Ըստ էության` տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում Հայաստանն է․ քաղաքագետ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին։ Երկու դեպքերում էլ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։ Սա նշանակում է, որ այս ձևաչափը, որքան էլ փորձ արվի կազմալուծել, միևնույն է` չի ստացվելու։

Եվ սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին։ Ուշագրավ է, որ այս ֆոնին հանդիպել են նաև ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները, որոնք 3+3 ձևաչափի ջատագովներն են։

Ըստ էության` տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում Հայաստանն է` Հայկական գործոնը, որի մասին ժամանակին Բժեզինսկին էր գրել։ Եվ սա մեզ համար կարող է դառնալ հնարավորություն շահերի միջև հավասարակշռություն գտնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով։

Այն, ինչ հակակշռում է, նաև կարող է հավասարակշռել։ Ուստի մեզ անհրաժեշտ է գտնել հակակշիռները հավասարակշռող ճիշտ կետը»։