Հայաստանը, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը․

1918թ․-ի այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։

Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր ժողովուրդը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթական ու հերոսական ճակատամարտերի արդյունքում ստիպեց ոսոխին ոչ միայն ընկրկել, այլ նաև համակերպվել և ճանաչել, որ Հայկական բարձրավանդակում Հայաստանն այդուհետ լինելու է ոչ թե լոկ աշխարհագրական կամ ազգագրական, այլ հենց պետական միավոր՝ Հայաստանի Հանրապետություն։

Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգն 1918թ․-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։

Մեկ դար անց այսօր էլ մայիսյան այս տոնի խորհուրդը հենց սա է․ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել, քանզի մենք մեր մտքերում և սրտերում կրում ենք 1918թ․-ին վերընձյուղված մեր պետականության հավերժականության անսասան հավատամքը՝ խոնարհվելով պետականության սրբազան ուղու մեր վեհ նահատակների հիշատակի առջև և անխախտ ուժ ստանալով անպայմանորեն հզոր ու արդար գալիք Հայաստանի աստվածային տեսիլքից։

Շնորհավոր Հանրապետության տոնը։