Թուրքիայի նախագահը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից.Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: 

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը: 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նորր Անկարան կբացի սահմանները:

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Սակայն արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»։

Ըստ նրա՝  Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական է տրամադրված և հետապնդում է ամբողջական  կարգավորում ու բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Էրդողանը հիշեցրել է նաև Թուրքիայում ապրող ավելի քան 100 հազարից ավել հայերի մասին՝ ավելացնելով. «Այժմ Թուրքիայում 100 հազարից ավել հայ կա` մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի, բայց թեկնածու հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: