Հայաստանում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը. «Ազատություն»

Հայաստանում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը ամենասովորական սառնարանից հանեց կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին թեստը: «Սա թեստի նախատիպն է», – ցույց տվեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Չորս փոքրիկ սրվակներից ամեն մեկում տարբեր նյութեր են, միասին՝ մեկ թեստ, որ նախատեսված է 50 հոգու հետազոտության համար: Եվս 2 հազար հատ դեռ պետք է արտադրվի. կառավարությունը գումար է հատկացրել 100 հազար թեստի համար:

«Մենք պետք է համոզված լինենք, որ այդ 2000 տուփն էլ կլինի այն որակի և այն ճշտության, որը պետք է այդ ախտորոշման լաբորատորիաներում ախտորոշման համար», – նշեց Առաքելյանը:

Այժմ առաջին սրվակների փորձարկման փուլն է, լուծույթը հավաքվում, ապա տեղադրվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի ախտորոշիչ սարքի մեջ: Ինստիտուտի տնօրենի կանխատեսմամբ՝ փորձարկման փուլը մոտ 10 օրից կավարտեն:

«Առաջին փուլը մենք անում ենք լաբորատոր ներքին փորձարկումներ՝ կոմպոնենտների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Երկրորդ փուլով մենք անելու ենք ներքին, բայց ադեն հիվանդներից անջատած նմուշների վրա, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ դրականը տվել է դրական, բացասականը՝ բացասական: Դրանից հետո մենք թեստեր տալու ենք արդեն երևի թե Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին, որպեսզի իրանք էլ անկախ թեստավորեն», – ասաց տնօրենը:

Ավելին՝ սկզբաղբյուրում։