Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ կտեղադրվի Ծիծեռնակաբերդի բարձունքում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:

Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում: 2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր:

Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը: «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄ, ԱԳ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի ու մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:

Հ.Գ. միջոցառումների ավարտից հետո նկարում երեւացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, եւ երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը: