Արամ Զավենի Սարգսյան. վազգենյան ուղու ձախողակը

Ընտանիքը քաղաքական կատեգորիա չէ։ Այս պարզ, բայց միաժամանակ հակասական ու պետականաքանդ վարակը միշտ էլ ուղեկցել է նորանկախ պետություններին ու դրանց քաղաքական գործիչներին։ 

Հայաստանի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են եղբայրները, փեսաներն ու խնամիները, հարսներն ու սանիկները, որոնք այս կամ այն կերպ հաջողության են հասել շնորհիվ իրենց արյունակցական կապերի։ 

Այսօրվա մեր հերոսի կենսագրությունը զուրկ չէ այդ, առաջին հայացքից՝ բնական, բայց արատավոր տրամաբանությունից, տրամաբանություն, որ հիմքն է կլիենտիզմի ու հովանավորչության, իշխանության սեփականացման ու ժողովրդի իշխանության սահմանափակման։ 

Հետանկախ Հայաստանի 9-րդ վարչապետը իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է ՀՀ գյուղատնտեսության կենտրոն՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։ 

Բազմազավակ ընտանիքի կրտսեր որդին է եղել՝ միշտ գտնվելով մեծ եղբայրների հոգածության ներքո։ Արվեստի հանդեպ սեր ունենալով՝ 1979-81 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի թիվ 8 ուսումնարանում։ 1981-83 թթ. ծառայել է խորհրդային բանակում, ապա վերադառնալով բանակից՝ ընդունվել և ավարտել է պոլիտեխնիկական համալսարանը՝ ճարտարագետ-շինարարի մասնագիտացմամբ։ 

Ղարաբաղյան շարժման թեժ տարիներից սկսած մինչև 93 թվականը մեր բարեկամն աշխատել է հայրենի Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» գործարանում և տպավորիչ կարիերա է ունեցել՝ տասնապետից (Десятник) դառնալով գլխավոր ճարտարագետ։ 

Իմ ճանաչած բոլոր «դեսյատնիկները» գլուխ գովելու նախանձելի հավես ունեն։ Գլուխ գովելու մրցաձևում նրանք թերևս զիջում են միայն Ադլերում բիզնեսը թողած տաքսիստներին։

1993-1998 թթ. շարունակում է իր սրընթաց աշխատանքային կարիերան «Արարատցեմենտ» միավորումում՝ տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, վարչական տնօրեն, տնօրեն, գլխավոր տնօրեն, գլխավոր տնօրենի տնօրեն… 

Լավ, շփոթվեցինք արդեն տնօրենների բազմույթում: Ինչպես նկատեցիք, լինելով Արարատի մարզի Արարատ գյուղից՝ մեր բարեկամի կարիերայի սրընթաց աճը համընկնում է մեկ այլ հայտնի արարատցու՝ նախկին Դավալու, Վազգեն Սարգսյան քաղաքական ու ռազմական գործչի վերելքի հետ։ 

Այո՛, այսօրվա մեր հերոսը լուսահոգի վարչապետ, պաշտպանության նախարար և սպարապետի կրտսեր եղբայրն է՝ Արամ Զավենի Սարգսյանը։ 

Եղբոր քաղաքական վերելքի ընթացքում Արամ Սարգսյանը հեռու էր քաղաքական-պետական կառավարումից և զբաղեցնում էր «Արարատցեմենտի» տնօրենի պաշտոնը։ 

1999 թ. եղերական իրադարձություններից հետո, երբ գլխատվում է երկրի բարձրագույն ղեկավարությունը, երբ երկիրը կանգնում է քաղաքացիական պատերազմի շեմին, երբ նորընտիր կաթողիկոսը շոկից ու վախից չի կարողանում խոսքեր արտաբերել, երբ Երկրապահ կամավորականների միությունը արյուն էր տենչում իրենց սպանված առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանի վրեժը լուծելու համար, գտնվում է խաղաղության ու հաշտության աղավնին՝ Արամ Զավենի Սարգսյանը։ 

Վերջինս դառնում է ՀՀԿ-ական (1999-2001), առաջադրվում վարչապետի պաշտոնում և խաղաղեցնում իրավիճակը։ 

Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո նրա մերձավոր շրջապատը՝ ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյան, գեներալ Մանվել Գրիգորյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, հարկադրում են նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՆԳ նախարարի պաշտոնից ազատել Սերժ Սարգսյանին, վարչապետի պաշտոնում նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին։ 

Հարկավ, լինելով քաղաքականապես բացառիկ անտաղանդ գործիչ, Արամ Սարգսյանը չի կարողանում միավորել ընդդիմությանը ընդդեմ Քոչարյան-Սարգսյան զույգի, կորցնում է Վազգեն Սարգսյանի հիմնական դաշնակիցներից Մանվել Գրիգորյանին և նույնիսկ սեփական դասարանցուն՝ Բորիս Նազարյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելով՝ չի կարողանում բացահայտել կամ նույնիսկ մոտենալ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը։ 

Արդյունքում՝ Ռոբերտ Քոչարյանը, վերադասավորելով ուժերը, կարողանում է հասնել վարչապետ Արամ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, կարճ ասած՝ վազգենական ռազմաքաղաքական էլիտայի հրաժարականին։ 

