29.800 քառակուսի կիլոմետրի թեզը Հայաստանի համար շատ վտանգավոր է, երբ միջազգային երաշխիքները չեն գործում. Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

– Պարո՛ն Շահինյան, բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստան՝ 29.800 քառակուսի կիլոմետր, Ադրբեջան՝ 86.600 քառակուսի կիլոմետր։ Տեղանունների հստակեցմամբ՝ կասեք, թե ի՛նչ են ենթադրում այս թվերն իրականում։ 

– Շառլ Միշելի հնչեցրած թվերը խոսում են այն մասին, որ պետությունների տարածքային ամբողջականությունը ենթադրվում է ճանաչել այն քարտեզների հիման վրա, որոնցում արտացոլված է 1970-80-ականների քարտեզների իրավիճակը, այսինքն՝ դրանք Խորհրդային Միության տարիներին ստեղծված քարտեզներն են, որոնցից հետո քարտեզների թարմացումներ չեն եղել։ Թարմացումներ եղել են արդեն անկախ Հայաստանի գոյության ժամանակահատվածում։ 

Եթե մենք որպես հիմք ենք վերցնում այդ հրապարակված մակերեսները, ապա միանշանակ երևում է, որ Արցախի Հանրապետությունը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, բացի այդ, արդեն հստակ երևան է գալիս «անկլավների» հարցը, որոնց իրավական հիմքերը մինչ օրս չեն հրապարակվել, իսկ «անկլավների» հարցի դիտարկումն իր հետ բերելու է Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրներ։ 

– «Անկլավները» որո՞նք են, որ դրանց հանձնումը անվտանգային ի՞նչ խնդիրներ կբերի Հայաստանի համար։

– Ադրբեջանը պահանջում է երեք անկլավային տարածք, որոնցից մեկն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է, ևս երկու տարածք Տավուշի մարզում են․ մեկը՝ Ներքին Ոսկեպարից արևմուտք ընկած հատվածն է, որն իրենք անվանում են Վերին Ոսկեպար, որը մշտական բնակչություն չի ունեցել, եղել է ընդամենը անասնապահությամբ զբաղվող ադրբեջանցիների քոչատեղի։ Երկրորդ հատվածն այն տարածքն է, որը նախկինում իր մեջ ներառել է Բարխուդարլու, Սոֆուլու գյուղերը։ 

Եթե տեղի ունենա այս տարածքների զիջում, արդեն ասացի, որ ունենալու ենք լրջագույն խնդիր, որովհետև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղով է անցնում Հայաստանի Հյուսիս-հարավ կապող միակ միջպետական ավտոմայրուղին, որը լուրջ նշանակություն ունի, հաշվի առնելով նաև Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ Հյուսիս-հարավ ծրագրի ակտիվացումը։ 

Իսկ Տավուշի մարզի հատվածում այդ տարածքների մոտակայքով կամ միջով անցնում է միջպետական՝ Նոյեմբերյան-Վրաստանի սահման ավտոճանապարհը, որը Հայաստանը Վրաստանին կապող երկու խոշոր ճանապարհներից մեկն է, կարելի է ասել՝ հիմնականներից մեկը։ Բացի այդ, եթե, օրինակ՝ այդ Վերին Ոսկեպար կոչված հատվածի զիջում տեղի ունենա, ապա բառացիորեն բարձրանալու է Ներքին Ոսկեպարի հայաթափման խնդիրը, որովհետև այն հայտնվելու է ադրբեջանական երկու տարածքների միջև։ 

Առաջանալու է նաև սահմանամերձ Տավուշի բնակավայրերի անվտանգության խնդիրը, քանի որ սահմանագծի փոփոխության հետևանքով այդ գյուղերը հնարավոր է հայաթափվեն։ Այսինքն՝ «անկլավների» զիջման պարագայում Հայաստանի՝ առանց այդ էլ անվտանգային լուրջ խնդիրներին ավելանալու են լրջագույն այլ խնդիրներ։ 

Իսկ ինչ վերաբերում է հայկական անկլավին՝ Արծվաշենին, որը անկլավ է դարձել միայն 1940-ականներից հետո, մինչ այդ եղել է միավորված Հայաստանի Խորհրդային Հանրապետության հետ, ապա Արծվաշենը չորս կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքով, այն հիմնականում իրենից ներկայացնում է հարթ տարածք ու պաշտպանելը բավականին բարդ է, այսինքն՝ այդ տարածքի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանը պետք է հնգապատիկ ավելի շատ զինված ուժեր, սահմանապահ զորքեր ներդնի։ Իմ գնահատմամբ՝ այդ պայմաններում իրատեսական չէ հայերի բնակությունն այնտեղ։ Այսինքն՝ մենք տալիս ենք ռազմավարական կետեր Ադրբեջանին, ու փոխարենն ստանում ենք Արծվաշենը, որը պահելը շատ դժվար է լինելու մեզ համար։

