Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ավանդական ամենամսյա «Հանդիպում արվեստի հետ» շարքի 2014թ-ի առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին և տեղի կունենա հինգշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ:
Միջոցառման ընթացքում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965թ. Հայաստան կատարած այցի մասին, այնուհետև «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի «Մի ժամանակ…» (A Time There Was…, 1973) մեծ կոմպոզիտորի մասին պատմող երաժշտական վավերագրական ֆիլմը: Բրիտտենի կերպարը բացահայտող այս ֆիլմն արժանացել է իտալական հեղինակավոր Prix Italia մրցանակին: Ֆիլմի հատուկ հատվածներ ներառում են արխիվային կադրեր մաեստրոյի փորձերից, ինչպես նաև ամերիկացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի հետ հարցազրույցը, ով խոսում է Բրիտտենի հանճարի և «աշխարհի հետ չհամակերպվելու իր ցավի» մասին: Ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով, ռուսերեն ենթագրերով:
Այս մասին տեղեկացնում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մամլո հաղորդագրությունը:
Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել 541932/34 կամ այցելել՝https://www.facebook.com/events/514224165363116/
Բենջամին Բրիտտենը (1913–1976) անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար է: Բրիտտենը 20-րդ դարի բրիտանական դասական երաժշտության կենտրոնական դեմքերից էր: Իր բազմաթիվ ստեղծագործությունները ներառում են օպերա, վոկալ երաժշտություն, նվագախմբային և կամերային գործեր: Բրիտտենի շատ հայտնի ստեղծագործություններից են «Փիթեր Գրիմս» օպերան, «Պատերազմի ռեքվիեմը»և «Երիտասարդի ուղեցույցը նվագախմբի համար»:
© Medialab.am