«Ադրբեջանում խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն». Էդուարդ Շարմազանով

Մինչ Հայաստանի Արտգործնախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը մարդասպան Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան վերադարձի Հունգարիայի որոշման շուրջ լռություն են պահպանում, խոսել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին:
Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,-ասել է Շարմազանովը:

Հիշեցնենք, ութ տարի առաջ` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնի 16 հարվածով քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան:

Գուրգեն Մարգարյանն ու Ռամիլ Սաֆարովը միասին մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպված եռամսյա վարժանքին Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Այսօր վայրագ սպանություն կատարած Սաֆարովը, ում սեփական երկրում հերոսացնում են, էքստրադիացիայի է ենթարկվել Ադրբեջան, ուր եւ նախագահ Ալիեվի հնարամանով ներում ու ազատոթյուն ստանալով վերադարձել է հայրական տուն:

Տեղի ունեցածը վրդովեցրել է շատերին, ովքեր մեղադրում են ՀՀ ԱԳՆ-ին անգործության մեջ: Վաղը` սեպտեմբերի 1-ին, նախատեսվում է ՀՀ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Կազմակերպիչը` «Հայազն» միությունն է, որը միջոցառման Facebook-յան էջում գրում է, որ ԱԳՆ-ին պահանջագիր կհանձնվի, որից հետո երթը կշարունակվի դեպի Հունագիրայի հյուպատոսարան:

© Medialab.am