«Միջազգային կառույցները ստանում են բոլորիս վրդովմունքը, որովհետև գոյություն ունեցող գործիքակազմը ժանգոտած է, պետք է շպրտել մի կողմ»․ Միրա Անտոնյան

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանել ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը

Տիկի՛ն Անտոնյան, Ադրբեջանի թիրախում շարունակում է մնալ խաղաղ բնակչությունը, երեկ հրթիռակոծության ենթարկվեց նաև Ստեփանակերտի ծննդատունը: Միջազգային հանրության, մասնավորապես, մարդու իրավունքներով, երեխաների հարցերով զբաղվող կազմակերպությունների արձագանքը ինչպիսի՞ն պետք է լինի: Կարո՞ղ ենք ակնկալել, որ այս դեպքից հետո քայլեր կձեռնարկվեն։

– Այս փորձը ցույց տվեց, որ մենք գործ ունենք կառույցների հետ, որոնց ձեռքի տակ եղած կարգավորումները, մոտեցումները և այն սկզբունքները, որոնք որդեգրված են, որոնցով պետք է առաջնորդվեն նմանատիպ կոնֆլիկտների կամ ավելի մեծածավալ բնույթ ստացող, պատերազմի վերածվող տարաձայնությունների դեպքում, կարողանան լուծումներ տալ և կանգնեցնել, նրանց այդ գործիքակազմը չի արտացոլում արդի զարգացումները, ժամանակակից աշխարհի պահանջները։

Հետևաբար, այդ կառույցների գլոբալ խնդիրը պետք է լինի երկխոսության նստել միմյանց հետ՝ հասկանալու, թե որ գործիքները կարող են ավելի գործնական, ավելի գործուն լինել: Ակնհայտ է, որ 1950 թվականին՝ Երկրորդ համաշխարհայինից հետո մշակված գործիքները իրենց չեն արդարացնում, այսօր չեն աշխատում։ Սա նշանակում է, որ աշխարհը պետք է նստի և վերանայի իր գործիքակազմը և այդ գործիքակազմի հիմքում դրվող սկզբունքները։

Նայեք՝ մենք դժգոհում ենք, որ լուռ են, չեն արձագանքում, որովհետև, կարծում եմ, իմ նշած այդ պրոբլեմն ունեն։ Եվ ինձ շատ է վրդովում մարդկային զոհերի, այսքան տեղահանումների, այս ամբողջ քաոսի, տակնուվրա եղած ժողովրդի շուրջ լռությունը: Ես այս լռությունը մեկնաբանում եմ հետևյալ կերպ՝ աշխարհն ունի մի սարսափելի օրենք, որ հաշվի է նստում միայն ճանաչված երկրի հետ։

Ինձ թվում է, այդ գործիքակազմը չի բավարարում հենց այդ պատճառով: Աշխարհը համաձայնության է եկել, որ իրենք խառնվում են և հաշվի են նստում որևէ կոնվենցիայի հետ միայն այն դեպքում, եթե խոսքը ճանաչված երկրի մասին է: Իմ կարծիքով՝ միջազգային հանրության կողմից խառնվելու իրավունքը ոչ թե պետք է կախված լինի՝ ճանաչվա՞ծ է երկիրը, թե՞ ոչ, այլ պետք է լինի բոլոր դեպքերում, երբ խախտված է որևէ մեկի իրավունքը, առավելևս, եթե խախտված է մի ամբողջ ազգաբնակչության, տարածաշրջանի իրավունք, և մարդիկ սպանվում են միայն նրա համար, որ հայ են։

Ինձ հունից հանում է այն հանգամանքը, որ մարդիկ կարող են զոհվել, բայց, ոչինչ, որ չճանաչված երկրի մարդիկ զոհվեն, ոչինչ, որ չճանաչված երկրի ծննադատունը ոչնչացվի, այ ոչինչ, որովհետև չճանաչված երկիր է։ Սա է պետք փոխել, որ միջազգային հանրությունը խառնվի երկրների ներքին գործերին։ Եվ սա ճիշտ է ոչ միայն մեզ համար, այսօր աշխարհը տառապում է, արյունաքամ է լինում, նույնն է Սիրիայում, Պակիստանում, Պաղեստինում։ Պետք է ինչ-որ ձևով աշխարհը հասկանա, որ իր ունեցած գործիքակազմը այլևս չի արդարացնում։

– Արդյոք այժմ արվո՞ւմ են քայլեր, որոնք ուղղված են այդ գործիքակազմի վերանայմանը։

– Առայժմ այդ կառույցները ստանում են բոլորիս վրդովմունքը, ամեն մեկն իր ձևով, մենք՝ մեր խողովակներով, Միջազգային սոցիալական աշխատողների ասոցիացիայի անդամ ենք, մենք ունենք ներկայացուցիչներ ՄԱԿ-ում, տարբեր հանձնախմբերում լոբբիստական խմբեր ունենք, մենք այդ խողովակն ենք օգտագործում, որ հասցնենք որոշում ընդունողներին, որ գոյություն ունեցող գործիքակազմը ուղղակի ժանգոտած է, պետք է շպրտել մի կողմ։

