեղափոխում էր ԱՄՆ: Ռուիզի պապը հենց այս ծրագրով էր տեղափոխվել Նահանգներ, ու երբ թոռանը պատմում էր այս շրջանի մասին, նշում էր, որ հողի վրա մի վրանատիպ բան էր կառուցված, որ իրենք տուն էին կոչվում: «Բրասերո»-ն, որը տևեց 20 տարուց ավելի և ավարտվեց 1964 թվականին, հաճախ ներկայացվում է որպես «ժամանակակից ստրկություն»: 

3-րդ դասարանում դպրոցը թողած աղջիկը, չիմանալով անգլերեն, 18 տարեկանում որոշում է իրականացնել իր երազանքը: Չեմ կարող երկար պատմել այն դժվարությունների մասին, որոնց միջով անցել է Ռուիզի մայրը, բայց նրան հաջողվում է ոչ միայն ավարտել քոլեջը, դառնալ բուժքույր, այլև հեղինակել ձեռնարկ առողջապահության ոլորտի մասնագետների համար, մի շարք նախաձեռնություններ իրականացնել ու հասնել ընդհուպ ԱՄՆ-ի Կոնգրես՝ ներկայացնելու առողջապահության ոլորտում բարեփոխումների մի ծրագիր, որը պետք է օրենքում փոփոխություն կատարեր: 

– Ռուի՛զ, մայրդ իսկական ֆիլմի հերոսուհի կարող է լինել,- ասում եմ՝ աչքերս փայլելով ու հարցնում,- ամենակարևոր բանը, որ նա քեզ սովորեցրել է, ի՞նչն է: 

– Վճռականություն: Մորս կյանքում լիքը իրադարձություններ են եղել, որ նրան կարող էին ընկճել՝ նա աչքի բնածին արատ ուներ. մի աչքը չէր տեսնում, ավտովթարի է ենթարկվել ու նրան ասել են՝ չես կարողանա քայլել, բայց նա վճռել է հաղթել բոլորին: 

Մոր կյանքն իսկական դաս է Ռուիզի համար, ու նա վստահ է, որ որևէ խոչընդոտ չպետք է դառնա խնդիր երազանքին հասնելու համար: Ծնողները նրան մեծ ազատություն են տվել՝ երազելու և գործելու, երևի դա էր պատճառը, որ դպրոցական տարիներին երազում էր ԱՄՆ-ի նախագահ դառնալու մասին, հետո ցանկացավ դառնալ ԱՄՆ-ի դեսպան որևէ երկրում: Կլարկը, ի վերջո, հասավ երազանքին՝ աշխատելով եվրոպական տարբեր երկրների դեսպանատներում: Ու երբ արդեն լրջորեն մտածում էր այլ աշխատանքի անցնելու ուղղությամբ, իմացավ «Դասավանդի՛ր, Ամերիկա» ծրագրի մասին: 

– Ես մտածեցի՝ կմասնակցեմ այս ծրագրին, հետո մագիստրատուրա կընդունվեմ և կուսումնասիրեմ միջազգային հարաբերություններ: Այն ժամանակ չէի կարծում, որ կրթությունն այսքան գրավիչ կլինի ինձ համար ու կդառնա ուղենիշ: 

Ռուիզը, ի վերջո, սովորեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և սկսեց աշխատել ՄԱԿ-ում: Հենց այն ժամանակ, երբ ավարտում էր մագիստրատուրան, հնարավորություն ստացավ որպես մենթոր մասնակցելու կրթական առաջնորդության ծրագրի Հնդկաստանում՝ աջակցելով ուսուցիչներին ձեռք բերել հմտություններ, որոնք օգնելու էին իրենց բավական դժվար իրավիճակում գտնվող երեխաներին հավատալ, որ կրթություն ստանալով՝ կարող են փոխել իրենց կյանքն ու աշխարհը: Կրթության մասնագետն իր կյանքի այս փուլը բնորոշում է որպես ծանր և միևնույն ժամանակ մոտիվացնող: 

– Այն դասը, որ ստացել եմ Հնդկաստանում, Հայաստանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ հաճախ էի վերհիշում՝ ամեն ինչ կարևոր է, և ոչինչ կարևոր չէ: Հնդկաստանում աշխատելու ժամանակ ես հասկացա, թե որքան ահռելի՝ այդ բառի ուղիղ իմաստով, կարող են լինել խնդիրները` աղքատությունը, մարդկանց կոտրված լինելը: Երբեմն մտածում էի՝ կխենթանամ, ինձ թվում էր՝ կպայթեմ, որովհետև անդադար աշխատում էի, բայց մեկ է, մտածում էի՝ արդյունք կա՞: 

