Լուսանցքից այն կողմ. ՄԻԱՎ-ով ապրող վանաձորցի կինը պնդում է, որ խտրական վերաբերմունքը միայն նպաստում է վարակի տարածմանը

Լուսանցքից այն կողմ. ՄԻԱՎ-ով ապրող վանաձորցի կինը պնդում է, որ խտրական վերաբերմունքը միայն նպաստում է վարակի տարածմանը
Լուսանցքից այն կողմ. ՄԻԱՎ-ով ապրող վանաձորցի կինը պնդում է, որ խտրական վերաբերմունքը միայն նպաստում է վարակի տարածմանը

Արդեն 14 տարի ՄԻԱՎ-ով ապրող Արմենուհի Ասատրյանը (անուն-ազգանունը փոխված են) Լոռու մարզի 28 կանանցից մեկն է, ում հիվանդությունը բացահայտված է:
11 (2000 թվականին) տարի առաջ, երբ Արմենուհու ամուսինը հիվանդացավ դեղնախտով, կնոջ սիրտը հուշեց, որ հիվանդությունն ավելի խոր արմատներ ունի:
Ուկրաինայում, որտեղ տեղափոխվել էին ամուսնությունից 2,5 տարի հետո, ամուսնության հաջորդող 4 տարիների բոլոր առավոտները լուսանում, իսկ երեկոները մթնում էին նույն հույսով, որ ամուսինը թմրամիջոց ընդունած չլինի: Հիասթափությունների 4 տարիներից հետո հետազոտությունը ցույց տվեց, որ Արմենուհու ամուսինը հիվանդ է ՁԻԱՀ-ով:
22 տարեկան էր, երբ իմացավ, որ հիվանդ է. «ՄԻԱՎ-ն ինձ ուժեղ դարձրեց: Հիվանդության մասին իմանալուց հետո կառչում ես կյանքից, ամեն օրն ապրում ես այնպես, ոնց որ էդ քո վերջին օրն է»:

Հիվանդության մասին իմանալուց մեկ ամիս հետո վերադարձան Հայաստան. «Այն ժամանակ այնտեղ հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում չկար, մենք էլ քաղաքացի չէինք, իսկ Հայաստանում Արմենիկումի բումն էր: Մտածեցինք՝ գնանք, Հայաստանում բուժում ստանանք»,- ասում է Արմենուհին:

6 տարի շարունակ Արմենուհին մտածում էր մի անգամ ռուսական մի թերթում կարդացած ՀՌՎ բուժումն անցնելու մասին ու միայն 2006 թվականին ՄԻԱՎ-ով հիվանդ մի տղայի հետ խոսելուց հետո որոշում է ընդունել ՀՌՎ դեղամիջոցն ու կյանքը նոր էջից սկսել:

Դեղերն ստանում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից՝ ամիսը մեկ, իսկ 6 ամիսը մեկ անգամ էլ ախտորոշիչ հետազոտություն է անցնում:

1988-ից մինչ օրս Լոռու մարզում գրանցվել է ՄԻԱՎ-ի 92 դեպք: Գրանցված դեպքերի թվով մարզը երրորդ տեղում է Երևանից ու Շիրակի մարզից հետո: Մարզում արձանագրված ՁԻԱՀ-ի 45 դեպքից 27-ը մահվան ելք է ունեցել:

Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 727 մարդ (71,8 տոկոս), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 285 դեպք (28,2 տոկոս):

ՄԻԱՎ-ով հիվանդ 28 կին և 5 երեխա ներկայումս բնակվում են Լոռու մարզում, ովքեր հաճախ խտրական վերաբերմունքի են արժանանում: Արմենուհին հիշում է հարևանին, ով, իմանալով իր հիվանդության մասին, միշտ նույն ծայրը թռած բաժակով էր իրեն սուրճ հյուրասիրում:

Բնակչությանն իրազեկելու, մարզում առկա խտրականությունը վերացնելու համար իշխանության ներկայացուցիչները ոչինչ չեն անում. «Իշխանությունը ոչ մի բան էլ չի անում, մոռանում են, որ ամեն մարդ կարող ա հիվանդանալ»:

Նա համոզված է` իրազեկության պակասն ու դրանից ծնվող խտրական վերաբերմունքը նպաստում են վարակի տարածմանը:

«Այն մարդը, ով գիտի՝ իրեն քարկոծելու են, խտրական են վերաբերվելու, երբեք չի ասի դրա մասին, անգամ կգնա ատամնաբուժարան՝ առանց ասելու: Դա բերելու է նրան, որ մյուսներն էլ վարակվեն»,- ասում է Արմենուհին, ով ինքն էլ ատամնաբույժին չի զգուշացնում իր հիվանդության մասին:

Մինչդեռ վերջին տարիներին նկատվում է հիվանդացածության դեպքերի թվի աճ: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` 1988-ից մինչև 2011-ի մարտի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1012 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 148-ը` անցյալ տարի:

Խտրականությունից ազատվել ու սրտացավ վերաբերմունքի Արմենուհին արժանացել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում: ՀԿ Լոռու մարզի մասնաճյուղի 16 շահառուներից 5-ը կանայք են, 11-ը` տղամարդիկ:

Բոլոր 11 տղամարդիկ էլ վարակվել են արտերկրում, հիմնականում` ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, արտագնա աշխատանքի ժամանակ, ի դեպ, այժմ էլ նրանք արտագնա աշխատողներ են: Կանայք վարակվել են ամուսիններից:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` Լոռու մարզում, ըստ վարակի փոխանցման, թմրամիջոցների ներերակային օգտագործման ուղին ՄԻԱՎ-ով վարակվելու երկրորդ հավանական ճանապարհն է: Ամենատարածված ուղին հետերոսեքսուալ կապերն են:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից «Մեդիալաբին» տեղեկացնում են, որ ՄԻԱՎ-ի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագրվել է վերջին 4, իսկ ՁԻԱՀ-ի դեպքերի կեսից ավելին` վերջին 3 տարիների ընթացքում.

«ՄԻԱՎ-ի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Դեր է խաղում նաև այն, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության համակարգ է ստեղծվել»:

Դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ-ի ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան:

Արմենուհին կարծում է, որ եթե իրենք արտերկրում չապրեին, ամուսինը չէր տարվի ներերակային ճանապարհով թմրամիջոցներ ընդունելով, ու կյանքն էլ այլ հունով կընթանար:

Այդուհանդերձ, հաշտվել է իր ճակատագրի հետ. «Ամեն մարդ կարող ա մի հիվանդություն ունենա, իմը էս ա: Ես երբեք չեմ մտածում՝ վա~յ, ինչ վատ հիվանդություն ա ՄԻԱՎ-ը, միշտ ասում եմ՝ ավելի լավ ա ՄԻԱՎ, քան ուռուցք»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am