«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». «Ազատ դեմոկրատների» հայտարարությունը

«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». «Ազատ դեմոկրատների» հայտարարությունը
«Մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի քաղաքացիներին». «Ազատ դեմոկրատների» հայտարարությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ: 

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները  խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:

Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում և կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք ևս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:

Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իրեն հասանելի միջոցներով  աջակցություն ու զորակցություն հայտնել հանուն  ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու  համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն»