Հայաստանում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Հայաստանում այսօր առավոտյան ժամը 08:00-ին 2008 ընտրատեղամասերում մեկնարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ 

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ 

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Նշենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։