Ոչ մի օր մի՛ մոռացեք Կարեն Ղազարյանին

Ոչ մի օր մի՛ մոռացեք Կարեն Ղազարյանին
Ոչ մի օր մի՛ մոռացեք Կարեն Ղազարյանին

Մի խելացի ու ոչ սենտիմենտալ մարդ, որի հետ քննարկում էի Կարեն Ղազարյանի ճակատագրի հարցն ու հնարավոր քայլերն ընդհանրապես և մասնավորապես իմը՝ որպես քաղաքացի, որն ունի մեդիա հարթակի հնարավորություն, ինձ ասաց, որ աղոթքի պես մի բան է չճանաչած մարդու համար անհանգստանալն ու նրան մտքում պահելը, ու մեր չճանաչած աշխարհում դա երևի մարդուն պաշտպանում է։

«Ամեն դեպքում քո անհանգստությունն է, որ մարդկանց շարժում է տեղերից։ Դու շարունակիր անհանգստանալ, որովհետև այդ տղայի ապահովությունը քո՝ սեփական կոմֆորտից մի քիչ զիջելն է»։

Եվ ուրեմն, ես զիջում եմ իմ կոմֆորտից ինչքան որ պետք է ու իմ անհանգստությամբ փորձում եմ մարդկանց շարժել տեղից, որովհետև այլ լծակ այս հարցում ես չունեմ։ Խոսքը Ադրբեջանում քսան տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի մասին է։

Ադրբեջանում, խիստ ռեժիմի պայմաններում Կարեն Ղազարյանը պետք է անցկացնի իր տարիները։ ՄԻԵԴ-ում լավագույն արդյունք ունենալու դեպքում անգամ այս տղան երկար ժամանակ կմնա Ադրբեջանում։

Մինչ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում Հայաստանը աղմուկ բարձրացնի առևանգված ու ձերբակալված ՀՀ քաղաքացու մասին, ինչը նվազագույնն է, որ պիտի արվի՝ սոսկալի երկար ժամանակ կանցնի։ Իսկ ժամանակն այս դեպքում սոսկալի է, որովհետև մեզնից ոչ ոք չգիտի՝ ի՛նչ պայմաններում է արթնանում Կարեն Ղազարյանը, ինչպե՛ս է անցնում նրա օրը, ի՛նչ պայմաններում է պահվում։

Սա այն շատ լուրջ դեպքն է, որի լուծման դեպքում Հայաստանի քաղաքացին կզգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, որովհետև նման դեպքերում մարդն ինքը կամ իր հարազատները չէ, որ պիտի հոգան հարցի լուծումը, այս հարցի տերը, առաջացած մարդկային ողբերգության տերը պետությունն է։ Սա քաղաքական հարց է, որի լծակը միմիայն պետության ձեռքին է։

Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտու բնակիչները, որոնք քիչ չեն, բայց քչանում են իրենց կյանքին սպառնացող վտանգի ու անհնար սոցիալական պայմանների պատճառով, և որոնք իրենց այդտեղ գտնվելով երաշխավորում են սահմանամերձ տարածքի գոյությունը որպես բնակավայր, հակառակ դեպքում դա անմարդաբնակ ու անպիտան տարածք է, որի համար, ամենամեծ ցանկության դեպքում իսկ նույն կերպ չեն պայքարում, ինչպես եթե այդտեղ դպրոց ու մանկապարտեզ է գործում, ձմռանը՝ տանիքից բարձրացող ծուխ։

Եվ եթե տարիներ շարունակ մենք, մասնավորապես՝ ես, մեջբերում էի, որպես սարսափելի տեքստ «Մոսկվա» կինոթատրոնում մտավորականության հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ սահմանամերձ գյուղերի պայմանների մասին հնչեցրած հարցին իր ապշեցնող պատասխանը, թե «եթե այսօր հարթավայրում կամ մոտակայքում կա մի գյուղ, որտեղ ապրում է 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով, գազիֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգվել են, մանկապարտեզ կա՝ ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այդ գյուղում ապրեր, մինչև ձեռներս հասնի այն վերևի գյուղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք», ապա ինչ տրամաբանությամբ այսօր ավելի մեղմ ու ըմբռնող պիտի լինենք սահմանամերձ գյուղից առևանգված գյուղացու կյանքին սպառնացող վտանգի հարցում պետության լռության հանդեպ։

