«Ցանկացած անձ 3 օրում կարող է վարորդական վկայական ստանալ և անգամ տաքսի ծառայություն մատուցել, հետո սկսում ենք բողոքել». «Վարորդի ընկեր», Տիգրան Քեյան

«Ցանկացած անձ 3 օրում կարող է վարորդական վկայական ստանալ և անգամ տաքսի ծառայություն մատուցել, հետո սկսում ենք բողոքել». «Վարորդի ընկեր», Տիգրան Քեյան
«Ցանկացած անձ 3 օրում կարող է վարորդական վկայական ստանալ և անգամ տաքսի ծառայություն մատուցել, հետո սկսում ենք բողոքել». «Վարորդի ընկեր», Տիգրան Քեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը։

– Պարո՛ն Քեյան, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, որ առաջարկում է քննարկել երթևեկության արագության շեմը Երևանում 50 կմ/ժամ սահմանելու հարցը՝ ներկայիս 60 կմ/ժամի փոխարեն։ Այս հարցը բուռն քննարկվում է։ «Վարորդի ընկերը» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի օր է՝ հարցում է անցկացնում՝ պարզելու՝ կո՞ղմ են քաղաքացիներն այս առաջարկին, թե՞ ոչ։ Մեծամասնությունը դեմ է արտահայտվում, ո՞րն է պատճառը, և ո՞րն է խնդրի վերաբերյալ ձեր տեսակետը։

– Նախքան այս հարցը մի շարք խնդիրներ կան, որոնք իշխանությունները պետք է լուծեն։ Նախ՝ երթևեկության կազմակերպման լուրջ փոփոխություններ պետք է անեն։ Երկրորդ՝ երթևեկության անվտանգության հարցի միակ լուծումն այսօր մարդկանց կրթելն է՝ թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի, որ քաղաքացին գիտակցի՝ չի կարելի խախտում կատարել։ 

Մի շարք միջոցառումներ, փորձեր ցույց են տվել, որ նրանք ոչ մի կերպ չեն կարողացել դրա դեմ պայքարել։ Թե՛ տեսանկարահանող սարքեր ներդնելով, թե՛ ուժեղացված հսկողություն իրականացնելով այդ հարցը չի լուծվել։

Այսինքն՝ անվտանգությունը հսկելու և կարգավորելու միակ լուծումը լուրջ սոցիալական գովազդները, անձանց կրթելու լուրջ գործողություններն են, որպեսզի մարդը հասկանա, որ չի կարելի խախտում անել, դա անթույլատրելի է։ 

Մարդը գիտակցելով պետք է չձգտի խախտում կատարել։ Մեզ մոտ հակառակ պրոցեսն է կատարվում, մենք ստեղծել ենք մի իրավիճակ, որ ցանկացած անձ երեք օրում կարող է վարորդական վկայական ստանալ և դուրս գալ երթևեկության մեջ, անգամ տաքսի ծառայություն մատուցել։ Հետո մենք սկսում ենք բողոքել, թե այս ինչ է կատարվում երթևեկության հետ։ 

– Քաղաքապետը բերեց այլ երկրների փորձը՝ նշելով, որ եվրոպական շատ երկրներում էլ երթևեկության արագությունը 50 կմ/ժամ է։

– Այլ երկրներում չկա նման ահավոր երթևեկության կազմակերպում, չկան չերևացող ու թաքնված լուսացույցներ, ջնջված գծանշումներ, ինչպես Երևանում է։ Ես ինքս երթևեկել եմ տարբեր եվրոպական երկրներում, նման խնդրի առաջ չենք կանգնել, այնտեղ երթևեկությունը կազմակերպված է բարձր մակարդակով, դրա համար էլ նրանք սահմանափակում են արագությունը։ Եթե վերցնենք նորմալ երթևեկող տրանսպորտային միջոցի միջին արագության ցուցանիշը, այսօր Երևան քաղաքում դա 50 կմ/ժամ ժամ չի էլ կազմում։ Եթե իմ մեքենայի միջին արագությունը վերցնեմ, 50 կմ/ժամ չի կազմում։

– Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ ընդդիմացան քաղաքապետի այս առաջարկին։ Հասարակությունը կարծես պատրաստ չէ արագությունն իջեցնելու տարբերակին։

– Քաղաքացիներից շատերը պնդում են, որ Երևանում կան փողոցներ, որտեղ կարելի է երթևեկության արագությունը բարձրացնել, ոչ թե նվազեցնել։ Իսկ այստեղ խոսքը ամբողջ Երևան քաղաքի մասին է, ոչ թե միայն որոշ փողոցների։ Այսինքն՝ առանձին փողոցների վերաբերյալ վերլուծություններ չկան։

Իսկ մի շարք եվրոպական կամ այլ երկրների օրինակը բերելիս պետք է նաև մեր իրավիճակն ու մենթալիտետը հասկանանք։ Մեզ մոտ տրանսպորտ գոյություն չունի, որը գոյություն ունի եվրոպական երկրներում։ Եվրոպական մի շարք երկրներում մեծ մեքենաներ հիմնականում չկան, հիմնականում փոքր ու կոմպակտ մեքենաներ են, նեղ կամ միակողմանի երթևեկող փողոցներն են շատ։

Այսինքն՝ շատ հանգամանքներ կան, որոնք եվրոպական երկրներում ճիշտ են կազմակերպված, և դա հնարավորություն է տալիս երթևեկության արագությունը սահմանափակել՝ դրանով անհարմարություններ չստեղծելով վարորդների համար։

– Վերջին մեկ տարում շատ են դժգոհությունները, որ երթևեկության վիճակը հատկապես Երևանում վատացել է։ Մյուս կողմից՝ գրեթե ամեն օր լսում ենք վթարների, ողբերգական դեպքերի մասին։ Դուք ի՞նչ եք արձանագրում, ընդհանրապես ինչո՞վ է պայմանավորված այս վիճակը։

– Մինչև անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսը երթևեկության վիճակն ահավոր էր։ Դրանից հետո տենդենցը դեպի լավն է գնում, քանի որ ճանապարհային ոստիկանության կողմից հսկողությունը շատ թուլացված էր, հետո գնալով տեսանկարահանող սարքերի հսկողությունն ուժեղացրին։

Վերջին մոտ 20 օրերին արդեն հենց ճանապարհային ոստիկաններն են ուժեղացված հսկողություն իրականացնում, ինչի շնորհիվ մի քիչ կարգավորվել է երթևեկությունը։ Բայց ես միշտ պնդում եմ, որ մենք չենք կարող ստեղծել մի կառույց, որն այնպիսի հսկողություն կիրականացնի, որ ոչ մի տեղ խախտում չլինի։

Մենք չենք կարող ամեն վարորդի կողքին մի ոստիկան նստեցնել։ Դա պետք է մարդկանց սովորեցնել հենց դպրոցից, մանկապարտեզից, հանրությանը կրթել օրենքներով, երթևեկության իրավունքներով, որ հետիոտն էլ, վարորդն էլ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Վերջերս նման փորձեր են արվում, բավական հաջողված նախագիծ է մշակվել, ըստ որի՝ վարորդական դասընթացները կազմակերպողներին են լիցենզավորում, որոշ կարգի վարորդական վկայական ստանալու համար պետք է անպայման մասնակցեն դասընթացներին։ Դա որոշակի առումով գիտակից վարորդներ կներդնի մեր երթևեկության մեջ։ Մենք այսօր այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանենք։

Բոլորը միայն արագության մասին քաղաքապետի հայտարարությունն են հիշում, բայց քաղաքապետը նաև նշել էր, որ պետք է գույքագրվեն այն հետիոտնային անցումները, որտեղ չկարգավորված լուսացույցներ չկան։ Մի շարք միջոցառումներ պետք է իրականացնել, եթե տեսնենք, որ կարգապահ վարորդներ ունենք, որոնք նորմալ են երթևեկում, այդ դեպքում, ինչու ոչ, նաև արագության սահմանափակումը կարող ենք ներդնել։

Լուսանկարը` «ՀԺ»։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am