Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում

Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում
Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում

Եվրոպական երկրներ արտագաղթած բազմաթիվ հայեր Եվրոպայում կեցության ու աշխատանքի իրավունք ստանալու համար ինչ պատմություններ ասես, որ չեն հորինում. իբր աղջիկն ադրբեջանցի է, տղան՝ ազգությամբ հայ, եւ քանի որ թշնամի երկրներ են, եւ սիրահար զույգերը ո՛չ Հայաստանում կարող են ապրել, ո՛չ էլ Ադրբեջանում, այդ պատճառով արտագաղթել են մի երրորդ երկիր, որպեսզի հեռու լինեն «արյունախում հարազատներից ու բարեկամներից», որոնք սպառնում են այդ քայլին դիմելու համար «կտոր-կտոր» անել: Եթե մի երեք-չորս տարի առաջ եվրոպացիներն այդ հարցին լուրջ էին վերաբերվում եւ դատերի ժամանակ, ասենք, աչք փակում, որ ադրբեջանցի ներկայացող աղջիկը մեկ բառ անգամ ադրբեջաներեն չէր խոսում, ապա հիմա, ինչպես մեզ հետ զրուցած Եվրոպայում գտնվող միգրանտներն են ասում, այս պատմություններն այլեւս չեն անցնում: Ըստ մեր զրուցակիցների՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ եվրոպական մի շարք երկրներում, որոնք տասնյակ տարիներով միգրանտներ են ընդունել, Կարմիր խաչի ճամբարներն իրար հետեւից փակվում են, եւ հատուկենտ քաղաքներում են, որ դրանք դեռ գործում են: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, անկառավարելի չափերի հասնող միգրանտների հոսքն է ոչ զարգացած երկրներից: Մեր զրուցակիցներից մեկը, որը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով արտագաղթել է Գերմանիա եւ այսօր արդեն ունի ապրելու ու աշխատելու իրավունք եւ ապրում է կեղծ անուն-ազգանվամբ, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու տարի է՝ հայերի համար Եվրոպայի «ճամբարների» դռներն ընդհանրապես փակ են, միմիայն քաղաքական հալածյալները կարող են ապաստան խնդրել, այն էլ տասնյակ փաստեր ներկայացնելուց հետո: Սակայն քանի որ ոչ բոլոր արտագաղթողները կարող են նման փաստեր ունենալ, հիմա էլ հայերը նոր հնարամտությունների են դիմում: Հայաստանից գնացած ցանկացած ապօրինի միգրանտ նախ ներկայանում է որպես Ռուսաստանից գնացած, որը եվրոպական այս կամ այն երկիր է հասել ցամաքային ճանապարհով: Երկար ճանապարհ է եկել եւ ճանապարհին փաստաթղթերը կորցրել: «Ճամբարների» պատասխանատուների հարցերին ի պատասխան՝ գրեթե ամեն երկրորդ արտագաղթած այս պատասխանն է տալիս: Եվրոպացիների համար համոզիչ չեն նաեւ ազգությամբ եզդի աղջկա՝ ազգությամբ հայի հետ ամուսնացած լինելու պատմությունները: Փորձը ցույց է տվել, որ նման պատմություն ներկայացրած զույգը, որից ազգությամբ եզդին սովորաբար աղջիկն է լինում, նույնպես ոչ մի բառ չի կարողանում արտաբերել եզդիերեն, որքան էլ նա եվրոպացիներին փորձում է համոզել, թե Հայաստանում է մեծացել, եւ ընտանիքում համարյա եզդիերեն չեն խոսել: Վերջերս էլ որոշ հայեր Սիրիայի պատերազմի առիթն օգտագործելով են արտագաղթել՝ եվրոպացիներին հավաստիացնելով, թե գաղթել են այդ երկրից, սակայն ոմանք արդեն մերժվել են, քանի որ չեն կարողացել իրենց հորինած պատմությունների ու խաչաձեւ հարցերի տակից դուրս գալ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/24/482310/