Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը միմիայն հայկական շահերից է բխելու. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ի՞նչ է տալու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, եթե այն տեղի ունենա։ Նշեմ, որ ԵԽ-ն «ամբողջությամբ սատարում է» այդ գաղափարը։

– Դա շատ կարևոր կլինի խնդրի միջազգայնացման տրամաբանության տեսանկյունից: Գիտենք, որ Արցախում և ընդհանրապես Ադրբեջանի տարածքում միակ ոչ ադրբեջանական խումբը, որը գործողություն է իրականացնում, ռուսականն է, իսկ այս դեպքում մենք կունենանք նաև մեկ այլ պետության կամ ուժային կենտրոնի կողմից գործուղված խումբ, ինչն առաջին հերթին կնշանակի խնդրի հենց այդ միջազգայնացումը, դիվերսիֆիկացումը, ինչը բխելու է միմիայն հայկական շահերից, ու սա կարող է միայն առաջին քայլը լինել հետագայում նաև խաղաղապահների միջազգային մանդատով փոխարինման համար, ինչը հայկական կողմը փորձում է իրականություն դարձնել։ 

Եթե այդ առաքելությունը գա ու փաստահավաք գործունեություն իրականացնի, նրանց համար առաջնային հիմքը լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի դրույթների խախտումն ակնհայտ է, ու այդ առաքելության զեկույցները լինելու են հենց այդ դրույթների խախտման մասին, ինչը կբերի այլ կենտրոնների որոշակի վերաբերմունքի ձևավորման Ռուսաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։ 

– Մոտ ապագայում այդ առաքելության տեղակայումը հնարավոր կլինի՞, թե՞ ադրբեջանական, ինչու չէ՝ ռուսական կողմից խոչընդոտող քայլեր կլինեն։

 – Խոչընդոտներ լինելու են միանշանակ, բայց հնարավոր է նաև հաջողության հասնել, ինչը կախված կլինի շատ գործոններից, որոնց մի մասը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի գործողություններից, մյուս մասը՝ համաշխարհային իրավիճակով է պայմանավորված, մասնավորապես, Ուկրաինայի դեպքերով։ Որքան Ռուսաստանի դիրքերը թույլ լինեն Ուկրաինայում, այնքան դիմադրությունը թույլ կլինի այս հարցում ու հակառակը։ Նույնը նաև Ադրբեջանի վրա ազդելու մասով, այդ ամենից կախված կլինի հարցի լուծումը կամ չլուծումը։

 – Պարո՛ն Ղևոնդյան, իսկ մինչ այդ, եթե նաև նկատի ունենանք, որ ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում է հրադադարը, արդեն 9-րդ օրն է, որ Արցախ հումանիտար բեռներ անգամ չեն մտնում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

– Այն, որ Ադրբեջանը մեծացնում է ճնշումը, ակնհայտ ցույց է տալիս, որ կան որոշակի զարգացումներ, որոնք ձեռնտու չեն իրեն, ու անհանգստություն ունի այդ մասով։ Դա նաև վկայում է այն մասին, որ Հայաստանը համառում է և տեղի չի տալիս ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական պահանջներին՝ թե՛ Արցախի հարցի հետ կապված, թե՛ «միջանցքի» տրամաբանության և այլն: 

Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ու այն քաղաքականությունը, որն իրականացնում է Հայաստանը, ինչ-որ չափով արդյունավետ է, ու Ադրբեջանը փորձում է սադրանքների միջոցով զսպել մեր քաղաքականության արդյունավետությունը։ Ի՛նչ դուրս կգա այդ ամենից՝ ժամանակը ցույց կտա։

– Իսկ ի՞նչ ակնկալել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։

– Ես ենթադրում եմ, որ մինչ այս նախատեսված արտգործնախարարների հանդիպման հետաձգումն առաջին հերթին կապված էր Էրդողանի ընտրության և Բաքու նախատեսված այցի հետ, իսկ դա նշանակում է, որ ընդհանուր օրակարգի ճշգրտում է տեղի ունեցել Բաքվի ու Անկարայի միջև, ու, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն ավելի կոշտ դիրքավորմամբ է գնալու Վաշինգտոն, քան եղել է մայիսի սկզբին։ 

Այստեղ Հայաստանի ու ոչ միայն, կոնկրետ այս դեպքում՝ ԱՄՆ-ի խնդիրն է թույլ չտալ, որ մայիսի սկզբին ձեռք բերված որոշակի համաձայնությունները Ադրբեջանը նորից կարողանա հետ բերել զրոյական կետ ու սկսել նորից։ Հաշվի առնելով հանգամանքը, որ միջազգային հանրության համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում կայունություն ապահովվի, կարծում եմ, Հայաստանն ունի Ադրբեջանի հնարավոր բոյկոտները ձախողելու շանսեր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am