– Բայց ստանալո՞ւ ենք Արծվաշենը՝ ըստ ձեզ։

– Ադրբեջանը տրամադրված չէ ոչ մի քառակուսի կիլոմետր հետ տալու։ Այսօր Հայաստանի այդ 29.800 քառակուսի կմ-ից Ադրբեջանը, տարբեր հաշվարկներով, օկուպացրել է 200-300 քառակուսի կմ տարածք։ 29.800 քառակուսի կմ տարածքի մասին խոսելիս պետք է նշել, որ եթե մենք հիմք ենք ընդունում այս թիվը, ապա հրաժարվում ենք Առաջին հանրապետության օրինական տարածքներից, հրաժարվում ենք Հայաստանի մյուս բոլոր տարածքներից, որոնք միջազգային փաստաթղթերով պատկանում են մեզ, ու մեզանից միայն համապատասխան ուժ է պահանջվում, որպեսզի դրանք վերադարձնենք։ 

Թեզը, որն այսօր շրջանառվում է, թե ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փոխանցելով այդ տարածքները, որն իրենք են պահանջում, ստանում ենք խաղաղություն կամ անվտանգության երաշխիքներ, ինձ համար անհիմն է, որովհետև Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն։

– Պարո՛ն Շահինյան, իշխանության ներկայացուցիչները, նրանց համախոհները՝ ի պատասխան քննադատությունների, թե այս իշխանությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասում են, որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու սա, ըստ էության, նորություն չէ։

– Հայաստանի նախկին ղեկավարների կողմից ես չեմ հիշում ոչ մի փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ինչ-որ մակերեսների շրջանակում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մենք կարող ենք ու պետք է ճանաչենք, եթե Ադրբեջանը պատրաստ է մեզ հետ հարևան լինել այն տարածքներում, որով Ադրբեջանն անկախացել է Խորհրդային Միությունից, իսկ Խորհրդային Միությունից Ադրբեջանն անկախացել է առանց ԼՂ-ի։ 

Տարբեր ղեկավարների ճանաչելու մասով՝ ինձ ծանոթ է միայն Ալմա Աթայի հռչակագիրը, բայց փաստ է, որ այդ հռչակագիրը Հայաստանի խորհրդարանը չի վավերացրել, իսկ վավերացման գործընթացում հայկական կողմը որոշակի վերապահումներ է արտահայտել ԼՂ-ի վերաբերյալ։ Այսինքն՝ իրավական մասով, անգամ Ալմա Աթայի հռչակագրի ճանապարհով գնալիս մենք Արցախը Ադրբեջանի մաս չենք ճանաչել։

– Իսկ Ադրբեջանը երբևէ ճանաչե՞լ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

– Մինչև 2020 թվականը Ադրբեջանը չէր կարող երազել այն իրավիճակի մասին, որը կա հիմա։ Եթե մինչ այդ Հայաստանից ինչ-որ պաշտոնատար անձ հայտարարեր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը, մենք էլ կճանաչենք նրա տարածքային ամբողջականությունը, ապա ադրբեջանցիներն ուղղակի ցնծությամբ կընդունեին այդ փաստը, բայց այսօր Ադրբեջանը հարցականի տակ է դնում այդ 29.800 քառակուսի կիլոմետրի օրինական լինելը։ 

Մենք հիմա նպատակ ենք դրել ստանալ նվազագույնը, իսկ պատմությունը ցույց է տվել, որ նվազագույնը ստանալու մտադրություն ունեցող կողմը ոչինչ չի ստանում։ Այսինքն՝ մենք Ադրբեջանից ուզում ենք անվտանգության երաշխիքներ, այն դեպքում, երբ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, իսկ ագրեսորից նման բան ակնկալելն ուղղակի ծիծաղելի է։

– Պարո՛ն Շահինյան, այսինքն՝ եթե այս թվերով կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն անվտանգային ավելի լուրջ խնդիրնե՞ր է ունենալու։

– Միայն այդ թվերի վրա ֆիքսվել պետք չէ, որովհետև, ինչպես հասկանում ենք, այս պահին ընթանում են փոխճանաչման սկզբունքների հստակեցումներ, այսինքն՝ ի՛նչ սկզբունքներով միմյանց տարածքները ճանաչել: Դրա հաջորդ քայլը լինելու է առավել մանրամասն սահմանագծի անցկացում, սահմանազատում, ու այդ սահմանազատման գործընթացում կարող են լինել որոշակի տարածքային փոխանցումներ։ Ադրբեջանը կգնա՞ այդ փոխանցումներին, չեմ կարող ասել, բայց իմ տեսանկյունից, այդ 29.800 քառակուսի կիլոմետրի թեզը Հայաստանի համար շատ վտանգավոր է, հաշվի առնելով այն, որ միջազգային երաշխիքները չեն գործում, ապացույց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի անընդհատ խախտվող դրույթները։ 

– Այսինքն՝ խաղաղություն չե՞նք ստանալու, որքան էլ փաստաթղթի անվանումն այդպես է։

– Չեմ հիշում խոսքերի հեղինակին, բայց մուրալով խաղաղություն չեն ստանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am