«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյան
– Տիկի՛ն Ղազարյան, նորընտիր խորհրդարանի աշխատանքներն արդեն երեք օր է շարունակվում են, ինչպե՞ս կգնահատեք 9-րդ գումարման խորհրդարանում աշխատանքի մեկնարկը նոր ընդդիմության հետ:
– Թեպետ ընդդիմությունը ռեբրենդինգի է գնացել, բայց, ընդհանուր առմամբ, նոր ընդդիմություն չէ: «Ուժեղ Հայաստանում» հանրությանն են ներկայացել որոշ չափով անհայտ անձինք, ու արդեն երրորդ օրն է՝ իրենց ներկայացման գործընթացն է ընթանում խորհրդարանում: Ամեն մեկն իր խոսքով փորձում է ցույց տալ, որ ինքը պատրաստ է աշխատանք կատարելու, այսինքն՝ նախորդ ընդդիմության հետ համեմատած մարտավարությունը փոխվել է, բայց բոլորիս է հայտնի, թե ընդհանուր առմամբ իրենք ինչ տրամաբանությամբ ու նպատակով են գտնվում խորհրդարանում: Իհարկե «Հայաստան» դաշինքը մնաց իր սկզբունքներին հավատարիմ, չնայած այն հանգամանքին, որ նախորդ ընտրություններում 29 մանդատ ուներ, իսկ այսօր արդեն՝ 12, ու կարելի է ասել, որ իրապես «մաշվեցին», այնուամենայնիվ շարունակում են նույն ճանապարհով գնալ, ինչը չի կարելի ասել «Ուժեղ Հայաստանի» մասին:
– Կառուցողական աշխատանքը որքանո՞վ եք իրատեսական համարում:
– Դեռ վաղ է այդ մասին ենթադրություններ անել, որովհետև պետք է աշխատանքները սկսեն, նոր հասկանանք, թե ի՛նչ ոճով են աշխատում ընդդիմադիրները: Մի բան կարող եմ փաստել, որ երեկ եղավ ԱԺ նախագահի ընտրությունը, փաստացի մեկ ընդդիմադիր խմբակցություն մասնակցեց քվեարկությանը՝ ի տարբերություն նախորդ ընդդիմադիրների, իհարկե դեմ քվեարկեցին, բայց մասնակցեցին: Մեկ բան էլ է նկատելի, որ դահլիճում միշտ ներկա են, կարծես չեն բացակայում նիստերից, ինչը լավ է: Բայց սա ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ իրենք որոշել են վերցնել իրենց պաշտոնները խորհրդարանում, ու այս հանդարտ պահելաձևը միտված է նրան, որ կարողանան մեզանից քվե ստանալ:
– Տիկի՛ն Ղազարյան, նկատի ունեք, որ փորձում են այդ կերպ սիրաշահե՞լ ձեր խմբակցությանը, որպեսզի իրենց թեկնածուներին ընտրեք:
– Կարծում եմ՝ այո՛, մարտավարություն են ընտրել, բայց թե ինչքան կմնան այդ մարտավարությանը հավատարիմ, չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ այս պահին իրենք նաև դրա համար փորձում են բարեկրթության սահմանների մեջ մնալ:
– Ասացիք, որ «Հայաստան» դաշինքը հավատարիմ է մնացել իր ոճին, ի՞նչ նկատի ունեք:
– Կոնկրետ որ տեսնեք Իշխան Սաղաթելյանի առաջին օրվա ելույթը, ակնհայտ է, որ կրկնում են նույն թեզերը, ինչը կար 2021 թվականին: Իրենք առաջ են քաշում ու պնդում անհիմն թեզեր, որով հետագայում կարդարացնեն իրենց չաշխատելը: Տիգրանաշենի թեման են շոշափում, ինչի մասին մենք վաղուց ու հստակ խոսել ենք, ներկայացրել մեր պատկերացումները դրա վերաբերյալ, քաղբանտարկյալների մասին են խոսում, ինչը երբեք չի եղել Հայաստանում: Նրանց մոտ նույն ձայներիզն է, ոչինչ չի փոխվել, շարունակում են կեղծ մեղադրանքներ հնչեցնել իշխանության հասցեին:
– Տիկի՛ն Ղազարյան, այս նստաշրջանում և՞ս հանրությունը տեսնելու է նիստերի դահլիճում կռիվներ, հայհոյանքներ:
– Հաշվի առնելով՝ ովքեր են ներկայացված ընդդիմադիրների ցուցակներում, ես դա չեմ կարող բացառել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















