Տիգրան Խզմալյան․ չբնութագրվողը

«Հնագույն ժամանակներից հայոց զորքի առջևով գնում էին հայ քրմուհիները և թշնամուն տեսնելուց պատռում էին իրենց շորերը՝ ցույց տալով իրենց կուրծքը: Ինչո՞ւ, որովհետև նրանք մայրության խորհրդանիշ էին: Հայոց զորքի վահանները կնոջ կրծքի նման են, դա նշանակում է, որ հայոց բանակը, հայոց հողը կինն է պաշտպանում»։

Ասք կրծքերի ու հայրենանվիրության մասին

Տիգրան Խզարեց

Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞ւ է պետք ընտրել մեր այսօրվա ազգափրկչին, ապա ես կպատասխանեմ «Ռուբեն Հախվերդյան Փոստատարը» ֆիլմի համար, որովհետև արվեստագետներն անմահ են, և դեռ հին հույներն էին շեշտը դրել փիլիսոփա կառավարիչների վրա, հընթացս, սակայն, հասկանալով, որ այդ լուծումը այնքան էլ իրատեսական չէ, որքան խոհափիլիսոփայական։ 

Մեր այսօրվա հերոսը հայտնի հեղափոխական է ու կինոռեժիսոր։ Փոքրուց էլ տարված է եղել արվեստով, գրականությամբ ու քրմուհիների կրծքերով։ Այդ գործում նրան օգնել են բանասիրական կրթությունը, ռեժիսորական կուրսերն ու բնատուր արվեստագետի վառ երևակայությունն ու անսպառ կիրքը։ 

Ինչպես օտյանական հերոս ընկեր Փանջունին չուներ պատասխանատվության զգացում ժամանակի և բուն իրականության առջև, այնպես էլ մեր հերոսը չունի ընկալում և պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության, կոնկրետ պետության, կոնկրետ ժամանակի և նրա քաղաքացիների առջև։ 

Այլապես հնարավոր չէ մեկնաբանել այն դրույթը, թե իրենց ուժի իշխանության գալուց հետո Հայաստանը 2 տարում դառնալու է ԵՄ անդամ և ԱՄՆ-ի դաշնակից։ Որ իրենք վերականգնելու են ՀՀ պատմական հողերն ու կորսված հայրենիքը, հավանաբար Վիլսոնյան իրավարար վճռով, Սևրի դաշնագրով, Արտաշատի ու Նվարսակի պայմանագրերով։ 

Իհարկե հալյուցիոնացիոն սնկերը վաճառքի չեն, սակայն դատելով այդ հայտարարություններից՝ հավանաբար խորթ չեն մեր հերոսի համար։ 

Այսինքն՝ մեր նորագույն շրջանի Փանջունին առաջարկում է մի նոր արկածախնդրությունների շարք՝ առանց հաշվի առնելու պետության, հասարակության իրական ռեսուրսներն ու իրավիճակը և առաջնորդվելով մեծ տեսիլքով ու մեսիայի գալստյան քարոզով։ 

Ուղղակի եթե կառգո-կուլտերի ժամանակ երկնքից ինքնաթիռները բարիքներ էին գցում բնիկներին, հիմա մեր գլխին բարիքներ կգցեն ԱՄՆ-ն ու Եվրոպան։ 

May be an image of 3 people, including Tigran Khzmalyan, people standing and outdoors

Եվ անգլիական նավերը այս դեպքում ոչ թե կբարձրանան, այլ կմագլցեն Տավրոսի լեռները, իսկ ֆրանսիական լեգեոնները կազմ-պատրաստ միայն թույլտվությանն ու մեր համաձայնությանն են սպասում՝ գալ-զոհվել մեր արդար պահանջատիրության համար։ Այն նույն լեգեոնները, որոնք Աթաթուրքին հանձնեցին Կիլիկիան։ 

Չէ՞ որ պետության կառուցման խնդիրը ոչ թե այստեղ-այնտեղ մտնելն է, որ իրենք քեզ պաշտպանեն ու պահպանեն, այլ սեփական նախաձեռնությամբ ու պատասխանատվությամբ պետություն պահելն է։ 

Եվ ակամայից նաև խորհրդային անեկդոտն ես հիշում. երբ հարցնում են՝ ինչպե՞ս եք պլանավորում երկիրը պահել, պատասխան է հնչում, թե ԱՄՆ-ին պատերազմ կհայտարարենք ու կհանձնվենք, ստիպված կգան, կպահեն։ 

Հիմա էլ մեր հերոսը. փաստորեն, հենց իշխանության եկավ, մտնելու է ԵՄ և ՆԱՏՕ։ Եվ այն էլ, անկախ այն հանգամանքից՝ մեզ սպասելո՞ւ են, մեզ ընդունելո՞ւ են, ինչների՞ն ենք մենք պետք, ի՞նչ ենք մենք իրենց տալու։ 

Բայց, դե, դրանք երկրորդական հարցեր են, արվեստագետի համար կարևորը գաղափարն ու ցանկությունն է։ Չէ՞ որ դեռ Պիկասոն էր ասում, որ եթե դու ինչ–որ բան պատկերացնում ես, ապա դա գոյություն ունի։ 

