Հետմահու բացահայտումներն զրո արժեք ունեն. Մերձավանի դեպքը ոստիկանությունը պարտավոր էր կանխատեսել ու կանխել. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը 

-Տիկի՛ն Կարապետյանց, Փարաքարում տեղի ունեցած սպանությունից հետո հանրապետությունում արձանագրվեցին ևս երկու սպանության դեպք։ Ոմանք կարծում են, որ զենքի կիրառմամբ հարցեր լուծելու դեպքերը սկսել են ավելանալ։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետ կարող է դա կապված լինել։

– Պատճառները մի քանիսը կարող են լինել. առաջինն այն ատելության խոսքն է, որը շարունակ տարածվում է, ու դեռ վաղուց ասում էինք, որ դա ունենալու է ազդեցություն, որովհետև դրա դրսևորումը չէր կարող չլինել: Մյուս կողմից, եթե իրավապահ մարմինները զբաղված են ամեն ինչով՝ բացի հասարակական կարգի անվտանգության պահպանումից, սա նշանակում է, որ ունենալու ենք այսպիսի իրավիճակներ, որովհետև, այո՛, կան դեպքեր, որոնք հնարավոր չէ կանխատեսել, դրանք իրավիճակային են, բայց կան դեպքեր, որոնք ակնհայտորեն կարելի էր կանխատեսել, ոստիկանությունը պարտավոր էր դա կանխատեսել ու կանխարգելել:

 – Ի՞նչ դեպք նկատի ունեք:

– Օրինակ՝ վերջին դեպքերից մեկը, երբ շան հետ կապված վիճաբանություն էր եղել: Միջադեպը կանխատեսել, իհարկե, հնարավոր չէր, բայց ավելի ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր կլիներ գոնե հաջորդական պրոցեսները կանխարգելել: Եթե մարդը գնում է տուն դանակով, հետո վերադառնում հրազենով, ապա այդ ընթացքում պետք է օպերատիվ աշխատանք տարված լիներ, որպեսզի կանխարգելվեր ողբերգությունը: 

Մերձավանի դեպքը ընդհանրապես. կա՛մ աչքաթող է արված, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է, կա՛մ գուցեև կարող է դիտավորություն լինել, հաշվի առնելով, որ խոսքն ընդդիմադիր գործչի մասին էր, իսկ դիմացը ընտրություններ են: Չի կարելի բացառել այն տարբերակը, որ մարդիկ, ոստիկանությունը կարող էին դեպքի հետ կապված տեղեկություններ ունենալ, բայց առանձնապես նեղություն չեն քաշել՝ կանխարգելելու այդ պրոցեսը: Չեմ պնդում, սա հնարավոր տարբերակներից մեկն եմ համարում: 

– Իսկ ոստիկանների աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում կոնկրետ Մերձավանի գործի բացահայտման համատեքստում:

– Խայտառակ, խայտառակ ցածր որակի: Եթե գնահատեմ այն տեսանկյունից, որ ոստիկանությունը նման միջադեպեր կանխելու համար պետք է տարբեր տեղեկություններ հավաքի, օպերատիվ աշխատանք տանի, ապա խիստ բացասական եմ գնահատում: Եթե նպատակը եղել է մեծ ընտրություններից առաջ Փարաքար համայնքում նոր ընտրություններ ստանալ՝ խաղից դուրս թողնելով ընդդիմադիր գործչին, ապա այս տեսանկյունից կարելի է շատ բարձր գնահատել: Նայած թե ինչ նպատակ են հետապնդել իրենց գործողությունները ծավալելիս: Եթե բուն օրենքից բխող գործողությունների մասին խոսեմ, ապա բացառիկ վատ աշխատանք են տարել: 

– Բայց բացահայտումը շատ արագ կատարվեց, տիկի՛ն Կարապետյանց:

– Հետմահու բացահայտումներն ունեն զրո արժեք, որովհետև կոկրետ դեպքը ոստիկանությունը պարտավոր էր կանխատեսել ու կանխել: Դրան նախորդել էին փետրվարյան դեպքերը, բոլորը կարծես լավ տեղյակ էին մանրամասներից, հետևաբար դա կանխատեսելն անհնար չէր: Ա՛յ ձեր առաջին հարցի պատասխանը՝ պատճառը արդարադատության համակարգի չգոյությունն է, երբ մարդիկ վստահ լինեն, որ համակարգն աշխատելու է, երբ վստահ լինեն, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, երբ վստահ լինեն, որ իրենց գործողությունները վերահսկվում են ոստիկանության կողմից, ապա տասը անգամ կմտածեն քայլ անելուց առաջ: Բայց քանի որ գիտեն, որ ոչ մի համակարգ չի աշխատում, ապա վենդետաների ճանապարհով գնալը, ցավալիորեն, մնում է միակ տարբերակը: Այս մասին ևս տևական ժամանակ է՝ խոսել ենք: 

– Մերձավանի սպանությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, որում խոսվում էր հնարավոր վենդետայի մասին, և, ինչպես տեսանք, քննությունը պարզեց, որ նա իրավացի էր: Որոշ շրջանակների մոտ կան կասկածներ այս բացահայտման վերաբերյալ, ասում են, որ Փաշինյանը միանգամից ուղղորդեց իրավապահ համակարգին, թե գործն ի՛նչ ընթացքով տանեն: 

– Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արել է հակասահմանադրական գործողություն. գործադիր մարմնի ղեկավարը ընթացող գործի վերաբերյալ որևէ տեսակետ հայտնելու իրավական իրավունք չունի, դա հակասահմանադրական գործողություն է: Ամեն անգամ՝ կլինի ինչ-որ մարդկանց կալանավորելու ցանկությունը, ինչ-որ մարդկանց անազատության մեջ տեսնելը, դրանով ժամկետներ նշելը և այլն, դրանք հակասահմանադրական են: 

Եթե մենք երկրում ունենայինք գլխավոր դատախազ կամ դատախազական մարմին, ապա վաղուց բազմաթիվ քրեական դրվագներով պետք է գործ հարուցված լիներ Նիկոլ Փաշինյանի դեմ: Բայց մենք չենք ունեցել նախկինում, հիմա էլ չունենք դատախազական համակարգ, ես հիշում եմ, որ մեկ-երկու գործով Սերժ Սարգսյանը հայտարարություն էր անում՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ համեմատած բավականին անմեղ հայտարարություններ, քաղհասարակությունը պատրաստ էր Սերժ Սարգսյանին խաչել՝ պատկերավոր եմ ասում: Հիմա Փաշինյանի այդ հակասահմանադրական հայտարարություններին չեն էլ արձագանքում: Չգիտեմ՝ համարում են, որ դա օրինակա՞ն է, թե՞ արդեն հոգնել են այդքան հակասահմանադրական գործողությունների արձագանքելուց: 

– Տիկի՛ն Կարապետյանց, ասացիք, թե երկրում առկա իրավիճակն ինչի հետևանք է, կառավարությունը, համապատասխան մարմինները ինչո՞ւ այդ հետևանքները չեն վերացնում:

– Մինչև որոշակի պահ այս վիճակն իրենց ձեռնտու է, որովհետև վախեցած, թուլացած հասարակության պարագայում իրենց վերարտադրվելը հնարավոր է: Բայց ինչ-որ պահի, քանի որ ոչ պրոֆեսիոնալ են, որովհետև մեծ մասամբ տգետ են ու մեծամիտ և ոչ մի փորձ չունեն, չեն հասկանում, որ դա վերահսկողությունից դուրս է գալու ու պտտվի հենց իրենց դեմ: Խորհուրդ կտայի ավելի լավ մտածել նման իրավիճակներից հրճվելուց առաջ, որովհետև սա այն բումերանգներից է, որն անպայման վերադառնալու է ու շատ կոշտ ձևով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am