Հենց այստեղ Ռուիզը մի պատմություն պատմեց, որ ես կհիշեմ միշտ: 

«Փոքրիկ տղան քայլում է ծովափով ու տեսնում, որ փոթորիկի պատճառով հազարավոր ձկներ հայտնվել են ափին: Նա հերթով վերցնում է ձկներին ու շպրտում հետ՝ ծովը: Մի ծեր մարդ անցնում է այդ կողմով ու տեսնելով, թե ինչ է անում փոքրիկը, ասում է՝ տղա՛ս, անօգուտ է, կարևոր չէ քո արածը, դու չես կարող փրկել բոլորին: Տղան ասում է՝ բոլորին՝ չէ, բայց այս մեկին հո կարող եմ»: 

– Եթե դու մտածես, որ միևնույն է՝ հազարավոր մարդիկ զրկված են կրթության իրավունքից, որ մեկ է՝ աղքատությունն անչափելի է, չեմ կարող օգնել, ոչինչ չես անի: Բայց չէ՞ որ ամեն ինչ սկսվում է անհատներից ու փոքր քայլերից, ու, հա, հազարներին չեմ կարող օգնել, բայց այս մեկին հո կարո՞ղ եմ: 

Ռուիզն ասում է, որ Հնդկաստանն իրեն սովորցրել է լինել համբերատար և չմտահոգվել չնչին բաներով՝ առավոտյան սուրճն առանց կաթի է, տաքսին ուշացավ և այլն: Պատերազմի ժամանակ նա հասկացավ, որ ամեն բան, որ իրենք անում են, կարևոր է, որովետև երեխան է կարևոր, որ կրթություն պիտի ստանա՝ անկախ նրանից՝ պատերազմ է, թե ոչ: 

– Ես ուզում եմ, որ այն երեխաները, որոնք մորս պես տարբեր պատճառներով զրկվել են կրթության իրավունքից, սովորելու հնարավորություն ստանան: Հարցնում ես՝ ի՞նչ է ակնկալում աշակերտը ուսուցչից, երևի ընկերություն և հոգատարություն: Ես ունեցել եմ ուսուցիչներ, որոնք գիտելիքներ են ինձ տվել, բայց ո՞վ միտքս եկավ առաջինը՝ տիկին Քուվերը, որ ինձ սովորեցնում էր սովորել, սիրահարվել կրթությանը, որը գտնում էր, որ ձախողվելը սովորելու մի ձև է ու քաջալերում էր մեզ: 

Եթե մենք մտածենք, որ չափազանց փոքր ենք մեծ խնդիրների համեմատությամբ, ոչինչ էլ չենք անի, բայց Ռուիզի հետ զրույցից հետո ես սովորեցի երևի ամենակարևորը՝ մենք չպետք է փոքրանանք մեծ խնդիրների առջև, որովհետև ոչինչ կարևոր չէ, եթե դու ունես կարևոր նպատակ: 

Հ.Գ. «Հնդկաստանի Փունա քաղաքում (այժմ կոչվում է Փուն) ես աշխատում էի մի աղքատ շրջանում: 4-րդ դասարանը, որտեղ սովորում էր 40 աշակերտ, ուներ ընդամենը երեք աշակերտուհի, որոնց տղաները ծաղրուծանակի էին ենթարկում: Մենք ուսուցիչների հետ միասին աշխատեցինք այդ դասարանի հետ մեկ տարի շարունակ՝ կարծելով, որ անօգուտ է, բան չի փոխվելու:

Տարեվերջին մի մրցույթ էր կազմակերպվել՝ «Ի՞նչ եմ ես ուզում փոխել» թեմայով: Այդ դասարանի տղաներից մեկը Հնդկաստանի ղեկավարին ուղղված նամակ էր գրել՝ աղջիկները, որոնք չեն ծնվում խտրականության պատճառով, պետք է կարողանան լույս աշխարհ գալ ու անպայման կրթություն ստանալ: Հիմա հասկացա՞ր ձկան պատմությունը»: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am