«Ոչ մեկիս արյունը մյուսից կարմիր չէ, ոչ մեկը վերին արտի ցորեն չէ, բոլորս պետք է ենթարկվենք կանոններին». Վահե Տեր-Մինասյան

Լուսանկարը՝ Hetq.am

Հայտնի ուռուցքաբան, «Մի՛ վնասիր» հաղորդման վարող, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը հիասթափված է մարդկանցից, պատճառը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներին մարդկանց արձագանքն է։ Նա դժվարությամբ, բայց համաձայնեց պատասխանել «Մեդիալաբի» մի քանի հարցերի՝ ընդգծելով․ 

«Տեղադրեք նյութը, ու հանկարծ կգա մի 14-15 տարեկան մեկը ու ամենագռեհիկ ձևով կգրի՝ տո քեզ ո՞վ ա ինչ-որ բան հարցնում, դու ո՞վ ես, որ ինձ խորհուրդներ տաս, կարո՞ղ ա քեզ փող են տալիս։ Դու ուզում ես մարդկանց ինչ-որ խորհուրդ տաս, վտանգից հեռու պահել, հանկարծ նման արձագանք։ Իհարկե հիասթափված եմ»։

Մասնագետի խոսքով՝ համավարակի, դրա առաջացնող վտանգների ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը մերժելու մասին մարդկանց թերահավատությունը կրթական ցածր մակարդակի մասին է վկայում։ 

«Ստեղծված վիճակի հիմքում ընկած է մեր կրթական մակարդակը, ֆանտաստիկ ցածր մակարդակը։ Երբ դու՝ որպես մասնագետ, որպես բժիշկ, փորձում ես խոսել, ոչ մեկին չես վիրավորում, ոչ մեկի մասին վատ բան չես ասում ու նման արձագանք ես ստանում, դա կրթության հարց է»,- նշում է մասնագետը։

Հակառակը՝ Վահե Տեր-Մինասյանն ասում է, որ համաճարակով թելադրված պայմաններում հանրության բոլոր հատվածները պետք է միասնական լինեն․ 

«Ես չեմ ուզում առանձնացնել բժիշկ կամ այլ մասնագիտության տեր մարդկանց, մենք բոլորս մեկ ազգ ենք, մեկ հասարակություն ենք, ու բոլորս պետք է իրար թիկունք կանգնենք, իրար հետ միասնաբար լինենք՝ անկախ մեր քաղաքական մոտեցումներից, անկախ մեր շահերից։ Ցանկացած բժիշկ, որն ունի առողջապահության ոլորտին վերաբերող ավելի ինֆորմացիա, պետք է փորձի բացատրել, ինֆորմացիա տալ, օգնել, որ իր կողքի այլ մասնագիտության տեր մարդը ավելի ճիշտ ու շուտ կարողանա կողմնորոշվել»։

Նրա ներկայացմամբ՝ կորոնավիրուսը մինչ այժմ բոլոր մասնագետներին անծանոթ հիվանդություն է եղել, և որոշակիորեն կարող է լինել գիտելիքների պակաս, հետևաբար դրա վերաբերյալ նախկին հայտարարությունները, մոտեցումները ժամանակի ընթացքում կարող են փոխվել։

«Ես կարող եմ այսօր ասել այսպես, բայց որոշ վիճակագրություն հավաքվի ու պարզվի՝ չէ՛, գիտեք, իրականում այսպես ասելն այնքան էլ նպատակահարմար չէր։ Բայց մենք ինչ էլ որոշենք, ինչ էլ անենք, պետք է միասնական անենք։ Օրինակ՝ շատ քննարկվում է դիմակներ, ձեռնոցներ դնելու պահը։ Հասարակ բան՝ ես որպես բժիշկ, իմ մտածողությամբ, իմ գիտելիքով, կարծում եմ, որ ձեռնոցը ոչ միայն ավելորդ է, այլ նաև ինչ-որ չափով խանգարում է։ Դա իմ մասնագիտական կարծիքն է։ Բայց այսօր պարետատունն ասում է՝ ձեռնոց դրեք, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խանութ գնամ, ուր գնամ, իմ ձեռնոցը կդնեմ։ 

Եթե կանոնը կա, եթե օրենքը կա, ապա միանշանակ, այդ կանոնը պետք է լինի բոլորիս համար, որովհետև ոչ մեկիս արյունը մյուսից կարմիր չէ, ոչ մեկը վերին արտի ցորեն չէ, բոլորս պետք է ենթարկվենք կանոններին։ Այդ դեպքում միայն՝ իրար օգնելով, իրար ջան ասելով, ջան լսելով, մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը։ 

Ինչքան իրար միս ուտենք, ինչքան իրար տակ փորենք, այնքան մարդկանց մոտ խառնաշփոթ կառաջանա, ինչքան շատ բան ասեն, այնքան մարդկանց հավատը կկորչի և՛ բժշկի հանդեպ, և՛ քաղաքական գործչի, և՛ բոլորի հանդեպ»,- ասում է բժիշկը։ 

Նախօրեին նա կորոնավիրուսի հետևանքով կորցրել է իր գործընկերոջը, և համավարակից մահերի թվերը դադարել են նրա համար վիճակագրություն լինելուց։ Տեր-Մինասյանն ասում է՝ վտանգը ամենուր է, և չպետք է սպասել, որ հարազատ-բարեկամը մահանա, հետո միայն հավատաք համաճարակի վտանգներին։

«Կարելի է ընդամենը բժշկին լսել, բժշկին հավատալ։ Այդքան բան։ Նայե՛ք բժիշկների աշխատանքը, ոնց են առավոտից գիշեր տանջվում՝ տուն-տեղ, ընտանիք մոռացած ․․․ Հո իրե՞նց համար չեն ասում, հո ձեր թշնամի՞ն չեն, հո ձեր վատը չե՞ն ուզում»,- նշում է նա։

Դիտարկմանը, թե մարդիկ հաճախ փորձում են որոշումներում տրամաբանություն փնտրել, Տեր-Մինասյանն արձագանքեց․ 

«Չպետք է ամեն ինչի մեջ լոգիկա փնտրել։ Կան նեղ մասնագետներ, որոնց թվին ես չեմ պատկանում, որոնք գտնում են, որ ճիշտը դա է։ Եղբա՛յր, դու մասնագետ չես, բժիշկ չես, խնդրում եմ՝ քո կարծիքը քեզ պահիր, այն քննարկիր քո ընկերների, հարևանների շրջապատում, բայց ենթարկվել պարտավոր ենք բոլորս, միասին»։

Իրավիճակն այնպիսին է, որ ամեն օր, ըստ մասնագետի, ավելի է մեծանում ծանրաբեռնվածությունը առողջապահության համակարգի վրա, իսկ այդ համակարգին օգնելու ամենաճիշտ ձևը ոչ թե սոցցանցերում գրառումներ կատարելն ու ֆլեշմոբեր կազմակերպելն է, այլ մասնագետներին լսելը։ 

«Ֆեյսբուքում պետք չի ստատուս գրել, թե՝ վայ, մենք ձեզ շատ սիրում ենք, պետք չի ինչ-որ ֆլեշմոբեր անել, պետք է միայն մեկ բան՝ քեզնից կախված ամեն ինչ անել, որ դու առողջապահության համակարգի կարիքը չունենաս: Քեզանից այդքանն է հասնում, դու՝ որպես սովորական քաղաքացի, արա դա»,- ընդգծում է Վահե Տեր-Մինասյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am