Հետագա բլոկադան կարող է հանգեցնել սովի, և Ադրբեջանի այս վարքագիծը տեղավորվում է ցեղասպանական գործողությունների շրջանակում. փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը

– Պարո՛ն Խալաթյան, ադրբեջանցի ինչ-որ անձինք 50 ժամից ավելի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, թույլ չեն տալիս մարդկանց մուտք գործել Արցախ, բացի այդ, անջատել են Արցախ մատակարարվող գազը: Սա միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ խնդիրներ է առաջացնում:

– Ադրբեջանը նման գործողություններով շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը, որը, կհիշեք, նախկինում հիմք ստեղծեց 88-ի հայտնի Ղարաբաղյան շարժման համար:

Արցախի ժողովուրդը ավելի քան 30 տարի պայքարում է իր ինքնորոշման իրավունքի իրացման համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմքում ընկած է «Անջատում հանուն փրկության» կոնցեպտը: Եթե ազգային հանրույթը այլ պետության կողմից ենթարկվում է էքզիստենցիալ հետապնդումների, որը սպառնում է վերջինիս կյանքին, մշակութային, կրոնական ինքնությանը, ապա այդ հանրույթն ունի պետությունից անջատվելու և ինքնուրույն պետություն ստեղծելու իրավունք:

Ադրբեջանի այս գործողությունները տեղավորվում են ցեղասպանական գործողությունների շրջանակում՝ նկատի ունենալով նաև գազամատակարարման անջատման փաստը: Փաստորեն Արցախի ժողովուրդը կտրվել է արտաքին աշխարհից, խախտվել է Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժվելու իրավունքը, մարդկանց կյանքի ու առողջության համար էական ռիսկեր են առաջացել, քանի որ մարդիկ մնացել են ցուրտ պայմաններում, պարենամթերքի սահմանափակ պաշարներ են մնացել, հետագա բլոկադան կարող է հանգեցնել սովի:

Արցախի բնիկ ժողովրդի կենսագործունեության համար ստեղծվել են անհաղթահարելի խոչընդոտներ, որը տեղավորվում է ցեղասպանություն հանցագործության շրջանակում, ինչը սահմանվում է միջազգային կոնվենցիաներով ու շատ հայտնի փաստաթղթերով:

– Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ ուժերի անմիջական ազդեցության գոտում նման իրավիճակ է ստեղծվել: Արդյոք այդ առաքելությունը պատշաճ չի՞ իրականացվում, ինչի հետևանքով նման խնդիր է առաջացել:

– Ադրբեջանի հանցավոր գործունեության և ռուս խաղաղապահների թողտվության հետևանքով մենք ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտում, որով պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործարկումը, երբ տրանսպորտային միջոցները կարող էին անխոչընդոտ անցնել այդ ճանապարհով:

Ռուս խաղաղապահներն էլ իրենց հերթին են խախտել նույն հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը՝ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը:

Տվյալ պարագայում և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը երկուստեք խախտել են այդ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

– Արցախի իշխանության ներկայացուցիչները պահանջներ են ներկայացնում ՄԱԿ-ին, ակցիաներ են արվում Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ: Բացի այդ, և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Դավիթ Բաբայանը Ֆրանսիայում ու տարբեր առիթներով հայտարարում են ռուս խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային մանդատ տալու անհրաժեշտության մասին: Արդյոք իրավաչա՞փ են այս պահանջները:

– Ես կարծում եմ, որ Արցախի պատվիրակության այցը Ֆրանսիա կարող ենք չհաջողված համարել: Հայկական դիվանագիտության աշխատանքի շնորհիվ ստեղծված այն հնարավորությունը, որ ստեղծվել է Արցախի խնդրի հետագա միջազգայնացման առումով, Արցախի իշխանության կողմից թերևս պատշաճորեն չի իրագործվում:

Արայիկ Հարությունյանը և Դավիթ Բաբայանը ակնհայտ պրոռուսական հայտարարություններ են արել, մասնավորապես, ֆրանսիական հեռուստաալիքի եթերում Արայիկ Հարությունյանը մեղադրել է Արևմուտքին, Դավիթ Բաբայանը ՄԱԿ-ից մանդատ է պահանջել: Այդ քայլերով ջուրն են գցում հայ դիվանագիտության աշխատանքը:

Ստացվում է ՝ Հայաստանի վարած քաղաքականությունը չի համապատասխանում Արցախի իշխանությունների իրական նպատակներին:

Ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները որդեգրել են միակողմանի, պրոռուսականություն, իսկ Հայաստանի իշխանությունները բազմավեկտոր քաղաքականություն են վարում ու ցանկանում են հասնել Արցախի հարցում թերևս ռուսական մենաշնորհի վերացմանը ու նոր դերակատարների ներգրավմանը:

Սակայն որպես ելակետ պետք է ընտրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ լուծվում են միջազգային անվտանգության և խաղաղության հետ կապված հարցերը, մասնավորապես, խաղաղապահ առաքելությունները իրենց մանդատը նախևառաջ ստանում են ՄԱԿ-ի ԱԽ-ից, հետևաբար Հայաստանը այդ հարցը պետք է անպայմանորեն բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում:

– Դուք հիշատակեցիք «Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, արդյոք ժամանակը չէ՞ սկսել առաջ տանել այդ գաղափարը:

– Իհարկե ժամանակն է, և «Անջատում հանուն փրկության» կոնցեպտի շրջանակներում կարելի է որոշակի նախնական քայլեր համարել Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի Կառավարության ներկայացրած հայցը:

Բայց այդ, որպեսզի քաղաքականությունը բյուրեղացվի, մեզ շատ երկար ճանապարհ է սպասում: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ամրագրվի այն փաստը, որ Արցախի ժողովրդին էքզիստենցիալ վտանգ է սպառնում, և միայն դրանից հետո է հնարավոր շարունակել խնդիրը ներկայացնել իրավական հարթակներում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am