Ռուբեն Ռուբինյան. կոմս դը Մեղմախոս

ԱԺ նախկին փոխնախագահի որդի, ՔՊ վարչության հիմնադիր անդամ, մեկուսի ԱԳ փոխնախարար և ՔՊ ինտելեկտուալ սուվերենության ակունք Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանական ամբիոնից և փոխնախագահի դիրքից կոչ է անում մեղմախոսության։

Ռուբինյանն առաջարկում է «կապիտուլյացիա» բառը չօգտագործել, որպեսզի չնվաստացնենք Հայաստանը, որպեսզի մեր երեխաներն ու հասարակությունը իրենց պարտված չհամարեն։

Ռուբեն Ռուբինյանը ՔՊ այն երևելիների շարքին է պատկանում, որոնց համար պատերազմը, պարտությունն ու դրա հետևանքները ուղղակի դադարներ էին կորոնավիրուսային տրամաբանությամբ։

Խորհրդարանական պողպատավորները այնպես են խոսում, կարծես տեղի ունեցածը ոչ թե ջախջախիչ պարտություն ու անվտանգության համակարգի փլուզում է եղել, այլ ուղղակի սահմանային միջադեպ՝ անցանկալի ու անսպասելի հետևանքներով։ 

Այսպիսի թեթևաբանությունն իհարկե նախանձելի է, նախանձելի է նաև իրենց կենտրոնացումը սեփական նեղ խնդիրների ուղղությամվ, հատկապես գրպանային հայրենասիրության խորխորատներում կարելի է նախանձելի կենսուրախություն սովորել։

Սովորել, մոռանալ ու ուրանալ անցյալը, սովորել խոսել սուվերենությունից, երկիրը հասցնել պրոտեկտորատի մակարդակի արտաքին ոչնչության, իսկ հետո խորհուրդ տալ կապիտուլյացիայից չխոսել։

Առաջարկել պարտության աչքերի մեջ նայել, բայց չնսեմացնել մեր պետությունը, մեր հանրությանը այդպիսի մեսիջով։ Ռուբինյանն ուզում է, որ մեր սերունդը ապրի պարտված, բայց ոչ հանձնված երկրում։ 

Ինչ խոսք, առավել պրոդուկտիվ ու կառուցողական առաջարկներ կարող են լինել։ Եկեք 44-օրյա պատերազմի արդյունքը համարենք ոչ թե պարտություն, ոչ թե կապիտուլյացիա, այլ տրիումֆ, նրան հռչակենք տրիումֆատոր, ՔՊ-ականներին՝ օվացիոնիստներ, գրենք դա 100 փաստի մեջ, ներառենք կառավարության ծրագրում, և դրանից հետո արդեն Ադրբեջանն իրեն կապիտուլացված կհամարի։

Համարենք, որ պարտության արդյունքում ոչ միայն Արցախի հանդեպ վերահսկողությունն ենք պահպանել, ոչ միայն սեփական զորքերով ենք խաղաղապահ առաքելություն իրականացնում, այլև սեփական սահմաններն ենք կարողանում պաշտպանել, պարզապես չգիտես որտեղից և ինչու՝ մեր բոլոր սահմաններին ռուսական զորքեր ու դրոշներ են։

Կարո՞ղ ենք, չէ, ստեղծել այդ երևութական հայրենիքը, որը կգերազանցի պապյանական Սևրին. արևմուտքում կհասնենք Իսպանիա (Ֆրանսիան կվերցնենք հայկական կեպկի հովանու տակ), հյուսիսում կանգ կառնենք Մոսկվայի մատույցներում, հարավում կվերահսկենք Սուեզի ջրանցքը, իսկ արևելքում։ Արևելքի հարցը մի քիչ բարդ է։ Չինաստան է, Հնդկաստան է։ Լավ, արևելքի նվաճումը կթողնենք հաջորդ երազախաբամոլներին։

