220,000 քաղաքացիների վարկերի համաներում՝ ընտրակաշա՞ռք թե սոցիալական աջակցություն. Մեսրոպ Առաքելյանը՝ նոր նախագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, Կառավարությունը նոր նախագիծ է մշակել, որով նախատեսվում է շուրջ 220 հազար քաղաքացու, որոնք սև ցուցակում են հայտնվել, չորս անգամ կրճատել առնվազն երեք տարի չվճարած անհուսալի վարկերը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նոր որոշումը, որքանո՞վ է այն թեթևացնելու նշված խմբի սոցիալական բեռը։

– Այդ նախագիծը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը առնվազն երեք տարի փոքր է 1 մլն դրամից։ Ընդհանրապես համաներումները շատ հաճախ հանրության մոտ բացասական վարքագծի պատճառ են դառնում, այսինքն՝ մարդիկ մտածում են, որ կարելի է անընդհատ ինչ-որ պարտավորություններ չկատարել՝ մի դեպքում՝ վարկեր, մյուս դեպքում՝ ճանապարհային ոստիկանության տուգանքներ, միևնույն է, մի օր Կառավարությունը կների, ինչը նման մարդկանց համար արդեն բնավորություն է դառնում։ 

Այդ տեսանկյունից նման գործիքակազմը արդյունավետ չէ, բայց մյուս կողմից՝ այն մոդելը, որը կիրառվում է, խոսում է նրա մասին, որ մարդիկ սրա պատճառով խուսափում են գրանցված աշխատանքից, որովհետև Հարկադիրն արգելանք է դնում աշխատավարձերի վրա: Հիմա Կառավարությունն ասում է՝ եթե դուք գրանցված աշխատեք, մենք ձեր աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով ձեր վարկը կմարենք, որը, միևնույն է, ձեզ վրա այդքան բեռ չի լինի, այնտեղ մնում է 20 տոկոս։ 

Ես վստահ եմ, որ այդ 220 հազար քաղաքացիների մեծ մասը նաև չգրանցված աշխատանք չունի, հետևաբար իշխանությունը հերթական մանիպուլյացիան է անում՝ չտիրապետելով կամ տիրապետելով իրականությանը։ Այսինքն՝ չկա 220 հազար մարդու վարկի մարման մասին որոշում, հետևաբար ես բավականին թերահավատ եմ, որ սա լուրջ ազդեցություն է ունենալու այդ մարդկանց կյանքի որակի վրա, որովհետև շատերը խուսափում են նման գործընթացներից։ Պատկերավոր ասած՝ մարդ, որն այդ վարկը չի մարում ու չգրանցված աշխատող է, պրակտիկ կյանքում ասելու է՝ շառից-փորձանքից հեռու, ոնց կա, թող այդպես էլ մնա, այս որոշումն այսօր կա, վաղը չկա, կարող է հետո ինչ-որ փաստի առաջ կանգնենք, հետևաբար, այս տեսանկյունից ես հակված չեմ մտածելու, որ 220 հազար մարդու կյանքում արագ բան է փոխվելու։ 

Մյուս կողմից էլ՝ գնահատական տալ, թե սա ինչ ազդեցություն է ունենալու, կարծում եմ, առնվազն մի վեց ամիս է պետք հասկանալու համար։ Պետք է նախ տեսնենք, թե քանի մարդ է դիմելու այս ծրագրին, որովհետև շատ ենք տեսել՝ Կառավարությունը կաբինետներում նստած որոշումներ է ընդունում, հետո իրական կյանքում տեսնում ենք՝ այդ որոշումները չեն գործում, հետևաբար դեռ վաղ է գնահատական տալ։ Այս ծրագիրը խնդիրներ ունի սոցիալական տեսանկյունից, բայց մյուս կողմից էլ, եթե ընդհանուր գաղափարը նայենք՝ համաներումներն ունենում են բացասական ազդեցություն։ 

Տեսեք՝ ֆիզիկական անձը մասնավոր բանկից վերցնում է վարկ, պետության ֆունկցիան այստեղ բացակայում է։ Երբ համաներումը վերաբերում է քաղաքացի-պետություն գործընթացին, ապա ինչ-որ տեղ կարող ես ասել, որ պետությունը իր գործառույթների շրջանակներում մարդկանց օգնում է, բայց երբ մարդը խախտում է արել ոչ թե պետության նկատմամբ, այսինքն՝ բանկից վարկ է վերցրել ու չի մարել, հիմա պետությունը փաստացի օգնում է ոչ միայն այս մարդուն, այլ նաև բանկին, որ բանկի վարկը մարվի։ Այսինքն՝ պետբյուջեից փող է տրամադրվելու, ու այդ փողը, թեև մենք նայում ենք սոցիալական համատեքստում, բայց այդ փողն ուր է գնում, երբ դու, պայմանական ասած, որպես պետություն՝ ճանապարհային տուգանք ես ներում, ասում ես՝ մեկ է, այդ մարդը չի վճարում տուգանքը, ու փաստացի ոչ թե պետությունը վճարում է այդ տուգանքը, այլ, ժողովրդի լեզվով ասած, այդ տուգանքը ջրվում է: 

Պետության կյանքում բան չի փոխվում, բայց հիմա այդ փողը պետությունը տալիս է բանկին, այսինքն՝ փաստացի, պետությունը բյուջեի հաշվին բանկերի վարկերն է մարում, որի մարման ուղղությամբ բանկերը որևէ ակնկալիք չունեին, քանի որ խոսքն անհուսալի համարվող վարկերի մասին է, որ առնվազն չորս տարի ժամկետանց են։ Բայց հիմա, չգիտես ինչու, պետությունը որոշել է, որ այդ մարդկանց փոխարեն բանկերի գումարը վճարելու է ինքը, հետևաբար բազմաթիվ խնդիրներ կան։

– Այսինքն՝ այստեղ առաջնային շահողը բանկե՞րն են լինելու։

– Այո՛, հետևաբար ես կարծում եմ, որ մի քանի ամիս հետո նոր հնարավոր կլինի գնահատել սրա արդյունավետությունն ու նոր խնդիրները, որոնք առաջացնելու է այս ծրագիրը։

– Պարո՛ն Առաքելյան, սա նաև բացասաբար չի՞ ազդելու պարտաճանաչ քաղաքացիների վրա։

– Ազդում է, էլի եմ ասում, համաներումը վարքագծի ու նաև միջավայրի խնդիր է։

– Այս ծրագրի վերաբերյալ արդեն որոշակի կարծիքներ են հնչել են, ու ի թիվս այլ կարծիքների ասվում է, որ Կառավարությունը, ըստ էության, իր ընտրազանգվածի 220 հազար քաղաքացու օրինական ընտրակաշառք է առաջարկում։ Համակարծի՞ք եք։

– Դա ակնհայտ է, փորձ է արվում, հիշենք 2018-ին այդ ճանապարհային ոստիկանության տուգանքների ներումը և այլն, ակնհայտ տեխնոլոգիա է, բայց էլի եմ ասում, հաշվի առնելով, որ կան բավականին խնդիրներ, մեկ տարի հետո կտեսնենք, թե քանի տոկոսն է օգտվում սրանից։ Բնականաբար, նպատակը ընտրակաշառքն է, բայց թե ցանկալի արդյունք կտա՞, բավականին հոռետես եմ այդ տեսանկյունից, վստահ չեմ, որ 220 հազար հոգու ընտրակաշառքը տեղ է հասնելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am