«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գանք». սահմանամերձ գյուղի բնակիչները հավատ չունեն առաջիկա խորհրդարանի հանդեպ

«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գանք». սահմանամերձ գյուղի բնակիչները հավատ չունեն առաջիկա խորհրդարանի հանդեպ
«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գանք». սահմանամերձ գյուղի բնակիչները հավատ չունեն առաջիկա խորհրդարանի հանդեպ

Գրեթե զրոյական եկամուտ ապահովող հողատարածքներից, տարվա ընթացքում կուտակվող պարտքերից, վարկային տոկոսներից և արտագաղթից հոգնած ու ընտրություններին այս ամենը փոխելու տեսական հնարավորություն ունեցող գյուղացիները չեն հավատում ու վստահում հավատ ու վստահություն ակնկալող քաղաքական գործիչներին:

Բոլորն էլ հնարավորություն են ունեցել իրենց խոսքը գործ դարձնելու համար, բայց արդյունքներ չեն եղել՝ իրենց դիրքորոշումն են մեկնաբանում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչները ու հավելում՝ նախորդ ընտրություններից առաջ գոնե ճանապարհ էին վերանորոգում, «լավություն» էին անում, որ «սրտները շահեն», այս տարի այդ էլ չկա:

«Եթե միայն 4-5 տարին մեկ են մեզ հիշում, մենք ինչո՞ւ պիտի իրենց հիշենք: Կերած-խմած գործարար մարդիկ գալիս են, մեր ձայների միջոցով պաշտոն են ստանում, հետո էլ մոռանում են իրենց խոստումները»,- բողոքում է նալբանդյանցի Աշոտ Հակոբյանը:

Նախընտրական քարոզչությամբ առաջինը գյուղ այցելած, մեծամասնական ընտրակարգով առաջադրված հանրապետական Ալեքսան Պետրոսյանը, օրինակ` նալբանդյանցիներին խոստացել է ընտրվելու դեպքում ամեն ինչ անել նրանց խնդիրները լուծելու համար: Թեկնածուի ելույթը, սակայն, միանշանակ չի ընդունվել` դառնալով քննարկման ու դժգոհության առիթ:

Ապրուստի միակ միջոց հողը մշակելու համար վարկ փնտրող, բանկից բանկ ու վարկային մի կազմակերպությունից մյուսը վազող գյուղացին թե´ Պետրոսյանի, թե´ մյուս թեկնածուների ներկայացրած ծրագրերն ու խոստումներն ավելի քան քննադատաբար է ընդունում:

«Էհ, չգիտեմ, բալա ջան, էլ ոչ մեկի խոստմանը չեմ հավատում: Սա լինի թե մեկ ուրիշը` մինչև աչքովս չտենամ, չեմ հավատա,- ասում է գյուղի բնակիչ 65-ամյա Գևորգ Կարապետյանը: – Քանի~ անգամ են եկել-խոստացել ու գնացել, բայց փաստն էն ա, որ այսօր հնարավորություն չունեմ իմ մի կտոր հողը մշակեմ, մի եկամուտ ունենամ»:

«Այս տարի որոշել էի սոխ ցանել, բայց գարունը բացվելուն պես պարզվեց, որ սերմի 1 կիլոն 15.000 դրամից պակաս չի ճարվում, էն էլ՝ շատ դժվար ա գտնել»,- իր խնդիրների մասին է պատմում Աշոտ Հակոբյանը:

Հակոբյանը բողոքելու պատճառ ունի, քանի որ նույն սերմն անցյալ տարի 4000-5000 դրամ արժեր, իսկ եռակի թանկացման համար ո´չ եղանակը, ոչ էլ այլ պատճառներ չեն եղել: Պարարտանյութի գինն էլ այն օգտագործելու սեզոնին 6000-7000 դրամից բարձրանում-դառնում է 10.000 – 11.000: Թանկանում է նաև դաշտերում աշխատող բանվորական ուժը. 2-3 տարի առաջ քաղհան, կալ այլ աշխատանքներ անողների օրավարձը 3000 դրամ էր, այս տարի 6000 է դարձել:

