Երկնքի ու երկրի արանքում. ազատ թռիչքի նվիրյալները

Երկնքի ու երկրի արանքում. ազատ թռիչքի նվիրյալները
Երկնքի ու երկրի արանքում. ազատ թռիչքի նվիրյալները

Ազատ ճախրանքի սիրահար պարապլաներիստները հանգստյան օրերն անցկացնում են ոչ թե տանը նստած, այլ լեռներում, որտեղ կարողանում են վայելել թռիչքի բերկրանքը:
Պարապլաներիզմով զբաղվող մոտ 30 անձինք այս հանգստյան օրերին էլ չզլացան և Երևանից ուղևորվեցին Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղ, որի հարակից սարի բարձրությունից էլ տրվեցին իրենց ամենասիրած զբաղմունքին՝ երկինքը զարդարելով մեծ, գույնզգույն պարապլաններով: Պարապլաներիզմի սիրահարներն ասում են, որ Հայաստանի լեռնային լանդշաֆտն ու կլիմայական պայմանները իդեալական են այս մարզաձևի համար:

Պարապլանը սավառնակ է, ինչպիսին, օրինակ, դելտապլանն է, և, չնայած պարաշյուտի հետ արտաքին նմանությանը, այն իր կիրառությամբ ոչ մի ընդհանուր բան չունի պարաշյուտի հետ: Ինչպես բոլոր ճախրող թռչունները և սավառնակները, այնպես էլ պարապլանը տևական թռիչքների համար օգտագործում է ջերմային (երբ արևը անհավասարաչափ ջերմացնում է երկրի մակերևույթը, և առավել տաքացած հատվածների հետ շփվող օդը բարձրանում է վերև) և դինամիկ (երբ քամու ժամանակ օդը վեր է բարձրանում լեռների լանջերով) վերամբարձ օդային հոսանքները, ինչի շնորհիվ հնարավոր է ճախրել ավելի քան 7 ժամ և այդ ընթացքում կտրել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր (այս պահին աշխարհի ռեկորդը 461 կմ է):

Պարապլաներիզմն էժան մարզաձև չէ, անհրաժեշտ ամբողջ հանդերձանքի գինը կարող է հասնել մինչև 2500 դոլարի: Միջազգային կազմակերպություններից մեկի հայաստանյան գրասենյակում աշխատող շոտլանդացի Ջոնաթան Ֆերրաբին, ով ևս հաճախ մասնակցում է այդ թռիչքներին, կարողացել է նույնիսկ Հայաստանի դրոշի գույներով պարապլան գնել:

Պարապլաներիստ Հարություն Աճեմյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանում պարապլանով առաջին թռիչքները իրականացրել են «Հայաստանի փոքր ավիացիայի ակումբի» անդամները` 1996 թվականին: 2001-ին ակումբը պաշտոնապես լուծարվեց, սակայն նրա անդամները շարունակում էին զբաղվել այս սպորտով` չունենալով որևէ իրավական կարգավիճակ և միայն 2004 թվականից սկսեցին հանդես գալիս Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության կազմի մեջ: Իսկ 2008 թվականին հայ պարապլաներիստները հիմնեցին Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիան:

«Ֆեդերացիան զբաղվում է Հայաստանի տարբեր վայրերում թռիչքներ իրականացնելով, նոր անդամների ուսուցանմամբ և այդ մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ այլ գործունեությամբ: 2009 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պարապլաներային սպորտի փառատոն: Ներկայումս ֆեդերացիան ունի ավելի քան 30 անդամ, որոնցից 7-ն ունեն Հայաստանից դուրս տարբեր կարգի մրցումներին մասնակցելու համար անհրաժեշտ գիտելիքներ և թռիչքային փորձ»,- ասում է Աճեմյանը:

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am