Գերմանացի պաշտոնյաները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ կոչ անելով անհապաղ բացել այն

Գերմանացի պաշտոնյաները կոչ են անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որն ամբողջությամբ արգելափակվել է Ադրբեջանի կողմից` հարուցելով հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերմանացի պաշտոնյաները այս մասին հրապարակումներ են արել «Թվիթեր»-ի իրենց պաշտոնական էջերում։

«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելը անհնար է դարձել, անընդունելի է։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի իրավիճակը ավելի չլարվի»,- գրել է Բունդեսթագի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը։

ԳԴՀ կառավարության՝ Հարավային Կովկասի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի հետ միջհասարակական համագործակցության հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Բունդեսթագի պատվիրակության ղեկավար Ռոբին Վագեները նշել է, որ խորը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: «Բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի տեղի բնակչության բարեկեցությունը, որով և պետք է առաջնորդվել: Այն ներառում է մարդկանց և ապրանքների տեղափոխման բոլոր ուղիների՝ ներառյալ Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ լինելու երաշխիքը»,- գրել է Ռոբին Վագեները:

Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կանաչների խմբակցության Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Մերլե Շպելբերգն ընդգծել է, որ, այս շաբաթվա դրությամբ, արդեն կա դրական նորություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: «Այս օգնությունը կարող է մեղմել սուր արտակարգ դրությունը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ցանկացած շրջափակում հրատապ կերպով պետք է դադարեցվի։ Մարդկային կյանքերը աշխարհաքաղաքական լծակ չեն կարող լինել»,- նշել է նա։