Հաշվարկելով տարեցտարի թանկացող մշակաբույսերի սերմերի, պարարտանյութի, թունաքիմիկատների, վառելիքի ծախսերն ու ստանալիք հավանական եկամուտը` գյուղացիներից շատերն են եզրահանգման գալիս՝ հողագործությամբ զբաղվելը շահավետ չէ:

«Մի քանի հեկտար հող ունեմ, բայց այս տարի ոչինչ չեմ ցանել: Մի քանի օրից կմեկնեմ Ռուսաստան՝ աշխատանքի: Մնամ ի՞նչ անեմ»,- ասում է Գառնիկ Մխիթարյանը:

Գյուղը լքողների մասին պաշտոնական վիճակագրություն չկա, բայց որ ամեն տարի, հատկապես երիտասարդության շրջանում, նրանց թիվը մեծանում է, գյուղում փաստում են բոլորը:

Ոմանք մեկնում են սեզոնային աշխատանքի, ոմանք, մի քանի տարի մնալով արտերկրում, տանում են նաև ընտանիքի մյուս անդամներին: Այդպես վարվեց նաև Արազ Դարբինյանը, ով 7 տարի առաջ մեկնեց Իսպանիա՝ աշխատանքի: Այսօր միայն նրա փոքր որդին է գյուղում մնացել, նա էլ կմեկնի դպրոցն ավարտելուն պես:

Արտագաղթը մոտ 3000 բնակչություն ունեցող գյուղի միակ խնդիրը չէ: Տարիներ առաջ փրկություն թվացող վարկերն այսօր գյուղացիների համար դարձել են պատուհաս:

Գյուղատնտեսության ոլորտը կայունացնելու և գյուղացիներին օգնելու համար կառավարությունն անցյալ տարվանից ձեռնարկել է գյուղացիական վարկավորման տոկոսադրույքներն իջեցնելու գործընթացը:

Ու թեպետ ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով` 14 տոկոսով, վարկեր, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է պետության կողմից, իսկ առավել աղքատ ու անբարենպաստ 225 համայնքների համար սուբսիդավորվել է վարկերի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը, ու գյուղացուն բաժին է ընկել 8 տոկոսը, շատ դեպքերում սա էլ չի փրկում գյուղացու անելանելի դրությունը:

Նալբանդյանի յուրաքանչյուր երկրորդ ընտանիք իր եկամտի մեծ մասը հատկացնում է վարկերի տոկոսները մարելուն. եթե մի ժամանակ վարկ էին վերցնում գյուղատնտեսական աշխատանքների համար, հիմա վարկը ծառայում է նախորդը մարելուն:

«Ճահիճի մեջ ենք ընկել, չգիտեմ` երբ կարանք դուրս գալ: Նախորդ տարի կառավարությունը [վարկերի] տոկոսները քչացրեց, բայց մեծ հաշվով որևէ արդյունք չտեսանք»,- ասում է գյուղի բնակիչ Դավիթ Բաղդասարյանը:

Բաղդասարյանի վարկային պատմությունը սկսվել է դեռ 10 տարի առաջ, երբ ստացել է 300 դոլար գյուղատնտեսական վարկ: Այս տարի նույն բանկից ստացել է 3000 դոլար, որի 80 տոկոսը միայն տրամադրել է երեք այլ կազմակերպություններից ստացված վարկերի տոկոսները մարելուն: Եվ, ինչպես ինքն է ասում, պետք է մի հրաշք կամ խոշոր շահում լինի, որ կարողանա ազատվել վարկերից:

Իսկ մինչ այդ նալբանդյանցիներն առաջադրված 9 կուսակցությունների ծրագրերին ծանոթանում են հիմնականում հեռուստատեսությամբ` աշխատանքից ազատ ժամերին: Դրանցից երեքը՝ «Օրինաց երկիրը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», գյուղում անգամ նախընտրական շտաբներ ունեն, որոնք ավելի ձևական բնույթ ունեն. կողպեքով փակված շինությունների վրա միայն կուսակցությունների անուններն են փակցված:

Օլգա Եսայան

© Medialab.am