Եթե 30 տարի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները արդյունք չենք տվել, չի նշանակում, որ հարցը պետք է լուծել միմյանց կրակելով․ Պուտին

Այսօր Վալդայ ակումբի քննարկումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Արցախում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և մի քանի կարևոր հայտարարություններ արել։

Նախ նա նշել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը ունեն բազմաթիվ զոհեր, որոնց թիվը երկու կողմերում էլ հասնում է 5000-ի։ Այնուհետև նա ընդգծել է, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում երկու երկրների ղեկավարների հետ։

«Որևէ երկիր այնքան հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղում խնդրի լուծմամբ, որքան Ռուսաստանը։ Շատ կցանկանայինք, որ կոմպրոմիս գտնվեր, ես օրական մի քանի անգամ խոսում եմ երկու երկրների ղեկավարների հետ», հայտարարել է նա։

Անդրադառնալով հակամարտության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումներին, ՌԴ նախագահը ընդգծել է․ «Էրդողանի և մեր դիրքորոշումները այս հարցի շուրջ տարբեր են, չեն համընկնում»։

Մյուս կարևոր ընդգծումը, որ արել է ՌԴ նախագահը վերաբերում է պատմական իրադարձություններին․ «Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում և հետո Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ»։

Նաև հավելել է․ «Եթե 30 տարի բանակցությունները արդյունք չենք տվել, չի նշանակում, որ հարցը պետք է լուծել միմյանց կրակելով»