«Պետք է ներկայացնենք մանրամասն դիմում և փորձենք պայքարել մեր իրավունքների համար». Ալվինա Գյուլումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՍԴ արդեն նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը

– Տիկի՛ն Գյուլումյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու ՄԻԵԴ-ի կողմից երեկ կայացված որոշումից հետո, որով մերժվեց միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ձեր դիմումը:

– Դա ընդամենը միջնորդություն է, որը մերժվել է: Բնականաբար, արդեն պետք է ներկայացնենք մանրամասն դիմում և փորձենք պայքարել մեր իրավունքների համար: Այսինքն՝ Եվրոպական դատարանի բոլոր դիմումների նման սովորական ընթացակարգով գնալու ենք: Այսքանը կարող եմ ասել:

– Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ-ի երեկվա որոշումը:

– Դա դատարանի գնահատողական աշխատանքն է: Հիմա ես չեմ կարող ձեզ դա մանրամասն բացատրել, դրա համար ավելի մանրամասն զրույց է պետք:

– Տիկի՛ն Գյուլումյան, արդեն հավաքե՞լ եք ձեր իրերը ՍԴ-ից, արդյոք դեռ գնալո՞ւ եք աշխատանքի, թե՞ ոչ:

– Աշխատավայր գնալը պայքարելու ձև չէ, դա ընդամենը շոու ստեղծելու ձև է: Բայց աշխատավայր, բնականաբար, պետք է գնացվի, որովհետև եթե անգամ այդ ապօրինի որոշումն ուժի մեջ մտած համարենք, մենք այնտեղ անձնական իրեր ունենք, ի վերջո, վերջնահաշվարկի խնդիր ունենք:

Ի վերջո, տարիներով այդտեղ աշխատել ենք: Ես Եվրոպական դատարանից 5 տարի է՝ հեռացել եմ, բայց ամեն տարի ինձ անցաթուղթը տրվում է:

Այսինքն՝ այն բեյջը, որ ունեցել եմ, կողքը մի փոքրիկ Re է ավելացվում, և ես անընդհատ կարող եմ գնալ դատարան, երբ ցանկանամ: Հիմա մեզ մոտ այդ մշակույթը չկա, ոստիկանը կանգնեցնում է, լավ է անում, մենք հո չե՞նք գնալու ոստիկանի հետ ընդհարման: 

MediaLab.am