«Նոյեմբերի 9-ին դադարեց Երրորդ հանրապետության քաղաքական կյանքը, և Չորրորդ հանրապետության հիմնադրման անհրաժեշտությունը քաղաքական հրամայական է». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պուտինն այսօր իր խոսքում հայտարարեց, որ Ռուսաստանը ԼՂ-ում հետևելու է Մինսկի խմբի սկզբունքներին, դրան էլ նախորդել էր Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը: Ինչպե՞ս եք գնահատում, որ Պուտինը վկայակոչել է Մինսկի խմբի սկզբունքներին հետևելու մասին: Ինչ-որ բա՞ն է փոխվել այս առումով:

– Իմ կարծիքով՝ այսօրվա հանդիպումը նշանակված էր այն հաշվարկով, որ ԱՄՆ-ում հունվարի 6-ին նախատեսված պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ կիրականացվի, և միջազգային հարաբերություններում կստեղծվի իրավիճակ, որը հնարավորություն կտա անտեսելու միջազգային իրավունքի նորմերը: 

Նման պայմաններում այսօրվա հանդիպումը կարող էր դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցման պայմանագրի ստորագրման համար հնարավորություն:

Սակայն քանի որ ԱՄՆ-ում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը տապալվեց, Ռուսաստանի հնարավորությունները՝ շրջանցել Մինսկի խումբը և սեպարատ պայմանագիր կնքել առանց Մինսկի խմբի մյուս համանախագահների մասնակցության, անհնար դարձավ: 

Փաստորեն Վլադիմիր Պուտինը վկայակոչում է Մինսկի խմբի սկզբունքները, որոնք ի սկզբանե բացակայել են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ: Որովհետև եթե եռակողմ հայտարարության մեջ այդ սկզբունքները հաշվի առնվեին, Քարվաճառն ու Լաչինը կմնային հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, քանի դեռ չէր որոշվել Արցախի վերջնական կարգավիճակը: 

– Մոսկվայի այսօրվա հանդիպմանը նախորդել էր բավականին մեծ աղմուկ, խոսվում էր հնարավոր վտանգավոր փաստաթղթի ստորագրման մասին: Այս բոլորը խառնաշփոթ ստեղծելու, մանիպուլյացիաներ անելու և քաղաքական անկայունություն ստեղծելու համա՞ր էին արվում:

– Իսկապես մեծ անորոշություն կար այդ մասով: Նորից կրկնեմ, որ ես այն կարծիքին եմ, որ նախատեսվում էր ստորագրել հակամարտության դադարեցման պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը կամրապնդեր նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթները, բայց դա անհնար դարձավ, քանի որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջումը տեղի չունեցավ: 

Ֆրանսիայի դիրքորոշումը բոլորին է հայտնի, այն արտահայտված է Սենատի և Ազգային ժողովի բանաձևերում: Այն անորոշ իրավիճակը, որ Հայաստանում կա, ես չեմ կարծում, որ լիովին անտեղի էր: Այն ուներ նախադրյալներ, բայց աշխարհաքաղաքական դասավորությունը բացառեց, որ այդպիսի զարգացում լինի, որից Հայաստանում շատերն ուզում էին խուսափել: 

Իմ կարծիքով՝ մեր խնդիրը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում, որովհետև այսօր կարելի է ասել, որ ո՛չ ռուսական զորքի ներկայությունը տարածաշրջանում, ո՛չ առհասարակ տեղի ունեցած փոփոխությունները որևէ միջազգային պայմանագրով հաստատված չեն, ամրագրված չեն: 

Դա Ռուսաստանի համար, Ադրբեջանի համար լուրջ խնդիր է: Նրանք, իհարկե, այս հանդիպման արդյունքում փորձեցին ցույց տալ, որ կա բանակցային գործընթաց եռակողմ ձևաչափով, բայց ավելին չկարողացան անել: 

– Արմեն Սարգսյանը ծավալուն հոդված է հրապարակել, որով ազդարարում է Երրորդ հանրապետության ավարտն ու Չորրորդի սկիզբը, ընդ որում՝ որպես հիմնական նորություն է հայտարարվում սփյուռքի և Հայաստանի միացումը և հայ համայնքների ներուժի օգտագործումը: Ինչո՞ւ հիմա նման ծավալուն հոդվածով հանդես գալու անհրաժեշտություն եղավ: Դուք նախկինում փոփոխություններին միտված նրա առաջարկն ընդունելի էիք համարում, հիմա ինչպե՞ս եք գնահատում այդ հոդվածը, և կարո՞ղ է այն անկյունաքարային փոփոխություններ առաջացնել:

– Նոյեմբերի 9-ին, իսկապես, դադարեց Երրորդ հանրապետության քաղաքական կյանքը, և Չորրորդ հանրապետության հիմնադրման անհրաժեշտությունը քաղաքական հրամայական է: 

Այսինքն՝ այդ մասով անվիճելի է թեզը, որ հարկավոր է ոչ թե Սահմանադրության փոփոխություններ, բարեփոխումներ, այլ պարտավոր ենք ունենալ նոր Սահմանադրություն և նոր Հանրապետության հիմնադրում: 

Քաղաքական և քաղաքաիրավական առումով տարբեր հետևանքներ ունեցող քաղաքական գործընթացներ են: Իհարկե, անվիճելի է նաև, որ փլուզվել է այն անվտանգության համակարգը, որը 30 տարի գործել է, ըստ որի Ռուսաստանը Հայաստանում ընկալվել է որպես անվտանգության երաշխավոր:

Բնական է, որ սփյուռքն իր ներուժով Հայաստանի անվտանգության նոր համակարգի համար ունենա մեծ դերակատարություն: Դա այն քաղաքական խնդիրն է, որն իսկապես արտահայտում է առկա քաղաքական անհրաժեշտությունները: 

Բնական է, որ նախագահի կողմից նման կարծիք արտահայտելը դրական հետևանքներ կունենա Հայաստանում քաղաքական գործընթացների համար: 

– Առաջիկայում նման գործընթացների՞ հետ գործ կունենանք:

– Ես ենթադրում եմ, որ իշխող կուսակցությունը և ընդդիմության մի մասը՝ այդ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դաշինքը, կողմնակից չեն լինի նոր Սահմանադրության ընդունմանը և Հանրապետության նորացմանը: 

Իրենք կառչելու են այս գոյություն ունեցող իրավակարգին, որն իրականում չունի լեգիտիմ հիմքեր: Գիտենք, որ բազմաթիվ խախտումներ էին արձանագրվել 2015-ին Սահմանադրության հանրաքվեի քվեարկության ժամանակ: 

Այսինքն՝ այդ կուսակցություններից բացի, իմ կարծիքով, քաղաքական սպեկտրի մյուս հատվածը հակված կլինի իսկապես այնպիսի քաղաքական գործընթացի, որը հնարավորություն կտա նորոգել մեր պետությունը և միջազգային հարաբերությունների նոր սուբյեկտ հիմնադրել:

Մանե Հարությունյան

MediaLab.am