Շուտով Հայաստան է բերվելու Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները սպասարկող 27 ուղևորատար վագոն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ հետ՝ 2021-ին միջազգային եւ ներհանրապետական ուղեւորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմ ձեռք բերելու մասին: Այդ մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիան»:

2021-ի մայիս-հունիսին Հայաստան է բերվելու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային ուղեւորափոխադրումները սպասարկող 27 ուղեւորատար վագոն: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոն, 6-ը` պլացքարտ:

Մինչեւ օգոստոսի 1-ը Հայաստան կբերվի նաեւ «Տրանսմաշհոլդինգի» ամենաժամանակակից սերիական արտադրանքը՝ երկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք: Նմանատիպ գնացքները Հայաստանում արդյունավետ շահագործվում են 2017-ից ի վեր:

ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են կենցաղի համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով եւ էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղեւորափոխադրումների հարմարավետության եւ անվտանգության պահանջներին ու կարող է շահագործվել ԵՏՄ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի տարածքում: