««Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի նախաձեռնությունը անհատական է և որևէ առնչություն չունի Մայր Աթոռի հետ». Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը ծանոթացել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի և աշխատակիցների հանդիպման մասին ձայնագրության բովանդակությանը և հայտարարում է՝ դա տնօրենի անհատական նախաձեռնությունն է եղել:

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, այո, պատկանում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին, սակայն, նախաձեռնությունը, որ դրսևորվել է տնօրենի կողմից, անհատական նախաձեռնություն է և առնչություն չունի Մայր Աթոռի հետ», – «Մեդիալաբին» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված ձայնագրությունը, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը սպառնալից հրահանգում էր բուժաշխատողներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամաս և մասնակցել քվեարկությանը:

Ձայնագրության մեջ իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին Արմեն Չարչյանը մասնավորապես ասում էր.

«Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝ մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։

Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը մի շաբաթ 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամենինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։

Այսինքն՝ ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում՝ գնացեք, քվեարկեք սրան-նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։

«Արմեն Չարչյանը վաստակաշատ բժիշկ է, հայրենասեր անձնավորություն և իր նախանձախնդրությունը դրսևորել է այդ ձևով՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին: Մնացյալը, կարծում եմ, ինքը պետք է մեկնաբանի, թե ինչու է այդ կերպ արել:

Բայց նորից եմ Ձեզ տեղեկացնում, որ դա Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հետ որևէ առնչություն չունի, որովհետև մենք ունենք բազմահազար աշխատակիցներ տարբեր կառույցներում և, բնականաբար, կառույցների պատասխանատուներն իրենք են զբաղվում իրենց աշխատակիցներով», -հավելեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հարցին՝ արդյոք սա չի դիտարկվում Մայր Աթոռի կողմից անուղղակի քարոզչություն կամ միջամտություն քաղաքական իրադարձություններին, Մելիքյանը պատասխանեց.

«Մայր Աթոռը որևէ կերպով քաղաքական պրոցեսներին չի միջամտում: Դուք ծանոթ եք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի արտահայտած բոլոր դիրքորոշումներին, դրանք հրապարակային են եղել: Մնացյալ դատողությունները պետք է անել պաշտոնական դիրքորոշումների հիման վրա և ոչ թե այստեղ կամ այնտեղ կատարված ձայնագրությունների հիման վրա: Պետք չէ շահարկման նյութ դարձնել դա»:

Արմեն Չարչյանը, հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում պատգամավորության թեկնածու է:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն նկատեց, որ ճիշտ չէ, երբ շահարկաման թեմա է դարձել այն, որ այդ ձայնագրությամբ Չարչյանը իբրև թե կոչ է անում որոշակի ուժի օգտին քվեարկել:

«Այնինչ, ձայնագրության մեջ որևէ կոչ չի հնչում ձայներ ապահովելու կամ որևէ ուժին քվեարկելու մասին: Կարծում եմ՝ պատկան կառույցները իրենք էլ դա կփաստեն», -հավելեց նա:

Նկատենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի ձայնագրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am