Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Վալոդյա Գրիգորյանը 2025-ի արտահերթ ընտրություններում գլխավորելով «Միասնություն» դաշինքը ստացել էր շուրջ 58 % ձայն և ընտրվել էր Փարաքարի համայնքի ղեկավար՝ հաղթելով իշխանական ՔՊ-ի թեկնածուին։
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, պետք է մանրամասն վերլուծվի, թե ինչպիսի կանխարգելիչ գործողություններ անհրաժեշտ էր իրականացնել նման դեպքերը կանխելու համար, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չեն արել։
«Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։



















