Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն. ԱԳ նախարար

Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցելու Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայանալուն՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։ 

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը: 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկվում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- ասել է նախարարը:

Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելություններն ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»: