Ուսումնական հաստատությունների արձակուրդները կրկին երկարաձգվեցին

Ուսումնական հաստատությունների արձակուրդները կրկին երկարաձգվեցին
Ուսումնական հաստատությունների արձակուրդները կրկին երկարաձգվեցին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները եւս մեկ շաբաթով երկարացվում են: 

Հիշեցնենք, որ դասերը պետք է սկսվեցին դեռեւս հունվարի 11-ին, սակայն հաշվի առնելով երկրում սուր շնչառական հիվանդությունների աճը, դասերը հետաձգվել էին: Չնայած հիվանդանոցների խիստ գերծանրաբեռնվածությանը, եւ խոզի գրիպի շուրջ ստեղծված մտահոգիչ վիճակին, երկրում հատուկ իրավիճակի չի հայտարարվել: 

Ըստ Առողջապահության նախարարության վերջին տվյալների, սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Այսօրվա դրությամբ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն.-հայտարարել է Աշոտյանը:-Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»։