«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը
– Պարո՛ն Առաքելյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարը պնդում է, թե Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար, որ այդ օրը Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ: Մասնագիտական ի՞նչ հաշվարկների հիման վրա է նման տվյալների հրապարակում արվել:
– Էկոնոմիկայի նախարարը կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իր ոլորտին, որովհետև ակնհայտ սխալ տեղեկություն է տրամադրում հանրությանը՝ մասնավորապես նշելով, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ շուրջ 900 դոլար է ծախսում: Այդ հաշվարկները վերաբերում են երկարաժամկետ արձակուրդին՝ 10-15 օրվա արձակուրդին, երբ մարդիկ գալիս են Հայաստան: Ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում խոսքը մեկ-երկու օրվա մասին է, ու նույն էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հրապարակման մեջ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծախսում է մոտ 50 դոլար, եթե դիտարկենք նաև այն, որ զբոսաշրջիկների մեծ մասն առավելապես Վրաստանից կամ Իրանից էր եկել: Հետևաբար, եթե համադրենք այդ թվերը, թեկուզ հաշվի առնենք նաև տոմսի վաճառքը և այլն, ապա ակնհայտ է, որ զբոսաշրջիկների ծախսած գումարը մի քանի անգամ քիչ է, քան նախարարի հրապարակած հերթական կեղծ տեղեկությունն է:
– Հնարավո՞ր է, որ ներկայացված տվյալների վրա որոշ չափով ազդել են հաշվարկների մեթոդաբանական մոտեցումները կամ դրանց բացակայությունը:
– Իհարկե, երբ ամեն ինչ մանիպուլացնում ու մեծ-մեծ խոսում են, դրա համար մեծ ջանք պետք չէ, հերթական անպատասխանատու հայտարարությունն է: Հերթով թող գումարեն, տեսնենք՝ այդ 13 միլիոնը որտեղի՛ց են ստացել, մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է։
Զբոսաշրջիկները եկան, հաշվե՞լ եք՝ քանի հոգի եկավ, քանիսը գնաց, քանիսը մնաց, այդ սահմանային հաշվառման մոնիթորինգն արե՞լ եք, վստահ եմ՝ մի մասը Վրաստանից է եկել մեքենայով ու նույն օրն էլ հետ է գնացել, ծախսերն էլ բավականին քիչ են եղել:
Այնքան նրբություններ կան, եթե դետալային խոսենք, ապա Վրաստանում ու Իրանում վառելիքը շատ ավելի էժան է, քան Հայաստանում, մարդիկ սեփական մեքենաներով, իրենց երկրում վառելիք լցրած եկել են, հիմնականում երիտասարդներ են, որոնք սնվում են ֆասթ ֆուդերում, գնում են 3 դոլարանոց շաուրմա, այսինքն՝ չեն գնում ռեստորաններում 20-30 դոլարով հաց ուտում:
Ընդհանրապես մշակութային տուրիզմի ծախսերը քիչ են լինում, որովհետև չեն գալիս ընտանիքներով, երեխաներով, որի պարագայում ավելի շատ ես ծախսում՝ որպես զբոսաշրջիկ, քան՝ ընկերների հետ:
– Այդ դեպքում, ինչու՞ է նախարարի մակարդակով արվում հրապարակում, որը, ըստ ձեզ, չի համապատասխանում իրականությանը
– Դե եթե այդ նույն մարդն ասում էր՝ Հայաստանի անկախության օրն այն օրն է, երբ մենք Արցախը կորցրեցինք, դրանից հետո զարմանա՞նք այս մարդու գրածների վրա, այս մարդն ինքնին խայտառակություն է Հայաստանի համար: Զարմանալ, որ այս մարդը չի կարողանում 3 թիվ իրար գումարել՝ իմաստ չկա:
– Պարո՛ն Առաքելյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այս համերգին կառավարության մասնակցությունը ընդհանրապես:
– Ես չեմ ուզում ծայրահեղացնել, ցանկացած հարց պետք է դիտարկել արդյունավետության տեսանկյունից, բայց ոչ թե ֆինանսական արդյունավետության: Իհարկե անհրաժեշտ է, որ Հայաստանում համերգներ կազմակերպվեն, բայց դրանք կազմակերպելու ձև կա: Եթե սա արվում է նրա համար, որ մենք դառնանք մշակութային տուրիզմի երկիր, ապա սա պետք է լինի ամեն ամիս, դա պետք է կազմակերպվի, օրինակ՝ Գյումրիում, որպեսզի տուրիզմն ու մշակույթն այնտեղ զարգանան, զբոսաշրջիկների համար այնտեղ հասնելն ավելի հեշտ կլինի, քան Երևան, պայմանական եմ ասում Գյումրին, կարող է լինել նաև Վանաձորը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից համերգ կազմակերպելուն, դա արդեն այլ մոդել է: 6-ի փոխարեն թող 7-8 միլիոն ծախսեին, համերգն անեին բացօթյա, անվճար: Այս ամենի մեջ ամենագլխավորը պետք է լինի թափանցիկությունը՝ կառավարման տեսանկյունից, ամեն բան պետք է արվի առավելագույնը բաց ու թափանցիկ: Նման միջոցառումները բավականին դրական են, բայց այն ձևով, որով կազմակերպվում են, շատ խոցելի են, ու սա ևս մեկ անգամ խոսում է իշխանության նկատմամբ հանրային մեծ անվստահության մասին, որովհետև իշխանության ամեն արածի մեջ ռիսկեր են տեսնում:
-Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանում տեղի ունեցած համերգի կազմակերպման համար վճարված գումարը գերազանցում է նմանատիպ միջոցառումների բյուջեն այլ երկրներում, ինչը որոշ շրջանակներում հարուցել է կոռուպցիոն ռիսկեր հետ կապված մտահոգություններ։ Ձեր կարծիքով՝ այս գործընթացում թափանցիկության կամ հիմնավորվածության առումով խնդիրներ տեսնո՞ւմ եք:
– Չեմ բացառում, բայց առաջին հայացքից գնահատական տալը շատ դժվար է նման միջոցառումների պարագայում, այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ բարձր են, ծառայությունների ոլորտը մշտապես իր մեջ ավելի մեծ կոռուպցիա է պարունակում, հետևաբար այս դեպքերում պետք է մեծ մրցույթ հայտարարվի, որ Կառավարությունն ուզում է առաջիկա 5 տարիներին կազմակերպել 10 համերգ, թող մրցույթում առաջադրվեն կազմակերպությունները, մանրամասն ներկայացնեն բոլոր դետալներն ու անհրաժեշտ ծախսերը: Բայց այս իշխանության պարագայում որևէ խնդրի վերաբերյալ չկա որևէ համակարգային լուծում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















