Բարևից մինչև ցտեսություն. ինչո՞ւ Հայաստանում ոչինչ չի փոխվում

Բարևից մինչև ցտեսություն. ինչո՞ւ Հայաստանում ոչինչ չի փոխվում
Բարևից մինչև ցտեսություն. ինչո՞ւ Հայաստանում ոչինչ չի փոխվում

Հայաստանում նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական բուռն զարգացումները նույն կերպ բուռն անկում ապրեցին այն բանից հետո, երբ Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրած «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ արդարացնել պայքարի օրրան համարվող Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց «հի-մա, հի-մա» վանկարկողների ակնկալիքները:

Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքներով գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանից հետո պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին թեև հաջողվեց հազարավոր մարդկանց Երևանի կենտրոնում հավաքել և խոստանալ, որ իշխանությունը նույնիսկ իրեն զոհելու գնով ժողովրդին է վերադարձնելու, այնուամենայնիվ մարդիկ կրկին մեծ հիասթափություն ապրեցին:

«Բարևի» հեղափոխության ձախողումն առաջին հերթին կապված է նրա հետ, որ Հայաստանում կրկին ուժերի կոնսոլիդացիա տեղի չունեցավ, և ընդդիմադիր ուժերը սահմանափակվեցին մանր գզվռտոցով, այնինչ հնարավոր էր հաջողության հասնել»,- «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Բոզոյանն ասում է, որ թեև Րաֆֆի Հովհաննիսյանը և «Բարևի» հեղափոխության մասնակիցները Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերին իրենց հետ միավորվելու կոչեր էին անում, այնուամենայնիվ, դրան հետևած պահվածքը ոչ ադեկվատ էր:

«Հնարավոր չէ պայքարել պետական մեքենայի դեմ, եթե միայնակ ես, իսկ այս դեպքում նրանք միայնակ մնացին,- ասում է Բոզոյանը,- որովհետև շարունակեցին պնդել, որ իրենք ամենալավ, ամենամաքուր ընդդիմադիրներն են: Այս դեպքում կենտրոնական խնդիրը պիտի լիներ այն, որ մյուս քաղաքական ուժերը մի կողմ թողնեին իրենց ամբիցիաները և մեկ բևեռով կարողանային դիմակայել պետական մեքենային, ինչը չեղավ, և շարժումը տարավ ձախողման»:

Հիշեցենենք, որ նախագահի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիային, որն առաջնորդում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ի զարմանս շատերի, որոնց հիշողության մեջ դեռ թարմ էին 2008-ի նախագահի ընտրություններից հետո արյունալի բախումները և անարդյունք շարունակվող հանրահավաքները, այնուամենայնիվ հազարավոր մարդիկ կրկին միացան և սկսեցին «պայքար» վանկարկել:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ի տարբերություն 2008-ի առաջնորդ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով գործող իշխանություններին «թաթար-մոնղոլական արշավախումբ ու ավազակապետություն» էր որակում և իրեն հատուկ խարիզմայով ելույթներ ունենում, առավել քան «բարի» էր` իշխանությունների ներկայացուցիչներին դիմում էր «պարոն»-ով և նշում նրանց ունեցած ավանդի մասին երկրի կայացման գործում:

Սակայն ինչպես խոստանում էր ամեն հանրահավաքի ժամանակ, ծրագրային և հետագա քայլերի մասին այդպես էլ որևէ հստակ ելույթ չունեցավ, և նույնիսկ նման անորոշության մեջ նրան միացան տարբեր արմատական գործիչներ, մշակութային հայտնի դեմքեր ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Հայաստանի եռագույն դրոշներով, պաստառներով, նաև երգ ու պարով գրեթե երկու ամիս շարունակ «Բառեվոլուշնի» հարթակում էին հայտնվում հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ, ոգևորում բազում մարդկանց, իսկ Հովհաննիսյանը կոչ էր անում բոլոր ընդդիմադիր ուժերին «խոնարհել կուսակցական դրոշները և հանուն ժողովրդի միանալ պայքարին»:

Անկախ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն ասում է, որ ընդհանրապես «ընդդիմություն» և «իշխանություն» բառերը Հայաստանում պիտի զգուշավոր և մտածված օգտագործել, «բաժանումները գնում են ուղղահայաց, իշխանության մեջ ամեն մեկն ունի իր գործընկերը ընդդիմության մեջ, և այդ դասական սխեմաներն արդեն չեն աշխատում»:

«Ցավոք, այս դեպքում, ինչպես և վերջին քսան տարիների ընթացքում հանրության շահերը որևէ տեղ ու դեր չունեն,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը` խոսելով քաղաքական առևտրի մասին,- մարդիկ պիտի հասկանան, որ պայքարը, ոգևորությունը, հանրահավաքի մարդկանց հանելը գին ունեն, և որքան շատ են մարդիկ, այնքան բարձր է այդ գինը: Ընդդիմության ֆունկցիան` քսան տարի խաբել հանրությանը և գնալ գործարքի իշխանության հետ»:

Դանիելյանն ասում է, որ Հայաստանում պայքարը հանրահավաքներից այն կողմ կգնա, եթե իսկապես պայքար ընթանա հանրության, այլ ոչ թե սեփական շահի համար:

Սակայն այս կարծիքը չի կիսում Բոզոյանը: Նա ասում է, որ քաղաքական դաշտը ևս հասունանում է, և հանրահավաքային պայքարից հինգ տարի անց նախագահի ընտրություններում մենք կունենանք ավելի հստակ ու ամբողջական վիճակ:

«Հայաստանում ընտրական մեքենան չի աշխատում, և այն զարգացումները, որոնք լինում են մեր երկրում, այն ճանապարհն է, որով անցել են բազմաթիվ զարգացած երկրներ: Պայքարը մեկ-երկու օրվա բան չէ, պայքարը պետական մեքենայի դեմ երկար ժամանակ է պահանջում»,- «Մեդիալաբին» ասում է նա:

© Medialab.am