Քաղաքացու օր․ 124 միլիոն դրամ քաղաքացիական մատաղի՞ն

Քաղաքացու օր․ 124 միլիոն դրամ քաղաքացիական մատաղի՞ն
Քաղաքացու օր․ 124 միլիոն դրամ քաղաքացիական մատաղի՞ն

Կառավարությունը 124 միլիոն դրամ (258 հազար դոլար) է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար։
Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչի՛ մասին է խոսքը։

Քաղաքացուն տեսնում եմ, այնպես չէ, որ չեմ տեսնում։ Բայց այնքան խնդիրներ եմ տեսնում, որոնք մոտավորապես այդքան գումար են ուզում ու չեն կարողանում ստանալ։ Հարցն այն է, որ կառավարությունն արդեն նախկիններին բնորոշ մի սխալ է անում։ Նախկինները տոնախմբությունների մեջ խեղդում էին մարդուն, որին ոչնչով չէին ուզում օգտակար լինել։ Ներկաներին չուզելու մեջ մեղադրելը չի հասկացվի։ Բայց, տղե՛րք, փաստորեն էդքան փող կա, որը կարող է ինչ-որ մեկի համար տուն դառնալ, ինչ-որ գյուղի ջրագիծ, ճանապարհ։

Հասկանո՞ւմ եք որտեղ է խնդիրը։ Ցանկացած իշխանություն տոնախմբությունների միջոցով փախչում է այն խնդիրներից, որոնք շոշափելի են։ Տոնախմբությունները օդ են, դրանք հենց նշելով են դառնում շոշափելի, իսկ մինչև նշելը չկան։

Քաղաքացու օրվա դեմ անձամբ ես ոչինչ չունեմ։ Բայց գուցե համբերենք էդ օրն իր «ոտքերով» կայանա՞։ 258 հազար դոլարը, որտեղից էլ այն վերցրած լինեք, կա փաստորեն։

Քաղաքացիական նվաճումդ ո՞ւր է. ցո՛ւյց տուր, հետո նոր տոնախմբության վերածիր օրդ: Քո չկեղծված ընտրությունը քաղաքացիականության նվաճումը չէ, այլ` իշխանության քաղաքական կամքի: Քաղաքացու նվաճումը կլինի հաջորդ չկեղծված ընտրությունը։ Քաղաքացին ներքևից դեռ չի բարձրացել իր հասակին հավասար: Նա դեռ պետք է վերանվաճի ինքն իրեն, այսինքն՝ հակադրվի քեզ: Առայժմ քո հանդեպ վստահությունը լցված է նախկինների հանդեպ նյարդային անվստահությամբ, որը հասկանալի է և ընդունելի: Մինչդեռ քեզանից սկսվող վստահության սանդուղքները չկան:

Քաղաքացին ամբողջ ձգվածությամբ դեռ չի կանգնել իր երկրի մեջ։ Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ երիտասարդ մաքսավորի հետ, որի աշխատասենյակում գետնին չընկած դրոշ հայտնաբերվեց:

Այս երկրի ցավերը չափազանց շատ են դեռևս էդ ցավերին չվերաբերող 258 հազար դոլարանոց տոնախմբության համար: Ոչ ոք չի ասում՝ էդ փողը բաժանեք քաղաքացիներին։ Ու գիտենք, որ բոլոր խնդիրների համար էլ պահուստային ֆոնդից գումար կգտնվի։

Խնդիրն այլ տեղ է։ Ոչ ոք չգիտի, թե ինչո՛վ է «ուտվում» Քաղաքացու օրը։ Իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ կարգին չեն կարողանում պարզաբանել, թե հատկապես ինչպե՛ս է նշվելու, ի՛նչն է կարևորվելու այդ օրը, որո՛նք են Քաղաքացու օրվա խորհրդանիշները և այլն։

Արդեն այստեղ ու այնտեղ խոսում են այն մասին, որ մարդիկ իրենց փողոցներում խորոված կսարքեն ու այդպես կնշեն տոնախմբությունը։ Գուցե խորովածի գաղափարը վատը չէ։ Բայց դա ավելի շատ կարող է հիշեցնել մատաղի արարողությունը, որը, ի դեպ, կրոնական է և ամենևին ոչ քրիստոնեական։

Թե՞ խորովածն էլ մեր քաղաքացիական մատաղն է ի նշան այն բանի, որ հեղափոխության ժամանակ կարող էին զոհեր լինել, բայց չեղան։

Երբ այդքան գումար եք հատկացնում իր էությունն ու բնույթը որևէ կերպ չարտահայտած Քաղաքացու օրվան, ուրեմն ձեր բառապաշարից պետք է դուրս գա «փող չկա» արտահայտությունը։

Ուղղակի։

Առանց քննարկելու։

Ոչ թե ասեք, թե որ դեպքում կա և որ դեպքում չկա, որ դեպքում է խնդիրն ավելի շատ փող ուզում և որ դեպքում չի ուզում։ Մարդիկ հեղափոխության առողջություն ունեին, բայց վստահ չեմ, թե նրանք նույնքան առողջություն ունեն տեսնելու, թե ինչպե՛ս է հեղափոխությունը խժռում քաղաքացու այդպես էլ չունեցած փողերը։

Օրը թող լինի հենց այսօր, ոչ մի խնդիր։ Բայց հասունացրե՛ք օրը, ինչպես ժամանակին անկախության զգացումն է հասունացել։

Մհեր Արշակյան

MediaLab.am