Ռուբեն Ռուբինյանը, ուրեմն, առաջարկում է կուրության, ինքնախաբեության ու ծուռ հայելիների թագավորությունում ապրել։ Երբ պատերազմի պարտությունից հետո ՀՀ գրեթե ողջ սահմանը պահպանվում է ռուսական դրոշների սիմվոլիկ ուժով, երբ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» քարոզող ուժը գիշեր-ցերեկ աղերսում է ռուսական ու ՀԱՊԿ զորքերին գալ ու մեր սահմանները պաշտպանել, երբ նոր սահմանների կահավորումը թողնվել է բարենպաստ եղանակային պայմաններին, երբ ՊՆ պաշտոնական խոսափող «Զինուժը» 44-օրյա պատերազմը անվանում է «ռազմական գործողություններ», ապա բնական է, որ քաղաքական անպատասխանատվության ու սուվերեն պրոտեկտորատի պողպատավորներն էլ կառաջարկեն ամեն ինչ թարս անվանել, մեղմել անմեղմելին։

Չօգտագործել «կապիտուլյացիա» բառը այն դեպքում, երբ պատերազմի մեկամյա տարելիցին ընդառաջ դեռ զոհվածների մասունքներ ենք հավաքում՝ թշնամուն ամենօրյա խնդրանք հղելով ու խաղաղապահների հոգածությամբ։ Ինչպես դասականը կասեր՝ պատերազմը պատերազմ չի, եթե ազգիդ կեսին չեն կոտորում, բոլորին չեն ստրկացնում ու ոչնչացնում։ Ուրեմն Ռուբինյանն էլ դասական հայ է, քանի որ մեզ վերջնականապես չեն ոչնչացրել, փշրանքներ են թողել, սիմվոլիկ պետականության նշխարներ են թողել, որ մեզ լավ զգանք ու ՄԱԿ-ում ձայնի իրավունք ունենանք։ 

Ուրեմն կապիտուլյացիա չէ, կապիտուլյացիան ուրեմն ԱԺ փոխնախագահի համար Ճապոնիայի կամ Գերմանիայի կապիտուլյացիան է, իսկ մերն ինչ անվանենք։ Օրինակ` «սիրելի» Արծրունը անվանում է տակտիկական նահանջ, որը թերևս նրա համար է միայն մեկնելի, վարչապետն էլ, խոսելով պատերազմի մասին, նշում էր, որ, ըստ էության ,տրամաբանությունը փոխվեց։

Փաստորեն կարող ենք կապիտուլյացիայի փոխարեն անվանել տրամաբանության փոփոխություն, տրիումֆալ նահանջ կամ նահանջ առանց գրպանածախսի, նահանջ քաջաց կամ նահանջ բյուրոցի պատմական ուղիների որոնում։ Չէ՞ որ եթե կապիտուլյացիա չէ, ապա կարելի է Ռուբինյանի ու գործընկերների գրպանի ծախսն ավելացնել, կարելի է մի փոքր խմբի կյանքի պայմանները բարելավել, իսկ սերնդին խրախուսել իրենց պարտված չհամարել։

Կարելի է իրենց համեմատել Մամիկոնյան Վարդանի հետ՝ երիցս ապացուցելով, որ ոչ պետականաշինությունից են գլուխ հանում, ոչ էլ, առավել ևս՝ պատմությունից։ Չէ՞ որ Վարդանն էլ անիմաստության պայքարի ու սեփական փառասիրության զոհը դարձավ՝ ձեռքի հետ էլ կոտորելով հայկական զորքի մի ահռելի մասին։

Իսկ հայերը, ինչպես միշտ, սպասում էին դրսից միջազգային հանրության օգնությանն ու խուսափում իրականությանը առերեսվելուց։ Միայն թե հոներին փոխելու եկան ռուսները, ֆրանսիացիները կամ, լավագույն երևակայության դեպքում՝ կանադացիները։

Եվ ուրեմն, հայոց քաղաքական մտքի կոմս Ռուբիոն բարոյական հաղթանակի քարոզիչն է, որ եթե թշնամու զորքերը Էջմիածին չեն հասել, բոլորին չեն կոտորել ու թալանել, ապա Ջաբրայիլի պարտությունը կարելի է բարոյական հաղթանակ համարել։

Հենց այդ կաղմիտ, երկերեսանի ու անպատկառ տրամաբանությամբ է առաջարկվում մոռանալ կապիտուլյացիան՝ մոռանալով, որ բառերը գրականության մեջ մոգական ուժ ունեն, դրանք ո՛չ Սոթք-Խոզնավար սահմանագիծը կարող են կահավորել, ո՛չ էլ մյունխենյան թեզիսները կյանքի կոչել։ 

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am