ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր իմ գործընկերները խորհրդարանում քննարկում էին՝ աշխատի՞ արտակարգ դրության այս ընթացքում խորհրդարանը, երբ մեկտեղ, մի դահլիճում հավաքվում է միանգամից 132 պատգամավոր, լրագրողներ, աշխատակազմը, ու էլի լիքը աշխատողներ, թե՞, անցնենք օնլայն աշխատանքի ռեժիմի, ինչպես աշխարհի մի շարք խորհրդարաններ։
Ես չեմ սիրում պաթետիկ աղմուկ ու «լժե հերոսական» ինքնազոհություններ, զզվում եմ իրենց տներում նստած եւ հայրենասիրությունը փեշակ դարձրած տեսակից, բայց գտնում եմ, որ այո, խորհրդարանը պիտի աշխատի, անգամ եթե այս ընթացքում մեր ընդունած օրենքները աշխարհացունց չեն։
Պիտի աշխատի, որպեսզի նաեւ հանրության մեջ ավելորդ խուճապ չլինի, որ եթե անգամ խորհրդարանն է պարալիզացվում, ուրեմն ամեն ինչ իրոք վատ է, շատ վատ։
Պիտի աշխատենք, որ նաեւ լրացուցիչ խուճապ եւ նյարդ չմտնի հանրության մեջ։
Ինչը, իհարկե, չի նշանակում, որ եթե անգամ դահլիճում, հասկանալի տեխնիկական պատճառներով հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել, ռիսկը բացառող մնացած կանոնները չպետք է պահպանվեն։
Իսկ մեր հանրությանը հորդորում եմ այս դեպքում չհետեւել խորհրդարանի օրինակին եւ տնից դուրս գալի միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։