Պետությունը միակն է, որ կարող է փրկել Կարեն Ղազարյանի կյանքը։ Իսկ Կարեն Ղազարյանի կյանքը փրկելով՝ հավատ ներշնչի սահմանամերձ տարածքների ծանրագույն պայմաններում ապրող կարևոր բնակչությանը, որ պետությունն իրենց թիկունքին է ամենաանլուծելի թվացող խնդրի ժամանակ։ Եվ դրանից հետո միայն պետությունը կարող է պահանջել, հուսալ, խնդրել, որ սահմանամերձ տարածքի կարևոր բնակչությունը մնա իր տներում ու մեր բնակեցված սահմանից չնահանջի։

Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանում անցկացրած ամեն օրը պետք է դառնա ՀՀ բնակչության ամենօրյա անհանգստությունը, որտեղ էլ նա ապրելիս լինի՝ Տերյան- Սայաթ-Նովայի խաչմերուկի իր հարմարավետ տանը, Վարդենիսում թե Տավուշի սահմանամերձ գյուղերում, որտեղ ամեն օր կարող է կրկնվել նույնը։ Եվ սովորական բնակչին բնավ չի հետաքրքրում, թե անանցանելի հոնուտներ ու մոշուտներ կան, և սահմանը հսկել չի լինում, թե մառախուղի դեպքում տեսանելիությունը շատ ցածր է։

Անձամբ ես այս կարգի բաներ շատ եմ լսել մեկ այլ սահմանի մասին, իսկ հետո, երբ տեղի ունեցավ ողբերգությունը, պարզվեց, որ շատ կարճ ժամանակում ամեն ինչ կարելի էր անել և արվեց։

Ամեն ինչ էլ հնարավոր է իրական ցանկության դեպքում։

Կարեն Ղազարյանի հարցը մեկ գյուղացու չնչին ու չերևացող կյանք չէ։ Սա հենց այն դեպքն է, երբ մեկ շարքային մարդու թիկունքին հայտնվելով որպես պետություն, պետությունը հաստատում է իր լինելը։ Մեկ սովորական մարդու կյանքի անվտանգության համար մղած պայքարը ամենակարևորն է, որովհետև մեկ շարքային մարդու մեջ առաջանում է պետության հանդեպ խոնարհում։ Իսկ այստեղից սկսվում է Հայրենիքը։

Հիշո՞ւմ եք՝ մեկ գումարած մեկ, գումարած մեկ․․․ ա՛յ հենց հիմա այդ «մեկերից» մեկի կյանքի հարցն է, մեկ շարքային քաղաքացու կյանք գումարած մեկ շարքային քաղաքացու կյանք, գումարած ևս մեկ շարքային քաղաքացու կյանք, և ծնվում է պետության հանդեպ լուրջ համակրանք՝ առանց նոր հիմնի ու հինավուրց զինանշանի, ուղղակի՝ համակրանք պետության հանդեպ, հարգանք ու պատրաստակամություն այդ պետությանը ծառայելու՝ հարկ եղած դեպքում։

Երևանի կենտրոնից մինչև Ամասիա, Արագածոտնից մինչև Ղարաբաղ՝ բոլորի անհանգստության առարկան պիտի լինի ամեն օր Ադրբեջանի նման երկրում ձերբակալված ՀՀ քաղաքացու կյանքի թեման։ Եվ որպեսզի լավ պատկերացնեք դրա սարսափը՝ ամեն օր, սուրճ խմելիս, ճաշելիս, կինո նայելիս, մեքենայով խցանման մեջ լինելու պահին, առավել ևս ՝ հեուստատեսությամբ ելույթ ունենալիս, մի պահ պատկերացրեք, որ դա ձեր ընտանիքի անդամն է։

Պատկերացրեք մանրամասն, մտածե՛ք նրա զգացածի մասին, սրտի զարկերի, սարսափի աստիճանի, ֆիզիկական առողջության ու հոգեկան վիճակի մասին, ու կտեսնեք, որ ցավը կխելագարացնի ձեզ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ի՛նչ պայմաններում է պահվում Կարեն Ղազարյանը, և գոնե մինչև նրա հարցի լուծումը, նրա անվտանգության երաշխիքները պետք է ապահովեն միջազգային կառույցները, իսկ դա կլինի պետության բարձրացրած աղմուկի դեպքում միայն։

Այ, հիմա հնարավոր ու անհնար դեցիբելներով աղմկելու պահն է։

Իրականում սա մեր նոր պետության առաջին լուրջ փորձություններից է, որովհետև քաղաքական հարց է ու ամենակարևոր բանի՝ մեկ շարքային քաղաքացու կյանքի հարց, որի վտանգված լինելու մեղավորը քաղաքականությունն է, ու ոչ թե ինքը՝ շարքային քաղաքացին։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am