Եվ ինչպես Օտյանն էր ասում, որ ընկեր Փանջունին հեղափոխական գործիչ էր դարձել, որովհետև խոսելու դյուրություն ուներ և դա լավ է, նմանապես էլ մեր բարեկամը խոսելու ու նկարելու դյուրություն ունի, կորսված հայրենիքի սնամեջ պահանջատիրություն ու կարոտաբաղձ հայացք ունի և չի խորշի ցանկացած կենաց իրականության հետ փոխարկելու առաջ։ 

Լինելով կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող ու հեղափոխական գործիչ, գաղութային պայքարի առաջամարտիկ և Արևմուտքից փրկություն բերելու ջատագով՝ մեր հեղափոխականը լավագույնս է տիրապետում խոսելու դյուրության վեհ ձիրքին և ամենևին չի մտածում քաղաքականապես տրամաբանական ու հետևողական մտահանգումների մասին։ 

Կարևորը՝ նա խոսում է մի տեսակ հուզաճմլիկ շեշտադրումներով, ակամա՝ արցունքազատման սուրբ և առողջարար պրոցեսին նպաստող առոգանությամբ՝ ձայնի ներքին շերտում հաղորդելով հայու ողջ վիշտը։

Հատկապես ակտիվ հեղափոխական գործունեությունը մեր բարեկամը ծավալել է քաղաքացիական շարժումների ժամանակ՝ «Մաշտոցի պուրակ», «Էլեկտրիկ Երևան», «100-ամյակը առանց ռեժիմի» և «Միացում»: Շարժումներ, որոնք ձևով քաղաքացիական էին, իսկ բնույթով՝ ապաքաղաքական։ Ապաքաղաքական՝ բառիս դասական իմաստով։ 

Successful Attempt to Dismantle/ Photos | Lragir

1992-94 թթ. Արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Արցախում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող: 1994-96 թթ. աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում` որպես քաղաքական վերլուծաբան: 

1996-97 թթ. եղել է Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրենը: 1997-2005 թթ. գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչև լուծարումը: 

Հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ։ Դուք արդեն հավանաբար գուշակել եք, որ խոսքը ականավոր ռեժիսոր, սցենարիստ, տաղանդավոր արվեստագետ և հոգով հեղափոխական, Եվրոպական կուսակցության նախագահ, Վիլսոնյան իրավարար վճռի, անգլիական նավերի ու ֆրանսիական լեգեոնի մեծ գիտակ և պարզապես հայապաշտ քաղաքացի Տիգրան Խզմալյանի մասին է։ 

Հատկապես ուրախալի է, որ նրա կողակիցը, գաղափարակիցը և կինը նույնպես իր կուսակցության ու պայքարի առաջին շարքերում է։ Իսկ ժամանակին՝ 2012-ին, ըստ մամուլում հայտնված ու չհերքված լուրերի, եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ՝ հավանաբար վախենալով սեփական դիրքի կորստից, չէ՞ որ այդ տարիներին Նարինե Միրզոյանը գլխավորում էր Երևանի բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակալոգիայի ամբիոնը և բժշկագիտության դոկտոր էր։ 

Արևմուտքը՝ հանձինս ՀԵՎԿ-ի, տեսնում է այն ուժին, որի հետ պատրաստ է լուծելու բոլոր այն հարցերը, որոնք հնարավոր չէ լուծել կրեմլահպատակ ուժերի հետ: 

Հավաքական «Արևմուտքի», ինչպես և «Ռուսիո թագավորության» հանդեպ անմեկնելի ու անբեկանելի սերը թերևս այն ծայրահեղություններն են եղել, որոնց վրա հիմնվել են մեր ժողովրդի միակուռ հայրենակցական պաշտամունքը առ ազգ, առ կորսված հայրենիք և արգահատելի ու երկրորդական հայացքը առ մարմին ու արյուն ունեցող պետություն։ 

Պետությունը, որը թեև պատմական հայրենիքի ու հողերի հաճույքը չի պատճառում, բայց ամենօրյա խնամքի ու հայրենիքի ամենօրյա նվաճման պահանջ ունի։ 

Իսկ դրա փոխարեն դյուրին ու պարզ է խոսել մոգական Արևմուտքից կամ առասպելական Հյուսիսից, ցանկացած հարցի լուծում զուգորդել կախարդական սփյուռքի ամենահաս օգնության ու Արևմուտքի քրիստոնեական տիրակալների աջակցության հազարամյա մոլուցքի հետ։ 

Հիմա էլ Տիգրան Խզմալյանն ու իր գլխավորած Հայաստանի եվրոպական կուսակցությունը խոսում են ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամագրվելու մասին, ռուսական գաղութացումից մի գիշերում ու կախարդական փայտիկով ազատագրվելու մասին և այնպիսի հեշտությամբ, կարծես դրանք ուղղակի խաղալիքներ են․ երեխայի փափլիկ ձեռքերն իսկ ունակ են դրանք իրականացնել։ 

Իհարկե ընթերցողը կառարկի, որ պետք է այդպիսի նպատակներ ու երազանքներ ունենալ, սակայն հիշենք, որ երազանքների ու ցանկությունների անհամատեղելիությունն է բերել մեր ժողովրդին պատուհասած աղետները առնվազն վերջին 100 տարում։ 

Եվ որպես վերջաբան՝ ավարտենք դասականի խոսքով. 

«Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ ու բոլորը՝ պատմական։ Նաև՝ ծովերից ծով»։ Դասական, որին դժվար կարդացած լինի Տիգրան Խզմալյանը։ Իսկ եթե կարդացել է, էլ ավելի վատ, քանի որ ակնհայտորեն չի հասկացել։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am