Սոթքում խուճապ ու ընկճվածություն չկա, ցավոք սրտի, արդեն սովորել ենք կրակոցներին. Սոթքի ղեկավար

«Կրակոցների հետևանքների ու առհասարակ կրակոցների մասին ոչինչ ասել չեմ կարող, ՊՆ-ն ավելի հստակ կասի, ես բնակավայրի մասին կարող եմ ասել, որ այս պահին հանգիստ իրավիճակ է, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված, գյուղում կրակոցներ այս պահին լսելի չեն»,- «Մեդիալաբին» ասում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ «ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»։ 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակչությանը ադրբեջանական զորքերը չեն խանգարում մշակել իրենց հողերը: «Բնակիչները սովորական ձևով այս պահին իրենց ցանքսն են կատարում կամ ցանքսը մշակում են, որ խոչընդոտ լիներ, կարծում եմ, դուք էլ տեղյակ կլինեիք: Այս պահին արտառոց որևէ բան չունենք»,- ասում է Սևակ Խաչատրյանը:

Սոթքի ոսկու հանքի վերաբերյալ համայնքապետը հրաժարվեց որևէ բան ասելուց՝ պատճառաբանելով, թե հստակ տվյալներ չունի։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակահերթերի հետևանքով հանքը դադարեցրել է աշխատանքները բաց վայրերում, ու որոշ ծավալով շարունակվում են աշխատանքները միայն հանքի փակ հատվածում, որպեսզի աշխատակիցների անվտանգությունը հնարավոր լինի ապահովել։

Սոթքի հանքում աշխատում են հիմնականում հարակից սահմանային բնակավայրերում ապրողները, հանքն ավելի քան 700 աշխատակից ունի, որոնց մեծ մասն այժմ հարկադրված պարապուրդի է մատնված։

«Համայնքում խուճապ ու ընկճվածություն չկան, որովհետև, ցավոք սրտի, արդեն սովորել ենք կրակոցներին»,- եզրափակում է Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am