«Վաղն ամրագրվելու է փաստը, որ մենք ունենք ոչ թե քաղաքապետ, այլ Փաշինյանի փոխանորդ». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չներկայացավ այսօրվա հերթական նիստին՝ հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը։ Ինչպե՞ս եք գնահատում կոնկրետ այս քայլն ու ընդհանրապես՝ Հայկ Մարությանի անձի շուրջ ծավալվող իրադարձությունները։

– Անկախ նրանից՝ քաղաքապետը կփոխվի՞, թե՞ ոչ, բերվելու է նույն բյուջեի նախագիծը, ընդ որում՝ դա փաստաթուղթ է, որը վերաբերում է բոլորիս, այսինքն՝ քաղաքապետի ով լինելուց, այդ բյուջեով ապրելու է քաղաքը։ Միայն այդ պատճառաբանությամբ, որ վաղը քաղաքապետը փոխվելու է, էսօր տապալել բյուջեին վերաբերող նիստը, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է հասարակության հանդեպ։

Ես երևի Հայկ Մարությանին ամենաշատ քննադատած գործիչներից մեկն եմ, քննադատությունս էլ ուներ հիմնավոր պատճառ․ կարծում էի, որ հեղափոխության ալիքի վրա քաղաքապետ դարձած մարդը, որը նաև մտավորական է, պարտավոր էր շատ արագ համակարգային փոփոխություններ անել, ինչը, անկեղծ լինեմ, Հայկը չի արել: Չնայած այդ հարցում կա և՛ Հայկի մեղքը, և՛ իշխանության, որովհետև պարզ էր, որ երբ նոր համակարգ չի ստեղծվում, կառավարման նոր մշակույթ չի ներդրվում՝ առանձին վերցրած մեծ քաղաքներում, եթե դա նույնիսկ մայրաքաղաքն է, հնարավոր չէր առանձին համակարգ ստեղծել, մանավանդ երբ գիտենք՝ որտեղ են ավարտվում ՏԻՄ իրավասությունները, ու սկսվում կենտրոնական իշխանության լիազորությունները։

Մյուս կողմից՝ չեմ կարող չնկատել, որ Հայկ Մարությանն ի սկզբանե՝ քաղաքապետության արշալույսին գեներացրեց, համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, շատ վտանգավոր թեզ՝ սպիտակների ու սևերի հակադրություն, որը հետո դարձավ «գաղափարախոսություն» ամբողջ իշխանության համար։

Սրանով հանդերձ՝ միշտ համարել եմ, որ Հայկ Մարությանը ռացիոնալ մտածողություն ունի, իմիջիայլոց, սա վերամբարձ խոսք չէ, սա ակնհայտ է, որովհետև նա մի շարք քայլեր արեց, որոնք ցույց տվեցին, որ նա կարողանում է ոչ ստանդարտ մեթոդներով հարցեր լուծել, օրինակ՝ աղբահանության հարցը, տրանսպորտային ցանցի բարեփոխման հարցը, որն ինձ չի գոհացնում, բայց որոշակի առաջընթաց կա։

Պարզ էր, որ ռացիոնալ մտածողությունն է հենց այն սահմանը, որը բաժանում էր Հայկ Մարությանին ու ՔՊ-ին, որովհետև ՔՊ-ում, այսպես կոչված, ուսապարկային մտածողություն է, ու այնտեղ ուղղակի չեն հանդուրժելու որևէ մեկին, որն իրենց ստանդարտից դուրս մտածողություն ունի, ու Հայկ Մարությանը, ըստ էության, դարձավ սրա զոհը։ Վստահ եմ, որ այդ հակասությունները եղել են մինչև պատերազմը, ու այսօր բացահայտվում են դրա մի քանի դրվագներ։

– Իշխող ուժն ասում է, թե  Հայկ Մարությանն այդ մանդատը չի ստացել ժողովրդից ուղղակիորեն, այլ ընտրվել է ավագանու կողմից, ու հիմա էլ նույն այդ ավագանին հեռացնում է նրան։

– Հիմա ես լեգիտիմ հարց եմ տալիս. եթե Հայկ Մարությանը չի ներկայացնում ՔՊ-ն, ինչի մասին խոստովանում են երկու կողմն էլ, բայց իրենք մոռանում են, որ իրենք վաղը քաղաքապետի թեկնածու են առաջադրելու մի դաշինքի կողմից, որն այլևս գոյություն չունի, այսինքն՝ նույն ոչ լեգիտիմության դաշտում գտնվում են իրենք, մանավանդ որ իրենց նախկին դաշնակից, հիմա «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը դաժան որակումներով է խոսել իրենց թեկնածուի մասին։ Այս պարագայում ամենաճիշտ լուծումը կլիներ այն, որ բոլորը գնային արտահերթ ընտրությունների, քանի որ գործ ունենք քաղաքային իշխանության տոտալ ճգնաժամի հետ։

– Համոզմունք հայտնեցիք, որ Հայկ Մարությանի ու գործող իշխանության միջև քաղաքական խզումը եղել է դեռ ավելի վաղ, իսկ ինչո՞ւ է հիմա այս մասին խոսվում, բարձրաձայնվում, պարո՛ն Սուրենյանց։

– Շատ պարզ տրամաբանությամբ․ ՏԻՄ վերջին ընտրություններում բոլոր խոշոր քաղաքներում Փաշինյան Նիկոլի թիմը պարտություն կրեց, բացառությամբ Հրազդանի ու Էջմիածնի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլով փորձում է ցույց տալ, որ խոշոր քաղաքներում վերադարձրել է վերահսկողությունը։

Մարզային տարբեր քաղաքներում տարբեր մեթոդներով, այդ թվում` ռեպրեսիվ, փորձեցին իրավիճակից դուրս գալ, իսկ Երևանում էլ այս ձևով են փորձում լուծել տեղական իշխանությունը մոնոպոլացնելու խնդիրը։ Այսինքն՝ գործ ունենք ընդհանուր տրամաբանության հետ, Նիկոլ Փաշինյանը փորձում է պատրանք ստեղծել, թե խոշոր քաղաքների վերահսկողությունը պահում է իր ձեռքին։

– Ժամանակին եղել եք քաղաքապետի աշխատակազմի ղեկավար ու եթե այս տեսանկյունից մոտենաք հարցին, ապա պե՞տք էր հեռացնել քաղաքապետին միայն այն հիմնավորմամբ, որ նրա ու իշխող ուժի միջև կա քաղաքական խզում։

– Անկեղծ կպատասխանեմ. երբ եղել եմ քաղաքապետի աշխատակազմի ղեկավար, կառավարման համակարգն այլ էր․ Երևանն ուներ մարզպետարանի կարգավիճակ, և մենք, ըստ էության, համարվում էինք կառավարության ստորաբաժանում, բայց նույնիսկ այդ պարագայում շատ լուրջ հակասություններ կային Ռոբերտ Քոչարյանի ու իմ անմիջական ղեկավարի՝ Ալբերտ Բազեյանի միջև։

Տարաձայնության առիթներից մեկն էլ իմ քաղաքական հայացքները չթաքցնելն էր, ու նախագահականից անընդհատ խնդիր էր դրվում ինձ պաշտոնանկ անել։ Բայց նույնիսկ այդ ժամանակ, երբ մենք գործադիր իշխանության մաս էինք, հանգուցալուծումը տևեց մեկ տարուց ավելի։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո առաջացան հակասությունները, իսկ մեզ պաշտոնանկ են արել 2001 թվականի հունվարին։

Կոնկրետ այս դեպքում գործադիր մարմինն ընդհանրապես իրավունք չունի միջամտելու ՏԻՄ մարմինների աշխատանքներին, բայց պարզ է, չէ՞, որ այս գործընթացը հենց Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով է տեղի ունենում, ընդ որում՝ բացահայտ․ գործադիր իշխանության ղեկավարն օրեր առաջ հանդիպեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

– Պարո՛ն Սուրենյանց, ավագանու վաղվա արտահերթ նիստին Հայկ Մարությանը հրաժարական կներկայացնի՞, ու ի՞նչ եք կարծում՝ քաղաքապետին պաշտոնանկ անել կհաջողվի՞:

– Հայկ Մարությանը հրաժարական չի տա, բայց վստահ եղեք, որ հաստատ պաշտոնանկ կանեն, որովհետև ակնհայտ է, որ այսքան գործողություններից հետո փորձելու են վերահսկել նույնիսկ այդ փակ քվեարկության գործընթացը։ Իրենց հավաքած ստորագրությունների թիվն էլ է հուշում, որ հասնելու են Մարությանի պաշտոնանկությանը։

Մարությանը ինչ քաղաքական գործունեություն կծավալի՝ չեմ կարող ասել, քանի որ չունեմ այն վստահությունը նրա որակների վերաբերյալ, որ կարողանամ ասել։

– Բայց ի՞նչ եք կարծում, նա կմնա՞ քաղաքականության մեջ։

– Եթե կամային հատկանիշներ ունի՝ հա՛, բայց ես վստահ չեմ՝ նա կցուցաբերի՞ այդ կամային հատկանիշները, թե՞ ոչ։ Որ Մարությանն ունի հասարակական որոշակի ռեսուրս՝ ակնհայտ է, բայց դա կփորձի՞ կապիտալացնել որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ չեմ կարող ենթադրել։

– Հայկ Մարությանի պաշտոնանկությունից կշահի՞ Երևան քաղաքը։

– Քաղաքի վիճակը շատ ավելի վատ է լինելու, որովհետև այդ երիտասարդին, որը հավակնում է ստանձնել քաղաքապետի պաշտոնը, անձամբ ճանաչում եմ, վստահաբար ասում եմ, որ չունի քաղաքական ու մասնագիտական այն որակները, որոնք անհրաժեշտ են Երևանի կառավարմանը։ Բացի այդ, ամրագրվելու է 100%-անոց այն փաստը, որ մենք ունենք ոչ թե քաղաքապետ, այլ Նիկոլ Փաշինյանի փոխանորդ, իսկ սա նշանակում է, որ աղբից սկսած բազմաթիվ այլ խնդիրների ուղղակի պատասխանատուն դառնում է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, նա նույնիսկ Մարությանին չի վնասում, հարված է հասցնում իշխանության իմիջին՝ ինչ-որ ամբիցիաներ բավարարելու համար, ակնհայտորեն քաղաքային իշխանության ճգնաժամն ավելի է խորանալու։ Ենթադրում եմ, որ, ի վերջո, այդ ճգնաժամը բերելու է նրան, որ ինչ-որ պահի առաջանալու է արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն:

Բնականաբար, իշխանությունը կփորձի այդ ինչ-որ մի պահը հարմարեցնել իր օրակարգին, իսկ հասարակությունն ու ընդդիմադիր ուժերն էլ պետք է ամեն ինչ անեն, որ այդ պահը հարմարեցնեն ավելի լայն շահերի։ Բայց որ քաղաքը տուժելու է բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որովհետև ունենալու ենք անդեմ քաղաքապետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am