Գնում են խոսակցություններ, գնում են բանավեճեր, հազար ու մի հանդիպումներ, բայց դեռևս որևէ գործնական քայլ, հուսադրող որևէ բան, որ այս փորձագիտական խումբը այստեղ նստած աշխատում է այդ բանի վրա, չկա։ Բայց մինչ այդ պետք է փորձել տարբերակ գտնել կրակը կանգնեցնելու։ Որովհետև ցանկացած գործիք մշակելու համար ժամանակ է պետք: Պետք է կրակը դադարեցնել, լինի մեկը, որը Թուրքիային կասի՝ ձենդ կտրի, տեղդ նստի: Ա՛յ էդ ասողը չկա, հիմա պետք է ձեռքերը բռնել ու ասել՝ նստիր, մինչև գործիքը դնենք սեղանին։

– Այսինքն՝ գործիքակազմի մշակման համար երկա՞ր ժամանակ է պահանջվում։

– Անշուշտ, դա համաձայնությունների առարկա է, ճանապարհը այսպես է՝ տարբեր շահեր ներկայացնող, տարբեր մակարդակի փորձագետները նստում, աշխատում են, սկսում են մշակել, դրանք անցնում են հազար ու մի բյուրոկրատական պրոցեսներ, այսինքն՝ մենք պիտի իմանանք, որ լինելով անմիջական պրոբլեմի կրողներ՝ նրանք, ովքեր պրոբլեմի կրողը չեն, նրանք ունեն իրենց ընթացակարգերը, և, ցավոք, այդ ընթացակարգերի զարգացումը բացարձակ չի համապատասխանում մեր ակնկալիքների տեմպին։

Մենք կուզեինք հենց հիմա, գոնե վաղը կամ գոնե մի շաբաթից, մենք կուզեինք հստակ իմանալ, թե երբ վերջապես, բայց նրանք իրենց ընթացակարգերն ունեն, ցավոք, քանի որ նրանք խնդրի կրողը չեն, և, ինչպես տեսնում ենք՝ ոչ մի շտապողականություն չկա։

– Անդրադառնալով ձեր կազմակերպության կողմից այս օրերին արցախահայերի հետ տարվող աջակցության աշխատանքներին, կներկայացնեք՝ ի՛նչ է արվում։

– Մենք առաջին իսկ օրվանից փորձեցինք օգտակար լինել տեղավորման հարցով, այնուհետև այդ հարցով սկսեցին զբաղվել մի խումբ կամավորներ, և մենք ավելի շատ սկսեցինք զբաղվել մարդկանց սոցիալական խնդիրներով։ ՀՕՖ-ի մեր ծրագրերը, ինչքան ռեսուրս ունեինք, որ կարող էինք վերահասցեագրել, փոխել, ծառայեցնել մարդկանց հումանիտար օգնություն տրամադրելուն, առաջինը, որ արեցինք, վերաձևեցինք մեր պրոյեկտները։

Նախաձեռնություն սկսեցինք՝ գնում ենք ապաստարան առ ապաստարան, հյուրանոց առ հյուրանոց, այնտեղ, որտեղ մարդկանց մեծ կուտակումներ կան, հասկանում ենք կարիքները, որտեղ պրոֆեսիոնալ օգնության կարիք կա՝ հոգեբանի, լոգոպեդի և այլն, մոբիլիզացրել ենք մեր մասնագիտական աջակցությունը՝ մոտավորապես 800 սոցիալական աշխատողի ամբողջ Հայաստանով, երեկոյան նրանց հետ վեբինարներ ենք անցկացնում, որ մի մոտեցմամբ աշխատեն, միջամտությունը անգրագետ չլինի։

Չկարևորեն միայն հումանիտար օգնությունը, անպայման կարևորեն մարդկանց ներքինի հետ աշխատանքը, քանի որ մենք գիտենք, թե որքան վատ են երկարատև հումանիտար աղետի հետևանքները, ոնց են փոխում մարդկանց հոգեբանությունը, ոնց են աղճատում: Բոլորս դա տեսել ենք երկրաշարժից հետո, պատերազմից հետո, փորձում ենք նույն սխալը չկրկնել։ Անվերջ խոսում ենք մասնագետների հետ, նաև՝ կոնկրետ դեպքերով:

Հազար ու մի խնդիր ունենք՝ ո՞նց կազմակերպել, ենթադրենք, վիրավորներին այցելությունը, դիալիզով հիվանդներ ունենք, ինչպես նաև՝ ոնց կազմակերպել կամավորների աշխատանքը: Տեղեր կան, որտեղ կամավորներ շատ են գնում, տեղ կա՝ ոչ ոք չի գնում, որպեսզի այս համաչափությունը հանկարծ չխորանա։ Տեղեր ունենք, որ երեխաները առանց անմիջական ծնողների են, խնամողների ներքո են, ուշադիր ենք, Աստված չանի, ի վերջո, երրորդ մարդիկ են, որ երեխաների հետ որևէ բան չլինի, և եթե կա այդպիսի վիճակ, բերում ենք մեր կենտրոն։

Ունեցել ենք արդեն երկու առանց ուղեկցողի երեխա, որ սահման են անցել առանց ոչ մեկի, բերել ենք մեզ մոտ, հետո ընտանիքը գտել ենք, վերամիավորել: Ունեցել ենք երեք երեխա, որոնց հարազատները ճանապարհին են մահացել, և բարեկամների մոտ չեն ուզեցել մնալ, բերել ենք մեզ մոտ։ Մի խոսքով, մատներս վերքի վրա են, ինչ հնարավոր է՝ անում ենք։

Արփինե Արզումանյան

MediaLab.am