Գլխատվելով ու թուլանալով՝ Քոչարյանին է ենթարկվում նաև Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի խորհրդարանական խմբակցությունը՝ «Միասնություն» դաշինքը։ 

Կարճաժամկետ ու անփառունակ վարչապետությունից հուշ մնաց նրա աջակցությունը ազատ մամուլին՝ ի դեմս Սաթիկ Սեյրանյանի։ 

Հիշեցնենք, խոսքը 2000 թ. մարտի 22-ին ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին է, որը կազմակերպելու համար մեղադրվեց, ապա և 14 տարվա ազատազրկման դատապարտվեց ԼՂՀ պաշտպանության բանակի այն ժամանակ արդեն նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ 

Սաթիկ Սեյրանյանը մահափորձից առաջ Արկադի Ղուկասյանի հետ շփված վերջին մարդն է եղել, և իրավապահները կասկածներ են ունեցել, որ նա տեղեկություն է փոխանցել մահափորձի կազմակերպիչներին, և ձերբակալել էին նրան: 

Ազատ են արձակել միայն վարչապետ Սարգսյանի և նրա հավատարիմ թիմակից, այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջամտությամբ։ 

Արամ Սարգսյանը որպես վարչապետ պաշտոնավարեց 7 ամիս և պաշտոնից ազատվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ունեցած առճակատման պատճառով՝ ՀՀԿ-ական մեծամասնության քաղաքական դավաճանության արդյունքում։ 

Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո վերադարձավ բիզնես գործունեությանն ու շարունակեց աշխատել «Արարատցեմենտի» տնօրեն, իսկ 2003 թ. «Արդարություն» դաշինքով՝ Ստեփան Դեմիրճյանի, Վազգեն Մանուկյանի, Արամ Գասպարի Սարգսյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի, Ալբերտ Բազեյանի ու այլոց հետ ընտրվեց պատգամավոր։ 

3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորությունը Արամ Սարգսյանի վերջին քաղաքական հաջողությունն էր։ 2003 թ. նաև նախագահի ընտրություններում աջակցել է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությանը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ 

2005-ից էլ Ալբերտ Բազեյանի հրաժարականից հետո դառնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը և հետագայում արդեն՝ 2008-ին, մասնակցում Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական քարոզարշավին։ 

Լինելով նախագահական մոդելի կողմնակից ու խորհրդարանական համակարգը համարելով դանդաղ ու անտեղին Հայաստան իրականության համար, այնուամենայնիվ, 2012-ին կրկին մասնակցեց խորհրդարանի ընտրություններին, այս անգամ՝ Հայ ազգային կոնգրեսի ցուցակով, դարձավ պատգամավոր, սակայն հրաժարվեց մանդատից։ 

2015-ի Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի-Ծառուկյան բուրժուադեմոկրատական հեղափոխությանը չաջակցեց՝ Ծառուկյանին համարելով քոչարյանական սատելիտ ու, ըստ էության, կանգնելով Սերժ Սարգսյանի քաղաքական օրակարգի կողքին։ 

Հայտարարելով, որ ինքը պատրաստ է հեղափոխության զինվորը դառնալ, բայց առանց հեղափոխականության ու «Ավրորա» հածանավի և հավելելով, որ նախագահի պաշտոնը այս երկրի միակ պաշտոնը չէ։ 2017-ի խորհրդարանի ընտրություններին արդեն Արամ Սարգսյանը իր «Հանրապետությամբ», Էդմոն Մարուքյանը իր «Լուսավոր Հայաստանով» և Նիկոլ Փաշինյանը իր «Քաղաքացիական պայմանագրով» կազմավորեցին «Ելք» դաշինքը, անցան խորհրդարան և դարձան ընդդիմություն։ 

Հարկ է նշել, որ այդ հինգ տարիները բավականին դրական ազդեցին Արամ Սարգսյանի կրթական ցենզի վրա։ Նա սկսեց ավելի կառուցիկ մտքեր արտահայտել, քան՝ «Բարև ձեզ, Աստծո բարին ձեզ, սիրելի՛ ժողովուրդ» նախաբանն էր։ 

2018-ի թավշյա հեղափոխության օրերին արդեն Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը չհավատացին Նիկոլ Փաշինյանի սկսած շարժմանը, հրապարակայնորեն չեզոքություն պահպանեցին և, ըստ էության, դուրս մնացին հեղափոխություն իրականացնողների և հետագա շահառուների ցուցակից։ 

2018 թ. դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին արդեն Արամ Սարգսյանը Խաչիկ Քոքոբելյանի հետ ստեղծեց «Մենք» դաշինքը, սակայն չանցավ խորհրդարան։ 

Հիմա արդեն Արամ Սարգսյանը կրկին միայնակ է գնում խորհրդարանական ընտրություններին իր «Հանրապետություն» կուսակցությամբ՝ հիմնականում խոսելով տնտեսական օրակարգից, հանքեր բացելուց, նախկինների վերադարձը կանխելուց ու հակառուսական ուղուց։ 

Վահրամ Թոքմաջյան եւ ընկերներ

MediaLab.am