Ստեփանավանի նախկին քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողություններով բացահայտվել է հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում նաև իր 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ի կողմից իրականացված 13 դրվագ համայնքապատկան, օտարման ոչ ենթակա հողատարածքներն օտարելու և սեփականացնելու, այդ ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու դրսևորումներ։

Մասնավորապես՝ Ս.Ղ.-ն, 2002-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի օժանդակությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև՝ ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, «Ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ, հանդիսացող տարբեր չափերով 11 հողամասերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, իր մորաքրոջ որդուն՝ Կ.Ս.-ին, ընկերոջ որդուն, Ստեփանավան համայնքի ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց։

Այդ նպատակով, ըստ վարույթի նյութերի, Ս.Ղ.-ն առանց Ստեփանավան համայնքի ավագանու համաձայնության, առանց օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու, կազմակերպել է սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի աճուրդներ, որից երկուսի դեպքում՝ ձևական՝ դրանց մասնակից և հաղթողներ դարձնելով վերոհիշյալ անձանց:

Այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ս.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման, ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դ.Ղ.-ի և Ա.Ղ.-ի, մորաքրոջ որդուն, ինչպես նաև՝ «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում։ Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս.Ղ.-ին մեղադրանք է ներակայացվել՝ 13 դրվագ պաշտոնատար անձի կողմից, նաև ծանր հետևանքների առաջացմամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, 3 դրվագ խմբի կազմում փողերի լվացման համար, այդ թվում նաև՝ խոշոր չափերով և 6 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ս.Ղ.-ի 2 որդիներին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար, իսկ մորաքրոջ որդուն և «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին՝ պաշտոնատար անձի կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու և խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա: Նախաքննությունը, վերոնշյալ անձանց մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին: Մյուս անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։