Քոչարյանը քավության նոխազ չի դառնա. փորձագետների կարծիքով` երկրորդ նախագահը վերադառնում է քաղաքականություն

Քոչարյանը քավության նոխազ չի դառնա. փորձագետների կարծիքով` երկրորդ նախագահը վերադառնում է քաղաքականություն
Քոչարյանը քավության նոխազ չի դառնա. փորձագետների կարծիքով` երկրորդ նախագահը վերադառնում է քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայում է այն մասին, որ երկրորդ նախագահը չի պատրաստվում լուռ հետևել քաղաքական գործընթացներին: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Քոչարյանին խոսել ստիպել է նախևառաջ ընդդիմության և իշխանության երկխոսությունը:
«Վերջին երկխոսության արդյունքում հասարակության շրջանում շատ հարցեր են առաջ գալիս: Խոսակցություններ կային, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը հիմնականում ուղղված է երկրորդ նախագահի դեմ: Բոլորը խոսում էին, և նա, բնականաբար, չէր կարող չարձագանքել այդ խոսակցություններին: Չարձագանքելը կնշանակեր, որ երկրորդ նախագահը փաստորեն լռում է, և այդ լռությունը կորակվեր որպես թուլության նշան»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որում անդրադարձել էր մարտի 1-ի թեմային, ինչպես նաև ընդդիմություն-իշխանություն հավանական երկխոսությանը:

«Բազմաթիվ մտքեր արտահայտվեցին, թե ո՞ւմ էին ձեռնտու մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: Պատասխանը շատ պարզ է. նրանց, ովքեր այսօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները, բայց հաստատ ոչ իշխանություններին` թե ներկայիս, թե նախորդ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև նշել է, թե «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:

«Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ»,- ասել է Քոչարյանը:

Քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունը տարբեր կարծիքների տեղիք տվեց:

Ընդդիմադիր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն այդ հարցազրույցը պայմանավորում է մի քանի հանգամանքների համադրությամբ` ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույց, համաժողովրդական շարժման ճնշումներ, Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության պահանջների կատարում և նաև միջազգային այլ կառույցների ճնշումներ:

«Այսինքն` Քոչարյանի հարցազրույցը համալիր ճնշումների արդյունք է: Առաջին անգամ Թոմաս Համմարբերգը խոսեց մարտի 1-ին հրաման տվողների, ոչ թե կրակողների, այլ հենց հրաման տվողների մասին»,- «Մեդիալաբի» հետ զրույցում արձանագրեց Լևոն Զուրաբյանը:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Քոչարյանի խոսքերը «ինքնախոստովանական ցուցմունքներ» անվանեց:

«Մենք շատ դրական ենք գնահատում այս հարցազրույցը և այն ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք զետեղված են այս հարցազրույցում, և կխրախուսեինք Ռոբերտ Քոչարյանին շարունակել հարցազրույցներ տալ»,- «Մեդիալաբին» ասում է Արման Մուսինյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ամենաշատը մտահոգել էր երկխոսության մասին Քոչարյանի հայտարարությունները:

«Այդ երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Մարդիկ արդեն, երբ ցանկանում են մեկը մյուսին վիրավորել, ասում են`«Ես քեզ կերկխոսեմ»: Բազմիցս կրկնել եմ՝ քաղաքական դաշտը մեկն է, և բոլոր քաղաքական ուժերի իրավունքները նույնն են, հավասար են, այնպես որ քաղաքական դաշտը կամ քաղաքական գործընթացը հենց փոխադարձ համաձայնությունների, որոշումների, քննարկումների դաշտն է: Ուրիշ այլ զենք քաղաքական դաշտն ունենալ չի կարող»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով` այսպես կոչված «երկխոսությունը» իրականում մի գործընթաց է, որն ամեն վայրկյան կարող է դուրս գալ թե իշխանության, թե ընդդիմության հսկողությունից:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Քոչարյանի այս արձագանքը նշանակում է, որ նա չի պատրաստվում դիտորդի դերում լինել և անմասն մնալ քաղաքական գործընթացներից:

«Ըստ էության, նա երեք մեսիջ ուղարկեց: Առաջին մեսիջն այն էր, որ մարտի 1-ի հետ կապված ոչ մի պարագայում չի նա չի պատրաստվում քավության նոխազ լինել, որովհետև նման պարագայում որոշումներն առնվազն ընդունվում են ոչ մեկ մարդու կողմից: Երկրորդ` նա ներկայացրեց մարտի 1-ի պաշտոնական տեսակետը և փաստորեն մեղքը գցեց ընդդիմության վրա: Եվ երրորդ` նա քամահրական վերաբերմունք ունի այդ երկխոսության հանդեպ: Ըստ էության մեսիջ ուղարկեց, որ այդ երկխոսությունը ոչ այնքան երկխոսություն է, որքան գործարք»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab