Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրերս տարածեց հաղորդագրություն այն մասին, որ բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:
«ՀՀ քաղաքացին, տիրապետելով զինկոմիսարիատի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իր կապերը, նախնական համաձայնության գալով բուժհաստատության աշխատակցի հետ, 2019թ. ամառային զորակոչի ընթացքում, 3000-8000 ԱՄՆ դոլարի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների առկայության վերաբերյալ կեղծ ախտորոշումների հիմքով 5 զորակոչիկի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Factor.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս գործը փոխանցել է ՀՀ Քննչական կոմիտեի վարույթ։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին և Մակիչ Զախարյանին։
«Մուշեղ Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 200 հոդվածի 3-րդ մասով, 214 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով։ Մակիչ Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 38-200 հոդվածի 3-րդ մասով, 38-214 հոդվածի 1-ին մասով։ Մուշեղ Միրիջանյանը հարուցված քրգործի շրջանակում հարցաքննվել է »,- հայտնեցին Քննչական կոմիտեից։