«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ». հրկիզել է նախկին կնոջը` վրեժխնդրության պատճառով

«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ». հրկիզել է նախկին կնոջը` վրեժխնդրության պատճառով
«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ». հրկիզել է նախկին կնոջը` վրեժխնդրության պատճառով

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ: Մորս օր ու արեւ չի տվել: Սաղ կյանքը բերդերն ա եղել: Փոքր երեխա էի, հիշում եմ, որ մերս գաղութ պերեդաչի էր տանում հորս, իրա` ղումարով կրված պարտքերն էր փակում»,- այսպես է հիշում Լուսինեն հարազատ հորը, որը վերջերս հրկիզելով սպանել է կնոջը` Լուսինեի մորը:

Հունվարի 20-ին Արմավիրի մարզի Առատեշեն գյուղում ժամը 06.00-ի սահմաններում Լուսինեի հայրը` Լեւոն Հ.-ն բենզինը լցրել ու հրկիզել է  նախկին կնոջը` Օֆելյա Մովսեսյանին: Կինն այն աստիճանի այրվածքներ է ստացել, որ չի կարողացել դիմադրել եւ այրվելու 3-րդ օրը մահացել է հիվանադանոցում: Ներկայումս ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում է տիկին Օֆելյայի ներկայիս ամուսինը` Ռոլանդ Բաբայանը, որը կնոջը այրվելուց փկելու փորձ է արել, բայց, ցավոք, ինքն էլ բավականին լուրջ այրվածքներ է ստացել:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 72-ամյա Ռոլանդ Բաբայանի մարմնի մակերեսի 35 տոկոս ու շնչուղիների այրվածքներ ունի. «Հիվանդանոց ընդունվելուց ծանր էր, հիմա բավականին կարողացել ենք կայունացնել վիճակը, բայց կա ծերունական տարիք, որը միշտ խանգարում է մեզ, դեռ հայտնի չէ, նա կապրի՞, թե չէ:  Այրվաքծները խորն են, վիրահատության կարիք կա, երբ վիճակը մի քիչ բարելավվի, նոր կդիմենք վիրահատության»:

Չնայած Ռոլանդի գիտակցությունը պարզ է ու անընդհատ հարցնում է կնոջ մասին, բայց նրա հարազատներն ու բժիշկներն իրականությունը թաքցնում են նրանից. գուցե սիրտը չդիմանա: «Ասում ենք` Օֆելյային տարել են ուրիշ հիվանդանոց»,-մեզ հետ զրույցում ասում է Ռոլանդի թոռնուհին: Իսկ տիկին Օֆելյայի մարմնի 90 տկոսոն է այրվել. սա, ինչպես վստահեցնում է բժիշկը, կյանքի հետ անհամատեղելի էր, ուստի կինը չդիմացավ:

Ռոլանդն ու Օֆելյան մի քանի տարի է բնակվում էին Առատաշեն գյուղում. գյուղապետն ասում է` Ռոլանդը 10-12 տարի առաջ տնամերձ էր ձեռք բերել, հետո տնակ էր տեղադրել, ու կնոջ հետ վերջին 5 տարում իրենց կյանքով հաշտ ու խաղաղ ապրում էին այդ տնակում, երկուսն էլ Երեւանից էին տեղափոխվել գյուղ: «Գյուղի էն չոլի հատվածում, իրենք մի ուրիշ կյանքով, մի ուրիշ աշխարհով էին ապրում»,-պատմում է Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:

Գյուղացիները մեզ հետ զրույցում, որոշ ենթադրություններով ասում են, թե  նախկին ամուսինը, երեւի  նախանձելով ու խանդից դրդված է լուսաբացին վեր կացել, Երեւանից եկել գյուղ ու վառել նախկին կնոջը: Իսկ գյուղապետն ասում է. «Եթե խանդի թեմա լիներ, էդ վառողին կտեսնեինք ստեղ, կգար-կգնար, փոքր գյուղա, բոլորս իրար ճանաչում ենք, նա էլ մեր գյուղից չի, ու ոչ էլ էս կողմերն մինչեւ դեպքի օրը երեւացել է»:  

«Ոչ խանդ է, ոչ էլ` նախանձ: Էդ ամենը բամբասանք է: Ծնողներս շատ վաղուց բաժանված են: Հայրս ամուսնացած է ուրիշ կնոջ  հետ, 6 տարեկան տղա ունի: Եթե ուզում եք ճիշտն իմանալ` տան կռիվ էր: Եղբորս օրենքով պատկանող տունն է ուզում խլել: Հերիք չէ` ամբողջ կյանքում հայրություն չարեց, հարազատ երեխային էլ ուզում է անտուն թողնել»,- պատմում է Լուսինեն:  Բնակարանային վեճը նախկին ամուսինների միջեւ նոր չէ ծագել. արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ նախկին կնոջը հրկիզող Լեւոն Հ-ն տարբեր միջոցների է դիմում բնակարանին տիրանալու համար: Լուսինեն պատմում է, որ մոր վերջին խոսքն է եղել` «Էդ տանը տիրություն կանեք, էդ ձեր տունն ա: Ջահել, 53 տարեկան մորս տարա հողին հանձնեցի, ես հորս երբեք չեմ ների, նա տենց էլ մեզ հեր չեղավ, սաղ կյանքը մեզ վատություն արեց, եսիմ քանի հատ դատվածություն ունի, տարիներով նստած ա եղել: Եկավ բենզինը լցրեց մորս ու դոմիկի վրա, բա չէր մտածո՞ւմ աղջիկն ու թոռներն էլ են մեջը եղել, բա որ էրեխեքին մի բան լիներ: Բա ես ո՞նց ներեմ նրան:

Դեպքի օրը Լեւոն Հ-ն տնակն ու նախկին կնոջը հրկիզելուց հետո ինքն է զանգահարել ոստիկանություն ու շտապ օգնություն. գյուղացիներից մեկին էլ ասել է` «Այ մարդ, էս «սկոռին» ու միլիցիան խի՞ են ուշանում, կնկաս ու դոմիկն եմ վառել»:

Լեւոնը հիմա ձերբակալված է, ամբողջությամբ ընդունել է իր մեղքը եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: «Բնակարանային խնդիր է, բնակարանից վտարելու հարցի շուրջ վրեժխնդիր լինելու շարժառիթով է Լեւոնն այդ արարքը կատարել: Ամողջը պատմել է: Գործը դեռ նախաքննության փուլում է, փորձաքննություններ եւ այլ գործառույթներ պետք է իրականացվեն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` սպանության փորձ եւ դիտավորությամբ գույքի վնասում»,-վստահեցնում է ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնի պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մամանդյանը:

Նելլի Բաբայան

ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի