Հայաստան ժամանածները մեկնածներից շատ են, բայց պարզ չէ, թե ինչքան

Հայաստան ժամանածները մեկնածներից շատ են, բայց պարզ չէ, թե ինչքան
Հայաստան ժամանածները մեկնածներից շատ են, բայց պարզ չէ, թե ինչքան

Նախորդ հինգ տարիներին մեկնածների ու ժամանածների հարաբերակցությունը մշտապես եղել է բացասական, ընդ որում՝ տասնյակ հազարներով

2019 թվականի հունվարի մեկին՝ նոր տարվա առաջին օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների դրական տարբերության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ 2018 թվականին հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20,713։

Սա պարզելու համար մեր թիմը հարցումով դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), որը վերահսկում է սահմանահատումները։ ԱԱԾ-ն, ըստ այդմ, մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ 2018թ․ հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը Հայաստան է ժամանել 1,906,722 անձ, իսկ մեկնել՝ 1,893,189 անձ։

Այսինքն, ժամանածների և մեկնածների տարբերությունը կազմել է 15,533 անձ կամ՝ Փաշինյանի նշած թվից 5,180-ով պակաս։

Փաստորեն, Փաշինյանի պնդումը, թե 2018 թվականին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, ճիշտ է, բայց նրա մեջբերած թիվը չի համապատասխանում ԱԱԾ-ի կողմից մեզ տրամադրված թվերին։

Ավելին՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր՝ փետրվարի 5-ին հրապարակվածզեկույցում բոլորովին այլ ցուցանիշներ է ներկայացնում 2018-ին Հայաստանից մեկնածների ու ժամանածների վերաբերյալ։ Ըստ զեկույցի, 2018 թվականին սահմանահատումների թիվը եղել է հետևյալը․ մուտքեր՝ 1,980,727, ելքեր՝ 1,974,233։ Այսինքն, ըստ Վիճակագրական կոմիտեի Հայաստան անցած տարի ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել, սակայն այդ թիվը կազմում է ընդամենը 6,494։

Հարկ է, թերևս, նշել, որ տարբեր գերատեսչությունների վիճակագրական տվյալների անհամապատասխանությունը հիմնականում պայմանավորված է տարբեր մեթոդոլոգիաների կիրառմամբ։

Եվ այնուամենայնիվ, լինի ժամանածների և մեկնածների տարբերությունը 20,713, 15,533 կամ 6,494, փաստ է, որ և՛ ԱԱԾ, և՛ ՎԿ ցուցանիշներով 2018 թվականին Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան մեկնել Հայաստանից։ Իսկ որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ է նշանակում այս ցուցանիշը, ստորև ներկայացնում ենք նախորդ հինգ տարիների տվյալները, որտեղ երևում է, որ մեկնածների ու ժամանածների հարաբերակցությունը մշտապես եղել է բացասական, ընդ որում՝ տասնյակ հազարներով։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am