«Ինչու՞ գործադիրը թույլ տվեց, որ իր բնորոշմամբ «հանցագործ բանդան» մասնակցի խորհրդարանական ընտրություններին». քաղաքագետ

«Ինչու՞ գործադիրը թույլ տվեց, որ իր բնորոշմամբ «հանցագործ բանդան» մասնակցի խորհրդարանական ընտրություններին». քաղաքագետ
«Ինչու՞ գործադիրը թույլ տվեց, որ իր բնորոշմամբ «հանցագործ բանդան» մասնակցի խորհրդարանական ընտրություններին». քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

««Ազատության» հեռուստաբանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հանրապետականը կուսակցություն չէ, «բանդա է», որ հանրապետական կուսակցության առաջնորդները հանցագործներ են:

Շատերն են համակարծիք Միրզոյանի հետ և դժվար է դա վիճարկելը: Բայց այդ պարագայում ինչու՞ գործադիրը թույլ տվեց, որ իր բնորոշմամբ «հանցագործ բանդան» մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչու՞ թույլ տվեց, որ արդեն հենց միայն մասնակցության հանգամանքով այդ նույն խմբավորումը լեգիտիմանա, խոսելու հրապարակ ստանա և նոր դեմքերով սկսի առավել գրագետ պայքար վարել ընդդեմ հենց իրեն՝ իշխանության, որ ներկայացնում է ժողովրդին:

Իշխանության կողմում ոմանք դա բացատրում են ժողովրդավարությամբ: Այդ պարագայում քչերն են հասկանում թե ինչ է ժողովրդավարությունը: Եվ առավել քչերը՝ թե ինչ է հեղափոխությունը: Եթե մի խմբավորում «բանդա» է, ընդ որում՝ արդեն կայացած «հանցագործների բանդա»՝ ապա անհրաժեշտ է կա՛մ դրա պարագլուխներին բանտերում տեղավորել, կա՛մ էլ բանդան ճանաչել որպես օրենքից դուրս մի կազմակերպություն: Փոխարենը թույլ է տրվել մասնակցել ընտրություններին և հայցել քաղաքացիների քվեն: Հիմա բանդա՞ է դա թե՞ այնուամենայնիվ բանդա չէ: Ավելորդ է նշելը, որ հեռուստաբանավեճից հետո կարկառուն հանրապետականները հայտարարել են Միրզոյանին հենց այդ բառերի համար դատի տալու մասին:

Ցուցաբերված մեղմ և սխալ, իբրև թե ժողովրդավարական մոտեցման, բայց իրականում անթույլատրելի այդ բացթողման համար մեր իշխանությունն այլևս, ցավոք, սկսելու է բարձր գին վճարել: Եվ բնական է, որ ինչ-որ պահի, այսպիսի չմաքրված և դարձյալ ապականվող քաղաքական դաշտում նոր, աննորմալ և անտեղի խնդիրներ են առաջանալու, իսկ հեղափոխության կարևոր արդյունքները կարող են և վտանգվել: Ու քանի դեռ ասֆալտին փռվում են և պատերին ծեփվում են միայն պատկերավոր խոսքի հարթությունում՝ իրականությունը կարող է այլ արդյունքեր մեզ մատուցել:

Հուսանք, որ ընտրություններից հետո գործադիրի սպառնալիքները օրենքի շրջանակներում իրավական միս և արյուն կստանան և վերջապես կմաքրվի այն աղբանոցը, որի տեղում այգի պետք է հիմնվի»: