«Խորհուրդ կտամ ոչնչից չվախենալ, ռիսկի դիմել». «Արևաբույրի» տիրուհին աշխարհին ներկայանում է Մեղրիի արեւահամ չրային կոնֆետներով

41-ամյա մեղրեցի Նանե Սարգսյանի մտքով երբևէ չէր անցել, որ սիրելի քաղաքի այցեքարտ համարվող մրգերի չրերից կարելի է կոնֆետներ պատրաստել։ Ծիրան, դեղձ, թուզ, արքայանարինջ…

Երևանից ժամանած թեյագործ հյուրը գաղափարը տվեց, երբ համտեսեց քաղցրահամ չրերը։ 

«Փորձնական առաջին արտադրանքը հաջող ստացվեց՝ ոգևորվեցի, որոշեցի գաղափարը բիզնեսի վերածել»,- ասում է Նանեն։ 

Գաղափարի իրագործման դժվար ճանապարհի սկիզբը

Սկսնակ ձեռներեցը, սակայն, խնդրի առաջ կանգնեց։ Տարածք էր պետք արտադրամաս հիմնելու համար։ Բավարար ֆինանսական միջոցներ չուներ, գնելու փնտրտուքները ապարդյուն անցան։ 

Չրային կոնֆետների առաջին խմբաքանակները պատրաստել են տնային պայմաններում։ Սակայն, ընդլայնվելու համար պայմաններ էին անհրաժեշտ։ 

C:\Users\user\Desktop\IMG-40d0236d2efaa61549addf3bf041fc82-V.jpg

«Արտադրանքի վաճառքից ստացված գումարները հազիվ հումքի ձեռքբերման և աշխատողների աշխատավարձին էին հերքում, էլ ուր մնաց թե հետ գցեմ՝ տարածքի հարցը լուծելու համար։ Գնելու համար շատ մեծ գումար էր պետք, այդ պատճառով վարձակալեցի մի քանի ամսով։ 

Այնուհետև բարեկամներից մեկը իր տարածքը տվեց ինձ օգտագործելու, մինչև ես կկարողանամ սեփական տարածքը գնել։ Այժմ էլ աշխատում ենք հենց այդ տարածքում»,- ասում է Նանեն։ 

Ասում է՝ աշխատանքը հեշտացավ, ամեն ինչ մեկ տեղում կահավորեց, հարմարավետ պայմաններ ստեղծեց։ 

Արևաշող Մեղրիի «Արևաբույր» չրային կոնֆետներ 

Քաղցր բիզնեսի տիրուհին մոտ 5 տարի է՝ ինչ քաղցրահամ չրերից կոնֆետներ է պատրաստում։ 

«Ընտանիքս բազմանդամ է, բոլորս ներգրավվեցինք այդ աշխատանքում։ Ծանր գործը հայրիկս է կատարում, մնացածը շարունակում ենք մենք՝ ես, մայրիկս, քույրիկս և քրոջս աղջիկը։ Պատրաստում ենք հինգ տեսակի չրային կոնֆետներ»,- «Մեդիալաբին» ներկայացնում է Նանե Սարգսյանը։ 

Քաղցրավենիքի արտադրությունը սկսվում է հումքի մշակումից։ Թարմ միրգը չորացնում են, այնուհետև չիրը վերածում կոնֆետի։ 

«Չիրը էլեկտրական աղացով մշակման է ենթարկվում, որը և հայրիկին բաժին ընկնող գործն է, այնուհետև զանգվածը հատուկ ֆորմաների մեջ ենք տեղափոխում։ Հաջորդ փուլում արդեն արևի շողերի հերթն է։ Ամբողջովին չորացած հումքը շարում ենք սկուտեղների վրա և բերում վերջնական տեսքի։ Ձմռանը բնական արևի ճառագայթների բացը լրացնում են 300 և 150 կգ-անոց էլեկտրական չորանոցները»։

Ֆինանսական ներդրումներ բիզնեսի երիտասարդ տիրուհին ինքնուրույն է կատարել։ Աջակցություն է ստացել՝ դիմելով տարբեր դրամաշնորհային ծրագրերի։ 

«Բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար վարկային կազմակերպություններից եմ օգտվել։ Այժմ էլ ունեմ բիզնես վարկ։ Վերցրել եմ փաթեթավորման անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Մեծ պատվերների դեպքում իմ հումքը քիչ է լինում, և ես պակասը լրացնում եմ մեր տարածաշրջանի ֆերմերներից չիր գնելով, որպեսզի տարին կլոր կարողանամ կոնֆետներ պատրաստել։ Բնականաբար մարդկանց վճարելու համար ևս գումար է անհրաժեշտ»,- ասում է։

C:\Users\user\Desktop\IMG-4e0cc4e9c65169f2311f0a948a3adf20-V.jpg

«Արևաբույրի» վաճառքի աշխարհագրությունը

Նանեն նշում է, որ Մեղրիի արևահամ չրերից պատրաստված կոնֆետները վաճառվում են Հայաստանում՝ Երևանում և տարբեր մարզերում, ինչպես նաև արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և ԱՄԷ։

Նանեի խոսքով՝ անցյալ տարի COVID-ի, պատերազմի պատճառով սահմանները փակ էին, տեղական շուկայում կոնֆետներն ավելի լավ վաճառվեցին, քիչ քանակությամբ արտահանվեց Ռուսաստան։ 

Համեմատության համար նշենք, որ եթե, օրինակ՝ 2018-2019 թթ. մինչև 3 տոննայի արտադրանք էր պատրաստել, 2020-ի այդ թիվը հազիվ հասավ 300-400 կգ-ի։

Ու թեև անցած 2020 թվականը վաճառքի տեսանկյունից բարեբեր չէր քաղցր բիզնեսի համար, Նանեն թևաթափ չի եղել։ 

«Պատերազմի ընթացքում ոչինչ չնախաձեռնեցի։ Սպասում էինք մեր բոլորիս հաղթանակին, բայց ամեն ինչ շատ վատ ավարտ ունեցավ։ Փոքր քանակության վաճառքի գումարը ուղարկեցի հիմնադրամին, ինչպես նաև մեր համայնքից զոհված տղաների ընտանիքներին կարողացա փոքրիկ դրամական միջոցներով օգտակար լինել»,- «Մեդիալաբին» ասում է նա։ 

Կոնֆետները սպառողին են հասցնում ինչպես կիլոգրամով վաճառելով, այնպես էլ՝ հատուկ տուփերում փաթեթավորելով։ Մեծաքանակ պատվերների դեպքում մի խումբ կանանց է ներգրավում աշխատանքում՝ ապահովելով նրանց զբաղվածությունը։ 

Սպառողի կողմից պահանջված են բոված քնջութով պատված և կծու կարմիր պղպեղով համեմված ծիրանաչրային կոնֆետները։ Ինքը՝ Նանեն, ամենաշատը սիրում է կոճապղպեղի չրով կոնֆետը։ Ասում է՝ հետաքրքիր կծվություն ունի։ 

Հաջողության գաղտնիքը և ապագայի հեռանկարները 

«Խորհուրդ կտամ ոչնչից չվախենալ, ռիսկի դիմել, ռիսկը կարևոր է։ Ես դա սեփական փորձից եմ ասում։ Միշտ ռիսկով առաջ եմ գնացել ու չեմ մտածել, որ կարող է վատ լինել։ 

Կարծում եմ՝ համարձակությունը իմ հաջողության գաղտնիքն է։ Ցանկանում եմ առաջատար լինել մեր տարածաշրջանում կոնֆետների բրենդով։ 

Նպատակս՝ ճանաչելի դառնալ աշխարհում։ Ինձ մոտիվացնում են ընտանիքիս անդամները, մենք ամեն ինչ միասին ենք անում»,- ասում է Նանեն։ 

Այդ ուղղությամբ զարգացման ծրագրեր է մշակել։ Արտադրության ծավալները պետք է մեծացնի, արտադրամասը նորոգի, նոր վակուումային սարքավորում ձեռք բերի, ինչպես նաև ստանա էկո-ի Եվրամիության սերտիֆիկատ՝ կոնֆետների անարգել, առանց միջնորդների արտահանում կազմակերպելու համար։ 

«Քանի որ իմ չրային կոնֆետները բոլորը բնական են, փաթեթավորման տուփերում վեց ամսից կարող են նաև խնդիրներ առաջանալ, վակուումային ապարատը ինձ կօգնի, որպեսզի այն երկար ժամանակ պահպանվի խանութներում»,- ասում է նա:

Սահմանային նոր իրավիճակները երիտասարդ ձեռներեց կնոջը չեն հուսահատեցնում։ Ծննդավայր Մեղրին չի պատրաստվում լքել, ընդհակառակը՝ կարծում է, որ պետք է ամրանալ սեփական հողում։

Նելլի Միրզախանյան

MediaLab.am