Ինչպե՞ս նշել մի բանի օր, որը կեղծիքով է ընդունվել. «Հանուն Հանրապետության քաղաքական խորհուրդ»

Ինչպե՞ս նշել մի բանի օր, որը կեղծիքով է ընդունվել, կեղծիքով բարեփոխվել, կեղծիքով է գործում կամ չի գործում, որը ընդհանրապես կեղծ է դարձրել Հայաստանի կյանքը որպես պետություն, որպես ինքնիշխան հանրապետություն:

Բայց, մյուս կողմից, Սահմանադրությունը մեր վերջին ելքն է:

Մենք այլ ելք չունենք, քան դեպի Սահմանադրություն գնալը, ու պետք է այնքան «թափառենք», մինչև հնարավորինս շատ թվով մարդիկ հանգեն այս պարզ ճշմարտությանը:

Թե այդ ճանապարհին ով ինչպես և ինչի շնորհիվ կամ պատճառով կգա այդ ճշմարտությաներևի թե էական չէ. մեկը կգա սեփական գիտակցմամբ, մյուսը վախից, երրորդը` մեկ ուրիշ պատճառով: Բայց բոլորս պետք է գանք ի վերջո, որովհետև առանց դրա նշանակում է շարունակել մղձավանջը, իսկ մենք մղձավանջի ռեսուրս չունենք:

Հետևաբար Սահմանադրությունը մեր վերջին հանգրվանն է, որտեղ ավարտվելու է մեր թափառումն ու սկսվելու է անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը:

Այդ իմաստով, Սահմանադրության օրը ապագայի տոնն է:

Իհարկե, խիստ ցանկալի կլիներ, որ տոնը ներկայինը լիներ, որ մենք այլևս կասկածով չվերաբերվեինք Սահմանադրության լեգիտիմությանը, նաև հստակ զգայինք, որ ապրում ենք մի երկրում, ուր յուրաքանչյուրս պաշտպանված ենք Սահմանադրության զրահով: Բայց, ավաղ, այդպես չէ, այդ տոնը մեզ համար դեռ ներկա չէ, բայց այն, որ գոնե ապագա է, հույս է ներշնչում, որ մի գեղեցիկ օր մենք կապրենք սահմանադրական ներկայում և մեր ձեռքով կկառուցենք մեր ու մեր զավակների լուսավոր ապագան:

Եվ ուրեմն, շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա` ապագայի տոնի կապակցությամբ, և մաղթում ենք յուրաքանչյուրիս սահմանադրական ապագան հնարավորինս շուտ մոտեցնելու ուժ, առողջություն, կամք և գիտակցություն:

Հանուն Հանրապետության քաղաքական խորհուրդ
Հուլիսի 5, 2022թ․